Եվրոպական պրակտիկայում երբ որևէ երկրում ՏԻՄ մարմինների նկատմամբ նման բան է տեղի ունենում, դա բավականին լուրջ ինցիդենտ է համարվում․ Էմին Երիցյան

Եվրոպական պրակտիկայում երբ որևէ երկրում ՏԻՄ մարմինների նկատմամբ նման բան է տեղի ունենում, դա բավականին լուրջ ինցիդենտ է համարվում․ Էմին Երիցյան

Սյունիքի համայնքապետերին «ասֆալտին փռելու» խոստման շրջանակներում իշխանությունները հասան նաև Գորիսի համայնքապետի տեղակալներին: Նշենք, որ նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։ Ամեն ինչով աննախադեպ Հայաստանում աննախադեպ թվով համայնքի կին ղեկավարներ են ձերբակալված ու կալանավորված․ Սյունիքի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյան և Իրինա Յոլյան, ում կալանավորելու Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունն ի վերջո իր դերը խաղաց: Իսկ Յոլյանի 65 տարեկան գործընկերուհուն երբեմնի «ժողովրդավարության բաստիոնի» ներկայացուցիչները Գորիսից Երևան հասցրել էին գիշերվա ժամը 3-ին։ Ինչպես հայտնել էր Յոլյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, երեկ իրենց ժամը 22։00-ին նիստի էին հրավիրել, որի ընթացքում տրամադրել էին գործի հետ կապված 780-էջանոց փաստաթուղթ։ «Հիմա եթե ՀՀ-ում կգտնվի մեկը, որը 50 րոպեի ընթացքում կհասցնի դա ամբողջական կարդալ ու պաշտպանություն կազմակերպել, ես խոշոր դրամական գումար եմ խոստանում այդ անձի համար։ Մենք՝ ես ու Արամյանը, հանդիսանում ենք մյուս երկու մեղադրյալների պաշտպանները։ Մեզ թույլ չեն տվել նրանց տեսակցել։ Նրանցից մեկը 65 տարեկան կին է, մյուսը՝ այրի, խնամքին անչափահաս ունեցող անձ: Նրանք երկուսն էլ արդեն երկրորդ օրն է` գտվում են կալանքի տակ»,- ասել էր Մելքոնյանը:

Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախագահ Էմին Երիցյանն ասում է․ «Քաղաքական հարցերը` մի կողմ, իրավական առումով սա անընդունելի է։ Մանավանդ որ ընտրովի մարմիններ են, և եթե կա հարուցված քրեական գործ, պետք է համաչափ լինեն այդ միջամտությունները։ Այսինքն՝ ձերբակալել, կալանավորել և այլն, սրանք անընդունելի են։ Եվ մանավանդ որ ՔԿ հաղորդագրության մեջ տեսնում ենք, որ այնտեղ խոսվում է սոցիալական աջակցությունների, օգնությունների ու չափանիշների մասին, որ ճիշտ չափանիշներով չեն տրվել և այլն։ Նման իրավասություն որևէ մեկը չունի, և տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունները բոլորովին ինքնուրույն են նման հարցեր որոշելու համար, այն էլ` նախընտրական շրջանում, երբ համայնքում հայտարարված են ընտրություններ, նման գործողությունները ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում են։ Եվրոպական պրակտիկայում երբ որևէ երկրում նման բան է տեղի ունենում, դա բավականին լուրջ ինցիդենտ է համարվում ու ԵԽ-ի, եվրոպական կառույցների կողմից անմիջապես գնահատականներ է ստանում։ Դա, այսինքն, բավականին լուրջ ժողովրդավարական սկզբունքների խախտում է»։

Հիշեցնենք, որ տարբեր փուլերում Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործադիր իշխանության թևի ներկայացուցիչ և պետության առաջին դեմք, մշտապես ձգտել է ճնշել կենտրոնախույս իշխանության տակ չգտնվող մյուս թևերին՝ դատական, օրենսդիր, և հայտնի սյունյաց արշավանքներից հետո էր մտասևեռվել համայնքապետերի վրա։ Իրինա Յոլյանը նաև ամենաակտիվ ֆեյսբուքյան օգտատերերից է և պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում մշտապես իր ֆեյսբուքյան էջով պատմում էր, թե ինչ է տեղի ունենում Սյունիքում, դատապարտում էր այս կամ այն համայնքապետի ձերբակալումը, խուզարկությունը։

Էմին Երիցյանի խոսքով, «դա ոչ մի կապ չունի, ցանկացած մեկը ՏԻՄ մարմիններում կարող է ունենալ իր քաղաքական հայացքները։ Էս դեպքում, եթե դա քաղաքական հայացքների համար լինի, ուրեմն` շատ ավելի վատ։ Բայց ես հիմա խոսում եմ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ինքնուրույնության մասին, համաչափության մասին»։ Իսկ համաչափություն ասելով` նկատի ունի․ «Որևէ քրեական գործ կամ բան, ապա դրանք էն դեպքերը չեն, որոնց համար մարդիկ մեկուսացվեն, այսինքն՝ չկարողանան իրենց լիազորությունները` որպես հանրային իշխանություն, իրականացնել»։ Այլ խոսքով՝ բնավ պարտադիր չէ, որ այդ անձինք կալանավորվեն, եթե կարող են այլ խափանման միջոցի ընտրության դեպքում շարունակել իրենց աշխատանքը։ 
Հիշեցնենք. երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։ Իսկ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ մեղադրանքի հիմքում ընկած է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքը: