Շուշիի միջոցառման բոյկոտը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի իշխանություններին ծառայություն մատուցելու էժանագին միջոց

Շուշիի միջոցառման բոյկոտը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի իշխանություններին ծառայություն մատուցելու էժանագին միջոց

Հայաստանի իշխանությունը որոշել է ձեռք մեկնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանություններին՝ հուսալով, որ կարող է ակնկալել փոխադարձություն: Երեկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի այցելելու հրավերը մերժելը: Օգոստոսի 27-ին Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական միջոցառումն են կազմակերպել, որին հրավիրել են այդ երկրում հավատարմագրված դեսպաններին: ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են մեկնել այդ միջոցառմանը, ինչին բացասական է արձագանքել ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը երեկ բարձր է գնահատել այդ քայլը: Ըստ ԱԳՆ խոսնակի՝ նման քայլը ցույց է տալիս այդ երկրների դիրքորոշումը, «որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ` հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»:

Նախ՝ այս հայտարարությամբ Հայաստանի ԱԳՆ-ն անիմաստ վիրավորում է մյուս երկրներին, այդ թվում՝ մեզ բարեկամ եւ դաշնակից, որոնց դեսպանները մասնակցել են այդ միջոցառմանը: Ստացվում է, որ եթե Իրանի, Ռուսաստանի կամ Վրաստանի դեսպաններն այցելել են Շուշի, այդ երկրները «խորքային պատկերացում» չունեն հակամարտության վերաբերյալ: Իսկ ի՞նչ հիմքով նրանք պետք է հրաժարվեին հրավերն ընդունելուց, եթե Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, Շուշին անվանում է դժգույն եւ դժբախտ քաղաք, որը մեզ պետք չէ: Հիմա հակամարտության մասին մակերեսային պատկերացում ունեցողը Հայաստանի իշխանությո՞ւնն է, թե՞ այն երկրների դեսպանները, ովքեր այցելել են Հայաստանի իշխանության համար անպետք, իսկ Ադրբեջանի իշխանության կողմից խիստ կարեւորվող եւ գնահատվող Շուշի: 

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի գործող իշխանություններն իրենց երկրների ներսում կանգնած են ներքաղաքական լուրջ խնդիրների առաջ: Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նախագահ Մակրոնի հեղինակությունն էապես նվազել է: Մակրոնի կուսակցությունը հատկապես քիչ ձայներ ստացավ Ֆրանսիայի հարավում, որտեղ մեծ է հայկական սփյուռքի դերը: Մակրոնը հիմա ամեն ինչ անելու է հայերին իր կողմը գրավելու համար, ցույց տալու, որ իր իշխանությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանին եւ հայերին: Դրա դրսեւորումներից մեկն էլ ադրբեջանական հրավերը ֆրանսիական դեսպանի կողմից բոյկոտելն է, որն Արցախին եւ արցախահայությանն իրականում ոչինչ չի տալու, բայց ջերմացնելու է հայրենասեր հայերի սրտերը Ֆրանսիայի իշխանությունների նկատմամբ: Նույն իրավիճակն է ԱՄՆ-ի պարագայում: Նոյեմբերին տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Բայդենի ներկայացրած Դեմոկրատական կուսակցությունը փորձելու է պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում եւ հավասարակշռությունը Սենատում: Մինչդեռ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Բայդենի վարկանիշը գնալով ընկնում է: Ամերիկահայ համայնքի ձայները կարելի է շահել միայն Հայաստանի եւ Արցախի հարցում ինչ-որ ցուցադրական քայլեր կատարելով, օրինակ՝ Բաքվում ԱՄՆ դեսպանին Շուշի չուղարկելով: 

Բայց բավարար չէ, որ ԱՄՆ դեսպանը Շուշի չգնա. պետք է, որ դրա նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտի ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը, ընդհակառակը՝ այդ քայլը բարձր գնահատի: Մի խոսքով, պետք է դեսպանների բոյկոտից հայ-ադրբեջանական շոու սարքել՝ կարեւորելով այդ բոյկոտը: Իրականում ո՛չ ԱՄՆ-ն եւ ո՛չ էլ Ֆրանսիան երբեւէ կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առավել եւս՝ Շուշիի ադրբեջանական լինելը, եւ դեսպանների Շուշի գնալ-չգնալը որեւէ կերպ չի ազդելու այդ երկրների ու Բաքվի հարաբերությունների վրա:

Մյուս երկրներում եւս հայկական համայնքներ կան, բայց դրանց ազդեցությունն այդ երկրների ներքաղաքական կյանքում փոքր է եւ ոչ այդքան կարեւոր: Ամենամեծ հայկական համայնքը Ռուսաստանում է: Իսկ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները 2024 թվականին են: Պատերազմի պայմաններում դրանք կարող են ընդհանրապես տեղի չունենալ, եւ հավանական է, որ Պուտինը կհռչակվի հավերժ նախագահ, քանի որ նա Արեւմուտքի համար այլեւս ոխերիմ թշնամի է, իսկ ռուսները չեն կարող նրան հանձնել: Բացի այդ, Ռուսաստանում ոչ թե հայկական կամ այլ էթնիկ համայնքն է որոշում, թե ով պետք է լինի իշխանություն, այլ իշխանությունն է որոշում` ում օգտին քվեարկի համայնքը: Իրականում հայ համայնքի տեսակարար կշիռն այնքան մեծ չէ, որ ինչ-որ ազդեցություն ունենա ընտրությունների վրա, իսկ Վրաստանում ադրբեջանական համայնքն ավելի մեծ եւ ազդեցիկ է հայկականից, այնպես որ՝ վրացական իշխանության համար իմաստ չունի հայերին սիրաշահելու հաշվին նեղացնել ադրբեջանցիներին:

Ամենավատն այն է, որ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայկական համայնքների համար սարքված այս ներկայացմանը մասնակից են դառնում նաեւ Հայաստանը եւ ՀՀ քաղաքացիները: Փաշինյանի իշխանությունը, որը զրկվել է սեփական քաղաքացիների աջակցությունից, հույսը դրել է բացառապես արտաքին քաղաքական օժանդակության վրա: Եվ Փաշինյանն ու ԱԳ ղեկավար Միրզոյանը հույս ունեն, որ իրենց դժբախտ ու դժգույն իշխանության գոյությունը երկարաձգելու միակ միջոցը նման էժանագին բեմադրություններին մասնակցելը եւ իրենց վերապահված դերը հնարավորինս համոզիչ խաղալն է:

Ավետիս Բաբաջանյան