Այնպիսի հուշարձան պետք է լինի, որն ինքն իրենով արվեստի գործ լինի
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի Ռուսաստանի հրապարակում (Երեւանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի չափորոշիչները, այն է՝ մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ¬կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում): Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը: Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով: Ստեղծագործության նյութի եւ ոճի ընտրությունն ազատ է։ Ինչպես նաեւ ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին: Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը: Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձեւով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:
Աշխատանքային խմբի համակարգումը վերապահված է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, իսկ աշխատանքային խմբում ընդգրկված են ճարտարապետներ, նախարարությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ով նշեց, որ դեռ հայտեր չեն ստացել, քանի որ նոր է մրցույթը հայտարարվել։
Հետաքրքրվեցինք՝ անձնապես ինքը ինչպիսի՞ հուշարձան կուզեր տեսնել եւ արդյոք շատ չէ՞ հայ-ռուսական բարեկամության եւս մեկ հուշարձան ունենալ մայրաքաղաքում․ «Եթե չեմ սխալվում հայ-ռուսական բարեկամության 3-4 հուշարձան արդեն կա, բայց ամեն դեպքում այնպիսի հուշարձան պետք է լինի, որն ինքն իրենով լինի արվեստի գործ, քանի որ դա մեկ օրվա համար չի տեղադրվում, ուստի պետք է ճիշտ ընտրություն արվի, այսինքն, շտապելու, հապճեպ որոշումներ կայացնելու իրավունքը չունենք»։
6 մետր բարձրությամբ արձանը արդյոք չի՞ ծանրացնի այդ փոքրիկ հրապարակը․ «Դրանք ուղղակի թվեր չեն, ճարտարապետներ կան, հաշվարկներ է արվել, որ դրանից առավել չլինի, այո, 6 մետրից առավելը կարող է այդ հրապարակին հարիր չլինել, որովհետեւ կողքն էլ կա արձան եւ հրապարակին համահունչ պետք է լինի այս նոր տեղադրվող արձանը»։
Ինչ վերաբերում է հայ ռուսական բարեկամության հուշարձանի արտահայտչամիջոցներին ու դրանց ընտրությանը, ապա․ «Ամեն ոք ազատ է ընտրության հարցում, բոլոր պրոֆեսիոնալ կրթություն ունեցող քանդակագործները իրավունք ունեն մասնակցելու մրցույթին, որի աշխատանքները համակարգվելու է ժյուրիի կողմից։ Ամեն ինչ բաց է լինելու եւ տարբեր մտքեր կարող են արտահայտել, թե որը կընտրվի, դա արդեն ժյուրիի աշխատանքն է»։
Կարծիքներ