Թոզ փչոցի

Թոզ փչոցի

 Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: Այսքանը սեղմ պաշտոնական հաղորդագրություն է: Միաժամանակ, վերջին նախադասությունում առկա է նախարարի՝ խելացի երևալու անթաքույց ձգտում: Փորձենք վերլուծել այն. խոսվում է «համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորության» մասին: Այդ արտահայտության օգտագործումը տեղին կլիներ՝ եթե Մինսկի խմբի փորձը ձեռք բերված լիներ, ասենք, Ալանդյան կղզիների առումով: «Հրապարակի» ընթերցողներին հայտնեմ, որ Բալթիկ ծովում գտնվող կղզիները (տարածքը՝ 1553 քառկմ, բնակչությունը՝ շուրջ 30 հազար) բնակեցված են շվեդներով, որոնք 1917 թ.-ին բարձրացրին Շվեդիայի հետ միանալու հարցը, սակայն մնացին Ֆինլանդիայի կազմում՝ 1921 թ.-ից ձեռք բերելով ինքնավարություն: Եվ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը գործեր 1917 թ.-ից, ապա նրա փորձի կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան, կարող էր ընդգծվել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատի կողմից: Բայց քանի որ 1917-ին գոյություն չուներ ո՛չ ԵԱՀԿ-ն և ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա Միրզոյան Արարատը կարող էր ընդգծել ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը: Այն էլ միայն այն դեպքում, եթե այն լիներ դրական Հայաստանի տեսակետից: Եթե, իհարկե, Միրզոյանը համարում է իրեն Հայաստանի ԱԳ նախարար: Անցնենք ընդհանրապես այդ կառույցի դերակատարման քննարկմանը, ինչի մասին, ի դեպ, մեկ-երկու անգամ խոսել եմ իմ հոդվածներում: Նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի հաստատման» պայմաններում ծագած երրորդ Արցախյան պատերազմում մեր պարտությունն ի չիք դարձրեց այդ կառույցի գոյության իմաստը: Որպես հաղթանակած երկրի ղեկավար՝ Իլհամ Ալիևը դադարեցրեց համանախագահների հետ շփումները՝ հայտարարելով, որ այդ խումբն այլևս անելիք չունի: Քանի որ ըստ խմբի մանդատի՝ Ադրբեջանը պետք է ետ ստանար իր «գրավյալ տարածքները», իսկ «Լեռնային Ղարաբաղը» ձեռք բերեր որևէ հստակ կարգավիճակ: Ադրբեջանի կողմից իր տարածքները ետ ստանալուն ամբողջովին համաձայնվեցին Եվրոպական Միության չինովնիկները: Դա բացահայտ երևաց մեկ-երկու ամիս առաջ՝ երբ պաշտոնական հաղորդագրությունում այլևս չօգտագործվեց «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը որպես վարչական միավոր: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, խմբի գործառույթի պահպանմանը կառչած է մնացել Հայաստանի գործող իշխանությունը: Ինչն ընդամենը թոզ փչոցի է, քանի որ Նիկոլն ու իր կամակատարները վաղուց են համաձայնվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարին: Եթե դա այդպես չլիներ, ապա դրանք չէին խուսափի ընդամենը մեկ նախադասություն արտասանելուց: Խոսքը «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» հայտարարության մասին է: Այդ դեպքում, ինչո՞ւ է Երևան ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը: Ենթադրում եմ, որ դա կատարվել է ի ապատասխան խմբի ամերիկյան համանախագահության՝ երկարատև քնից արթնանալուն: Որի ակտիվությունը, սակայն, ընդամենը ռուսական կողմի դիրքորոշումը հերքելու միտում ունի: Իսկ ռուսական կողմը, վերհիշենք, արձանագրելով այսօրվա վիճակը, ընդունել էր այն հանգամանքը, որ խումբը դեռևս անելիք չունի: Կարծում եմ, որ դա գիտակցում են նաև ամերիկացիները: Եվ նրանց ակտիվությունը զուտ խոսքի մակարդակի է: Այն էլ հեռախոսային զանգերի ձևով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի, ավելի ճիշտ՝ անապագա գոյությունն ակնհայտ է ինձ համար: Ենթադրաբար ակնհայտ է նաև Փաշինյան Նիկոլի և նրա նախարարի համար: Սակայն, ինչպես ասվեց, դրանց համար այն ընդամենը հասարակության աչքին թոզ փչոցի է: Հ.Գ. Ինչ մնում է Ալանդների փորձին, ապա մեր հարևան թուրքերը հաստատ ֆին ժողովրդի հետ չունեն որևէ աղերս: Եվ Ադրբեջանի իշխանությունն էլ հաստատ որևէ աղերս չունի Ֆինլանդիայի կառավարության հետ: Սա որպես ի գիտություն նրանց, ում կարծիքով Արցախը կարող է մշակութային ինքնուրույնություն ունենալով՝ գոյատևել Ադրբեջանի կազմում: Եթե, իհարկե, այդպիսիք առկա են մեր երկրում: