Ինչպես են հաստատվում Երեւանում ճարտարապետական նախագծերը

Ինչպես են հաստատվում Երեւանում ճարտարապետական նախագծերը

Հայաստանի ճարտարապետական 20 առաջատար արվեստանոցներ միացել ու ակնարկներով, բայց, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների մասին տեղեկույթ էին հրապարակել (ճարտարապետության ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ)։ Հայտարարությանը միացել են BARDI, TEQ Architectural studio, ARCHcoopsnkh, Cubit Architecture and Design Studio ArWest, 9architects Architectural Studio, A&L Architectural Studio Archangel Architectural Studio, FUTURIS, Atrium Architectural StudioArAre Architectural studio, VoskanyanHayk Architect+Associates, d'Արվեստանոց, Shatvoryan School, E.Studio եւ այլ ստուդիաներ։

Ճարտարապետներն անթույլատրելի են համարում պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի եւ անուղղակի ուղղորդումը կամ անմիջական մասնակցությունը ճարտարապետական նախագծային պատվերներում։ Ինչպես նաեւ՝ պետական կամ համայնքային պաշտոններ զբաղեցնող ճարտարապետների՝ նախագծային գործունեությամբ կամ փոխկապակցված նախագծային կազմակերպությունների միջոցով մասնակցությունը նախագծային գործընթացներին: ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանին եւ ՏԻՄ մարմիններին կոչ են անում՝բացառել ցանկացած դեպք, երբ պետական կամ համայնքային ծառայողներն անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով մասնակցում են նախագծային գործընթացներին եւ առաջարկում են ներդրումային նախագծերի քննարկման գործընթացները կազմակերպել հնարավորինս բաց եւ թափանցիկ՝ ապահովելով մրցակցությունը։ Նաեւ՝ քայլեր ձեռնարկել ներկա խոշոր քաղաքաշինական նախագծերում` կասեցնելու պետական եւ համայնքային պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը՝ ապավինելով մասնագիտական տարբեր հարթակներում մասնագիտական քննարկումներին։

Նշենք, որ վաղուց տեղեկություն կա, որ քաղաքապետարանի նախագծերի առյուծի բաժինը հաստատվում է այն դեպքում, եթե այն ներկայացված է լինում «Ասք» ընկերության ղեկավար եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կիթառի (նախկին) աշակերտ Հայկ Կարապետյանի կողմից։ Հարց ուղղեցինք  հայտարարությանը միացած ճարտարապետ Հայկ Ոսկանյանին։ Ի՞նչ ուղղորդումների մասին են ակնարկները։ Ասաց․ «Իրականում, տենց փաստեր չունենք, դա համատարած բնույթ է կրում, եւ արդեն 30 տարի է՝ այս ոլորտում այդ վիճակն է, որը համատարած բնույթ է կրում, եւ որի դեմ է ողջ պայքարը։ Այն, միանշանակ, անձնավորված չէ, որովհետեւ մենք ո՛չ դատավոր ենք, ո՛չ էլ ինչ-որ մեկին ուզում ենք․․․ դա սիստեմային եւ ինստիտուցիոնալ խնդիր է, որը պետք է քայլերով լուծվի։ Եվ դա կարող է ստանալ միայն ու միայն Ճարտարապետների պալատի շրջանակներում, որովհետեւ պալատն օրենսդրությամբ տիրապետում է էդ ամեն ինչին»։
Հայկը կոնկրետ անուններ, ազգանուններ չտվեց, միայն բացատրեց սխեման, թե ինչպես են Հայաստանում հաստատվում ճարտարապետական նախագծերը։ «Դուք ե՞րբ եք տեսել, որ կոնկուրսով ինչ-որ բան շահեն։ Խոսքն այն մասին է, որ պատվիրատուն որոշում է նախագիծ անել եւ ավելի հեշտ լուծում է գտնում՝ գնալ եւ որեւիցե մի պաշտոնյայի հետ պայմանավորվի, որ գլխացավանքի մեջ չընկնի, որ նախագիծը հեշտ հաստատվի»։
Նշենք, որ պատվիրատուն կառուցապատողն է կամ ներդրողը, իսկ ովքեր են պաշտոնյաները։ Հայկ Ոսկանյանը դիվանագիտորեն շարունակեց․ «Ամենափոքր պաշտոնյայից սկսվում է, ամենափոքր պրոյեկտից, երբ պատվիրատուն, հեշտացնելով իր խնդիրը, գնում է այդ քայլերին»։

Խոսեցինք  նաեւ ճարտարապետ Լեւոն Բաղդասարյանի հետ, ով միայն ինտերնետի բացակայության պատճառով չէր հասցրել միանալ հայտարարությանը։ Հարցրինք՝ ի՞նչ նկատի ունեն «ուղղորդված» ասելով։ «Այսօրվա դրությամբ բոլոր չինովնիկները, որոնք մասնագիտությամբ ճարտարապետներ կլինեն կամ շինարար, իրենց դիրքերն օգտագործելով՝ իրենց նախագծային կազմակերպությունները, իրենց պրոյեկտներն են առաջ բրթում, իսկ քաղաքն էսօրվա դրությամբ կոնկուրսների կարիք ունի։ Օրինակ՝ եթե որոշվում է, որ եթե մի բան է կառուցվում, ինչ-որ մի x կազմակերպություն, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում, օրինակ, հեռու չգնանք՝ Նարեկ Սարգսյանի արվեստանոցը։ Մյուսները, բոլորը․․․ նախկինում հայտնի, էսօրվա դրությամբ քաղաքում ոնց է եղել․․․ ինչ-որ մեկը որոշեց ու վսյո։ Բայց լավագույն ճարտարապետությունը լինում է, երբ մի քանի ճարտարապետական ընկերություններ մասնակցում են մրցույթներին, եւ ընտրվում է բոլորի միջից լավագույն տարբերակը, ոչ թե՝ ով բաշարի»։

Լեւոնը նկատի ունի, օրինակ, Հյուսիսային պողոտան, Հյուսիսային ճառագայթի բարձրահարկ շենքը, իսկ ինչ վերաբերում է «բաշարողներին», ապա նշում է՝ մենաշնորհները, հիմնականում, Նարեկ Սարգսյանի արվեստանոցինն էին։ Այսինքն՝ այսօր բողոքում են, բայց օրինակները բերում են անցյալից՝ չհամարձակվելով նորօրյա մոնոպոլիստների անունները նշել։

Ճիշտ է՝ ճարտարապետները խուսափում են կոնկրետ նշել, բայց, մեր տեղեկություններով, թիրախում մի քանի արվեստանոց է, օրինակ՝ «Էլոյան արքիթեքթս», «Ասք մետ դիզայն» նախագծային ընկերությունը՝ ճարտարապետ Հայկ Կարապետյանի գլխավորությամբ: