Նա դեմ է էժանագին կենացներին, կողմ է միայն մահախոսականներին

Նա դեմ է էժանագին կենացներին, կողմ է միայն մահախոսականներին

Փաշինյանի ցանկացած խոսք, ցանկացած հրապարակային ելույթ էական վնաս է հասցնում Հայաստանի պետականությանը, նրա պաշտպանունակությանը՝ խարխլելով ձեւավորված անվտանգության համակարգը: Կարծիք կա, որ նա դա անում է չհասկանալով, ուղղակի տգիտության, չիմացության պատճառով` ուզում է ինչ-որ լավ բան անել, բայց միշտ հակառակ արդյունքն է ստացվում: Տեսակետ էլ կա, որ նա դա անում է գիտակցված եւ հաշվարկված՝ նախապես իմանալով դրա հետեւանքն ու արդյունքը: Թե այս տարբերակներից որ մեկն է իրականությանն ավելի մոտ, դժվար է ասել, եւ դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւորն արդյունքն է: Հայաստանի անվտանգության դեմ ուղղված հերթական ակտը հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա ելույթն էր: 

«Այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետեւ, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, հասկանում ես…»,- ասում է մի մարդ, ում համար բանակը եւ պետությունը մշտապես եղել են էժանագին կենացների եւ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետեւ ինչով է էժանագին կենացը տարբերվում ծրագրային խոսքից, կենաց ասողն ընդամենը խոսում է՝ որեւէ պատասխանատվություն չկրելով իր խոսքի ու խոստման համար, որովհետեւ երբ փորձում ես հասկանալ, ավելի ճիշտ՝ տեսնել, թե ինչ է իրականում կատարվել Փաշինյանի այդ էժանագին կենացների արդյունքում, տեսնում ես, որ 6 տարի շարունակ խոսելով բանակի զարգացման մասին՝ իրականում նա քայքայել ու հեղինակազրկել է բանակը, հայ զինվորին ու սպային հայտարարել է թշնամու գործակալ եւ դասալիք, գող ու դավաճան, բանակի առավել արժանի եւ բանիմաց հրամանատարները շինծու մեղադրանքներով հայտնվել են ազատազրկման մեջ, առաջ են մղվել բանակի հետ որեւէ կապ չունեցող, բանակն արատավորող անձինք, բանակի վրա դուրս են գրվել միլիարդավոր դոլարներ, գնված զենքն էլ եղել է անպետք եւ անիմաստ:

Մի մարդ, ով որեւէ պատասխանատվություն չկրեց 120 միլիոն դոլար արժեքով ՍՈՒ 30 ինքնաթիռներ գնելու համար, որոնք, պարզվեց, որեւէ արժեք չունեն, եւ դա պետական միջոցների անտեղի վատնում էր, բանակի հրամկազմի առաջ հայտարարում է. «Նոր եւ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, եւ վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել»: Մի՞թե դահլիճում նտածներից որեւէ մեկի մոտ կասկած կա, որ սպառազինության ձեռքբերման համար միլիարդավոր դոլարներ հատկացնելը ոչ թե բանակի արդիականացմանն ուղղված քայլ է, այլ ոմանց հարստացման, փողերի դուրսգրման միջոց, իսկ գնված զենք էլ վերածվելու է աղբի` այնպես, ինչպես այն ռուսական 4 կործանիչները, որոնք պատերազմի ժամանակ որեւէ օգուտ չտվեցին երկրի պաշտպանությանը, եւ նույնիսկ դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է գնել այդ կործանիչներից: 2021 թվականին պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե Հայաստանը շարունակելո՞ւ է գնել ռուսական կործանիչներ, նա ասել էր. «Ձեր նշած մոդելի ինքնաթիռների վերաբերյալ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, եւ դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ զինված ուժերի զարգացման ազգային ծրագրով»: 

Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում խոսելու, այսպես կոչված, անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման մասին՝ նկատի ունենալով ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի հետ ունեցած պաշտպանական համակարգերից դուրս գալը: «Մենք պետք է վերանայենք նաեւ անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր եւ ուղիղ խոստովանել, որ անվտանգության եւ անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձեւերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին, եւ Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը»,- ասում է մեկը, ով 3 տարի խոսելով անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման մասին, այդպես էլ դուրս չեկավ ՀԱՊԿ-ից եւ չգտավ որեւէ այլընտրանք այդ համակարգին:
Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ն ոչ կատարյալ անվտանգության համակարգ է կամ նույնիսկ խայտառակ անհուսալի համակարգ, Ռուսաստանն էլ չի կատարում իր անվտանգության երաշխավորի դերը, ի՞նչ է դրա փոխարեն առաջարկում Փաշինյանը:

Նա մինչ այժմ չի ասել, թե որն է այդ դիվերսիֆիկացիան, որ անվտանգության համակարգին պետք է միանա Հայաստանը, ով է պատրաստ ապահովել Հայաստանի անվտանգությունը: Չի ասել, որովհետեւ չգիտի, որովհետեւ չկա անվտանգության այլ համակարգ, որին Հայաստանը կարող է միանալ, եւ որն իր վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու պարտավորություն կվերցնի: Ռուսաստանի դեմ հարձակումներն այլ նպատակ են հետապնդում` ազատելու Ռուսաստանին Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտավորությունից, որ եթե վաղը Հայաստանը ենթարկվի հերթական հարձակման, Ռուսաստանը լեգիտիմ հիմք ունենա ասելու, որ իմ վրա հույս չդնեք, որքան տեղեկացված ենք` դուք դիվերսիֆիկացրել եք ձեր անվտանգության համակարգը, գնացեք եւ անվտանգություն պահանջեք ձեր նոր երաշխավորներից: Ի դեպ. Փաշինյանը 2022-ին բողոքում էր ՀԱՊԿ-ից, թե այդպես էլ Ադրբեջանին չճանաչեցին ագրեսոր, բայց իր ելույթում նա կես բառ չասեց այն մասին, որ Հայաստանի տարածքի մի զգալի հատված բռնազավթված է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի նախագահը դա արդեն համարում է իրենցը, եւ եթե դիվանագիտության միջոցով հնարավոր չլինի ազատագրել այդ տարածքները, Հայոց բանակը պետք է պատրաստ լինի վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը: 

Փաշինյանը գիտի, թե իր ու իր իշխանության մասին ինչ տեսակետ ունի հայ հասարակությունը եւ նրա անբաժան մասը կազմող բանակը: Այն արտահայտվել է 2021 թվականին բանակի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես ասվում էր. «Վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները», պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Այդ գնահատականը ո՛չ հերքվել է եւ ո՛չ էլ փոխվել, բանակի հրամանատարությունը շարունակում է մնալ այդ կարծիքին, ուղղակի բանակի հրամանատարությունը, ի տարբերություն Փաշինյանի, չցանկացավ հակասահմանադրական հեղաշրջում իրականացնել՝ մտավախություն ունենալով, որ լավ բան ցանկանալով՝ արդյունքը կարող է ավելի վատը լինել: Աչքի առաջ ունեին 2018 թվականի հեղաշրջման աղետալի հետեւանքները:

Ավետիս Բաբաջանյան