Չորեքշաբթի Գալեյանին քննչական են կանչել` հետո կխոսի

Չորեքշաբթի Գալեյանին քննչական են կանչել` հետո կխոսի

Ուրբաթ օրը տեղեկացանք, որ Մխիթար Գալեյանի հոր եւ հորեղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նիկոլ Փաշինյանն այցելում է մարզեր եւ փարիսեցիությամբ ծունկ է չոքում զոհվածների գերեզմաններին` իբրեւ թե հարգում է զոհերի հիշատակը, բայց իր կառավարած երկրում զոհված զինծառայողների ծնողներին ծեծում ու քաշքշում են, հետապնդում, բանտ նստեցնում, ծաղրում, կաշառում: Ամեն հնարավոր եւ անհնարին ձեւերով փորձում են որդեկորույս ծնողներին լռեցնել, զսպել, ստիպել, որ հաշտվեն իրենց որդիների կորստի հետ:

Կոնկրետ այս դեպքում զավեշտալին այն է, որ դեպքից մեկ տարի անց Քննչական կոմիտեն որոշել է վարույթ հարուցել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Քննչականի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ, Երեւանի 48-ամյա բնակիչ Գ. Գալեյանը եւ նրա եղբայրը՝ Ա․ Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ․ Ս․-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել են վերջինիս գլխին:

Այնուհետեւ իր եղբոր եւ մի շարք անձանց հետ հայհոյանքներ եւ այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս․-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Արդյունքում խախտվել է մարդկանց անդորրը, իսկ Դ. Ստեփանյանին պատճառվել են առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ եւ ուժեղ ֆիզիկական ցավ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․ եւ Ա․ Գալեյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 195-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է»:

Մենք մի քանի հարց ուղղեցինք Գարիկ Գալեյանին:

- Պարոն Գալեյան, ի՞նչ գործ է սա: Ինչո՞ւ մեկ տարի անց որոշեցին Ձեր «մեղքերը» ջրի երես հանել:

- Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու են որոշել մեզ նորից հիշել, դա պետք է իրենց հարցնեք: Այո, դեպքը մեկ տարի առաջ է տեղի ունեցել:

- Ո՞ւմ եք ստորացրել, ո՞ւմ վրա եք դատարկել շշի պարունակությունը:

- Իրենց ասելով՝ մի Ռոման Բաղդասարյան կա, դրա հետ է կապված:

- Ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

- Անկեղծ եմ ասում` չեմ էլ հիշում: Ուրբաթ օրն եմ տեղեկացել, որ նման գործ կա:

- Ձեր եղբայրն ի՞նչ կարծիք ունի այդ մասին:

- Մի քանի օրից Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Չորեքշաբթի օրն ինձ քննչական են կանչել: Դրանից հետո ավելի հանգամանալից կխոսեմ: Ինչ վերաբերում է եղբորս, նա Հայաստանում չէ: Ապրում է Ռուսաստանում: ՌԴ քաղաքացի է:

- Տպավորություն է, թե ցանկանում են վախեցնել զոհված զինծառայողների ծնողներին:

- Երեւի.... բայց դա ամենափոքր բանն է, որից ես կարող եմ վախենալ: Ի՞նչ պիտի անեն, որ ես վախենամ:

- Օրինակ` Գայանե Հակոբյանին կարողացան լռեցնել:

- Եկեք չխոսեմ, էլի, այդ մասին: Հինգշաբթի օրն ավելի հանգամանալից կխոսենք: