Էլ. հասցեն հայատառ գրելու անիրականանալի պահանջ են դրել

Էլ. հասցեն հայատառ գրելու անիրականանալի պահանջ են դրել

Միքայել Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզվել է, որ Լեզվի կոմիտեն օրենքի խախտում է համարում բիզնեսի կողմից էլեկտրոնային փոստի հասցեի ոչ հայատառ շարադրանքը և սպառնում է դրա համար հարուցել վարչական վարույթներ, մինչդեռ ինքն իր էլեկտրոնային հասցեն հայատառ չի շարադրում:

Ըստ այդմ, այսօր դիմում եմ ներկայացրել Լեզվի կոմիտե, որով խնդրել եմ հենց Լեզվի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության ենթարկելու գործընթաց, ինչպես կատարվում է գործարարների դեպքում. օրենքի առջև բոլորը հավասար են:
Այս քայլը կատարել եմ` ի նշան անհամաձայնության ընդդեմ Լեզվի կոմիտեի որդեգրած գործելաոճի, որը վերջերս պարզապես նմանվել է բիզնեսի մոլեռանդ և աննպատակ հետապնդման:

Հայերեն լեզվի համընդհանուր կիրառումը կարևորելով հանդերձ` գտնում եմ, որ Լեզվի կոմիտեի նպատակը պետք է հանդիսանա հայերեն լեզվի համընդհանուր կիրառումն ապահովելը, ներառյալ և առաջին հերթին` հենց իր կողմից, մինչդեռ իրականում նպատակը զուտ տուգանելն է, որի մասին առկա են անվիճելի փաստեր:

Լեզվի կոմիտեի նախագահին հաջորդիվ կներկայացվի հանրագիր, որում կշարադրվեն արձանագրված խնդիրները և կներկայացվեն կոնկրետ առաջարկներ, որոնց կիրառումը թույլ կտա առավել արդյունավետ ապահովել Լեզվի կոմիտեի բուն նպատակի իրագործումը` հայերեն լեզվի համընդհանուր կիրառումը»: