Ո՞վ է պատասխանատու լինելու էներգետիկ ճգնաժամի համար

Ո՞վ է պատասխանատու լինելու էներգետիկ ճգնաժամի համար

Հունվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ՝ համաձայնություն են ձեռք բերել, որ ընկերությունը Հայաստանում կկառուցի եւս մեկ 200 մեգավատ հզորության արեւային էլեկտրակայան՝ այդպիսով Հայաստանում իր կողմից իրականացվող ծրագրի ծավալը հասցնելով 400 մեգավատի: Այդ օրերին երեւի ՀՀ նախագահը դեռ չէր որոշել հրաժարական տալ։

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը մոտավորապես 400 մեգավատ է: Այս երկու թվերի համարժեքությունը խիստ վտանգավոր զուգահեռների տեղիք է տալիս, չնայած հասկանալի է, որ նույնիսկ 1000 մեգավատ հզորության արեւային էլեկտրակայանը չի կարող փոխարինել ատոմակայանին: Բայց մեր դեպքում ավելի կարեւոր է, թե ինչու են պետության առաջին դեմքերն ամեն ինչ անում Հայաստանում արեւային էլեկտրակայան կառուցելու համար, որի արտադրած էլեկտրաէներգիան թանկ է եւ ոչ հուսալի, սակայն ոչինչ չի արվում նոր ատոմակայան կառուցելու համար: Մինչդեռ մինչեւ արեւային էլեկտրակայանների մասսայականացումը անընդհատ խոսվել է նոր ատոմակայան կառուցելու մասին: 2008թ. խորհրդարանում արտասանած իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը նոր ատոմակայանի կառուցումը հռչակեց որպես պետության առաջնահերթություն, իսկ նոր ատոմակայան կառուցելն առկա է բոլոր իշխանությունների եւ կառավարությունների ծրագրերում, այդ թվում եւ՝ գործող: Իրականում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել ու չի արվում:

Արեւային էլեկտրակայանի կառուցումը շատերը համարում են էկոլոգիապես ավելի անվտանգ՝ արեւային էներգետիկան համարելով, այսպես կոչված, կանաչ, ի տարբերություն ատոմայինի: Թվում է՝ դա ավելի անվտանգ է, քանի որ չի առաջացնում ռադիացիոն թափոններ: Բայց արեւային էլեկտրակայանները միայն առաջին հայացքից են էկոլոգիապես անվտանգ: «Մասդար» ընկերության կողմից իրականացվելիք «Այգ-1» ծրագրի համար, որը նախատեսում է 200 մեգավատանոց էլեկտրակայանի կառուցում, արդեն իսկ հատկացվել է 377 հեկտար հողատարածք, ենթադրվում է, որ նույն հզորության կայան կառուցելու համար, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արմեն Սարգսյանի կողմից՝ հունվարի 16-ին, կպահանջվի եւս նույնչափ հողատարածք:

Ստացվում է, որ առնվազն 750 հեկտար հողատարածք պատվելու է ֆոտովոլտային պանելներով, որն արդեն իսկ էկոլոգիական աղետ է: Սա՝ այն դեպքում, երբ այդ երկու կայանները միասին արտադրելու են առնվազն 6-7 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան այսօր արտադրում է ՀԱԷԿ-ը: Սակավահող Հայաստանի պայմաններում հարյուր-հազարավոր հեկտարներ պանելներով պատելը լրջագույն էկոլոգիական խնդիր է առաջացնելու, եթե անգամ այդ հողատարածքները գյուղատնտեսական նշանակության չեն:

Ինչ վերաբերում է զուտ անվտանգությանը, ապա նույնիսկ նախորդ դարի 70-ականներին կառուցված ՀԱԷԿ-ը, առանց որեւէ տեխնոլոգիական վնասվածքի, դիմակայեց Սպիտակի ավերիչ երկրաշարժին եւ դրանից հետո ոչ մի շրջան չդադարեցրեց էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչեւ որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդն ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում կայացրեց՝ տեղի տալով Հայաստանում սկսված էկոլոգիական շարժման պահանջներին:

Կա տեսակետ, որ ատոմակայան կառուցելն ավելի թանկ հաճույք է, քան արեւային էլեկտրակայանը, եւ Հայաստանն այդքան գումար չունի: Սա եւս սկզբունքային թյուրիմացություն է, որովհետեւ ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան առնվազն կրկնակի ավելի էժան է արեւային էլեկտրակայանի արտադրածից: Բացի այդ, արեւային կայանների արտադրական ցիկլը 25 տարի է, որի ընթացքում դրանք կորցնում են իրենց արդյունավետությունը եւ պետք է ապամոնտաժվեն՝ առաջացնելով հազարավոր տոննաներով աղբ, որը եւս պարունակում է բնապահպանական տեսակետից խիստ վտանգավոր նյութեր, այդ թվում՝ ծանր մետաղներ:

Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն արդեն իսկ աշխատում է 42 տարի եւ անցած տարվա վերանորոգումից հետո կաշխատի առնվազն եւս 10 տարի: Դրա աշխատանքի արդյունավետությունն այդ տարիների ընթացքում ոչ միայն չի պակասել, այլեւ անցյալ տարվա վերանորոգումից հետո կրկնակի ավելացել է: Ստացվում է, որ ատոմակայանը կարող է ծառայել առնվազն երկու անգամ ավելի շատ, քան արեւային էլեկտրակայանը: Քանի որ Հայաստանն արեւային կայանը չի կառուցում սեփական միջոցներով, այլ դիմում է միջազգային ներդրողների աջակցությանը, ապա ցանկացած միջազգային ներդրող շահագրգռված կլինի ներդրում կատարել մի գործում, որն ավելի էժան եւ մրցունակ արտադրանք է տալիս: 

Արեւային էլեկտրակայան կառուցելու միակ բացատրությունը կարող է լինել միջազգային թրենդին հետեւելը՝ «արեւային էլեկտրակայանն ավելի մոդայիկ է, բոլորը հիմա արեւային էլեկտրակայաններ են կառուցում, իսկ ատոմակայանն անցյալի մնացուկ է» մտայնությամբ: Բայց նույնիսկ հարցն այս տեսակետից դիտարկելիս պետք է նկատի ունենալ, որ ֆիզիկոս Արմեն Սարգսյանը շատ հետ է մնացել համաշխարհային զարգացումներից: 2011թ. մարտի 11-ին ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանում տեղի ունեցած վթարը, որը երկրաշարժի եւ դրան հաջորդած հզոր ցունամիի հետեւանք էր, համաշխարհային հանրության մոտ տեսակետ ձեւավորեց, թե նույնիսկ ամենահուսալի ատոմակայանները ենթակա են վթարի վտանգի, եւ պետք է հրաժարվել ատոմային էներգետիկայից: Ճապոնիան, հետո նաեւ Գերմանիան որոշում կայացրին՝ ընդհանրապես հրաժարվել ատոմային էլեկտրակայաններից, եւ անցում կատարեցին կանաչ կամ վերականգնվող էներգետիկային:

Անցած 10 տարիների ընթացքում աշխարհը եւ հատկապես Եվրամիությունը միլիարդներ են ներդրել վերականգնվող էներգետիկայի զարգացման գործում, վերջնական նպատակ հռչակելով՝ հասնել ածխածնային չեզոքության, ինչը նշանակում է, որ ԵՄ տարածքում մթնոլորտ արտանետված եւ մթնոլորտից կլանված ածխածնի քանակը պետք է համարժեք լինի: Սակայն անցած տարի սկսված էներգետիկ ճգնաժամը` գազի ու էլեկտրաէներգիայի աննախադեպ թանկացումը, ԵՄ անդամ երկրների կառավարություններին ստիպեց նոր լուծումներ փնտրել: Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ անդամ 10 երկրներ` Ֆրանսիան, Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Սլովակիան, Խորվաթիան եւ Բուլղարիան, դիմեցին Եվրամիության կարգավորող մարմիններին՝ ատոմային էներգետիկան որպես էներգիայի կանաչ տեսակ ճանաչելու առաջարկով, հիմնավորելով, որ գիտական որեւէ ապացույց չկա, թե ատոմակայանները նպաստում են գլոբալ տաքացմանը: Իսկ արդեն այս տարվա հունվարի 9-ին ԵՄ-ն որոշեց ատոմային էներգիան եւ գազը ճանաչել որպես մաքուր էներգիա: Իհարկե, ԵՄ-ում այս որոշումը միանշանակ չընդունվեց, հատկապես բնապահպանների կողմից, սակայն անհամեմատ մեծ է այն եվրոպացիների թիվը, որոնց համար կանաչ կամ վերականգնվող թանկ էներգետիկան դարձել է անհասանելի: Նույնիսկ Իլոն Մասկը, ով հայտնի է նորարարության եւ բնապահպանության նկատմամբ ունեցած առաջադեմ մոտեցումներով, կոչ արեց չհրաժարվել ատոմային էներգետիկայից, մինչեւ որ տեխնոլոգիական առաջընթացը թույլ կտա անցնել վերականգնվող էներգիային: 

Մինչ ԵՄ-ն փոխում է իր նախապատվությունը եւ որոշում զարգացնել ատոմային էներգետիկան՝ հասկանալով, որ այլընտրանքային էներգետիկան եւ գազի այրման միջոցով գեներացվող էներգիան չափազանց թանկ եւ անհուսալի են իրենց քաղաքացիների եւ տնտեսության համար, Հայաստանը գնում է հակառակ ուղղությամբ: Սա խոսում է ընդամենը մի բանի մասին․ Հայաստանում իրականում չկա պետական քաղաքականություն, այդ թվում եւ էներգետիկայի ոլորտում։ Ում մտքով ինչ անցնում է, ով ինչ ուզում՝ անում է: Եթե մի 10 տարի հետո ատոմակայանը սպառի շահագործման իր ժամկետը, իսկ դրան համարժեք փոխարինողներ չլինեն, եթե երկրում հոսանք լինի օրվա ցերեկային ժամերին, իսկ մութն ընկնելուն պես երկիրը թաղվի խավարի մեջ, քանի որ արեւային կայաններն աշխատում են լույսի առկայության պայմաններում, դրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու: 

Չնայած, մյուս կողմից, կարելի է չանհանգստանալ․ Թուրքիան Ռուսաստանի հետ հզոր ատոմակայան է կառուցում՝ 4800 մեգավատ հզորությամբ, 12 անգամ ավելի հզոր, քան մեր էներգաբլոկը: Իսկ 10 տարի հետո մենք Թուրքիայի հետ բարեկամներ՝ չէ, կարող է նույնիսկ ազգականներ լինենք:

Ավետիս Բաբաջանյան