Ժողովրդավարություն ասելով, երեւի, ժողովրդին վարի տալ նկատի ունեն

Ժողովրդավարություն ասելով, երեւի, ժողովրդին վարի տալ նկատի ունեն

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օր-օրի ավելանում է, իսկ վարչապետ Փաշինյանը միջազգային հարթակներում շարունակում է խոսել ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից: Մինչ Արևմուտքում Նիկոլ Փաշինյանին հոտնկայս ծափահարում են, նա շարունակում է ընդդիմության շրջանում «վհուկների» որս իրականացնել` փորփրելով, թե նրանցից ով ինչ գրառում է արել Ֆեյսբուքում կամ ամիսներ առաջ ինչ ելույթ է ունեցել հրապարակում, եւ «բռնության կոչի» անվան տակ քրեական գործ հարուցել ու կալանավորել նրանց: Քրեական օրենսգրքում ներմուծված նոր ու նենգ հոդվածը` «Բռնության կոչերը», կիրառվում է բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: Բոլորովին վերջերս այդ հոդվածով կալանավորվեց նաեւ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Զրուցել ենք ռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, ով Արագած Ախոյանի և այլ գործիչների հետ տարիներ առաջ հիմնադրել էր «Հայահավաք» նախաձեռնությունը: Ի դեպ հենց այս նախաձեռնության պատճառով փաշինյանական ռեժիմը նախաձեռնության անդամներից մի քանիսի դեմ քրեական գործ է հարուցել, Արշակ Զաքարյանը ևս նրանց շարքերում է:

- Հայաստանում, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան այսօր, նրանց մի մասը կալանավորվել է ֆեյսբուքում իբրև թե բռնության կոչեր անելու համար: Ի՞նչ ասել է բռնության կոչ անել:

- Այս ռեժիմը ռեպրեսիաներ է իրականացնում: Մեզ արդեն մի քանի տարի է դատում են: Մարդիկ լուռ կողքից սպասում են, թե երբ է հերթն իրենց հասնելու: Ռեպրեսիաներն այնպես չէ, որ միայն ռեժիմի դեմ պայքարողների վրա են ազդում, այն տարածվում է բոլորի վրա: Վաղն էլ մարդկանց թարս նայելու համար են կալանավորելու: Այլ բնութագիր չենք կարող տալ: Հայաստանը դառնում է ոստիկանապետություն: Ոստիկաններին փող բաժանելով իրենց վախերն են փորձում փարատել, արդյունքում ռեպրեսիաներով մարդկանց ճնշում են, որպեսզի ոչ մի պարագայում չպայքարեն, վեր ընկնեն իրենց տեղերում, ինչպես այսօր շատերն են վեր ընկած, այդքան մի բան…. Ի՞նչ է արել Ախոյանը, որ կալանավորեցին, ո՞ւմ է ինչ-որ քայլի դրդել: Նրան էլ մեզ հետ միասին արդեն երեք տարի է դատում են: Արագած Ախոյանի նման մարդկանց կալանավորելով փորձում են վախեցնել մյուսներին, որ ոչ մի պարագայում չխոսեն:

- Ո՞րն է բռնության կոչը` Ձեր կարծիքով:

- Եթե ես այսօր ասեմ, որ Սաֆարովին պետք է սատկացնել ինձ նիկոլական օրենքով կդատեն: Եթե ասեմ, որ պետք է Ալիևին էլ սատկացնեն, կրկին ինձ կդատեն: Այսինքն` եթե մեր օրերում թուրքին բան ես ասում, դատվում ես, Արմեն Գրիգորյանի դեպքը վառ օրինակ է: Մի բառի համար մարդուն սպանեցին: Էլ ի՞նչ բնութագիր կարող ենք տալ այս ամենին: Նեոբոլշևիկյան ռեժիմին բնորոշ քայլեր են: 37 թվականի մինի տարբերակն է, որն ընդլայնվելու է, չկարծեք, թե միայն խնդիրն ընդդիմադիրներն են, նրանց հարցերը լուծեն վերջացնեն, անցնելու են նույնիսկ իրենց ձայն տված քաղաքացիներին: Հեծած քշում են որոշ մարդկանց:

- Փաշինյանն ասում ` Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է:

- Ժողովրդավարություն ասելով, երևի ժողովրդին վարել նկատի ունեն, կամ վարի տալ: Վար ասելով, երևի այլ բան են հասկանում իրենք:

- «Հայահավաք» նախաձեռնության շրջանակներում Ձեր և էլի այլոց դեմ քրեական գործեր էին հարուցվել, ի՞նչ ընթացքում է այժմ այդ գործը:

- Երեք տարի է դատվում ենք, ուղղակի քանի որ անկուսակցական ենք, մեր մասին քիչ են խոսում, բայց մեզ դատում են ամենածանր հոդվածներից մեկով` 15 տարվա ազատազրկում է հասնում: Մեղադրում են իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի և այլ ապուշությունների համար, բայց իրականում պատճառը ցույց անելն է: Նույն գործի շրջանակներում դատվում են Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը, Արագած Ախոյանը, Վահագն Չախալյանը….

- Դա խանգարո՞ւմ է ձեզ այսօր պայքարի դուրս գալ:

- Մենք չենք դադարել պայքարը: Ամեն ինչ արվում է մեզ լռեցնելու համար` Արագած Ախոյանը վառ օրինակ, սակայն մենք պայքարում ենք: Պայքարը միայն փողոց դուրս գալով չէ, մենք չենք լռում: Ազգին գերությունից պետք է ազատել: