Ահա թե ի՜նչ

Ահա թե ի՜նչ

Հանրակրթական դպրոցական դասընթացից  «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու՝ կրթության նախարարության մտադրության շուրջ ծավալված բանավեճը, որ հիմնականում ուղղված է նախարար Արայիկ Հարությունյանի դեմ եւ վերաճում է որոշակի շրջանակների կողմից նրա հրաժարականի պահանջի, դրդեց, որ փորձեմ հասկանալ՝ իսկ ի՞նչ է տալիս այդ առարկան այսօրվա աշակերտին: Համացանցում որոնումների արդյունքում հանդիպեցի «Հայող եկեղեցու պատմություն» դասագրքի՝ նախատեսված տասնմեկերերորդ դասարանի համար: Այն հեղինակել են Վարդան Ղանդիլյանը, Պետրոս Հովհաննիսյանը, Արամ Նազարյանը, Վարդան վարդապետ Նավասարդյանը, Շահե վարդապետ Անանյանը: Գրքի ներածականում կարդում ենք. «Պատանի բարեկամ, դու արդեն երկար ճանապարհ ես անցել «Հայոց եկեղեցու պատմության» ընդգրկուն դասընթացի ուղիներով: Այդ ընթացքում ծանոթացել ես Ս. Գրքին՝ Աստվածաշնչին, քրիստոնեության հիմնական ուղղություններին, Հայոց եկեղեցու խորհուրդներին, տոներին, ծեսերին, ինչպես նաեւ համաշխարհային այլ կրոնների»: Պարզվում է, Հայոց եկեղեցու պատմության անվան տակ դպրոցներում ուսուցանում են Աստվածաշու՞նչը, եկեղեցական խորհուրդնե՞րը, երեխաներին վարժեցնում եկեղեցական ծիսակատարությունների՞: Այսինքն փաստացի գործ ունենք հոգեւոր կրթությա՞ն հետ: Բայց չէ՞ որ Հայաստանն աշխարհիկ պետություն է: Պարզվում է, սույն դասագրքի միտումը կայանում է հետեւյալում. «…Քրիստոնեական ուսմունքի շրջանակներում ձեւավորվեց հասարակական-պետական կյանքի կազմակերպման նոր մոդել: Այն ուսուցանում եւ պահանջում էր քրիստոնեական բարոյականության հիմքերի վրա կառուցել ներհասարակական-ներպետական կյանքը՝ արքունիք-նախարարներ, իշխաններ-հպատակներ փոխհարաբերունները…»: Ահա թե ի՜նչ: Կարելի՞ է ենթադրել, որ այդ կերպ սերունդներին ներշնչվում է նաեւ արդի Հայաստանում ներհասարակական-ներպետական կյանքը քրիստոնեական բարոյականության հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտություն: Իսկ Սահմանադրությու՞նը, քաղաքացու իրավունքներն ու ազատություննե՞րը: Եթե այս դասագրքի ոգով է իրականացվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցումը, ապա այն ժամ առաջ պետք է հանվի հանրակրթական դպրոցի ծրագրից: Ժամանակակից աշխարհը շատ դաժան է, մրցակցությունը՝ չափազանց կատաղի, որպեսզի մենք մեզ թույլ չտանք սերունդներին քրիստոնեական դոգմատիզ ներարկելու շռայլություն: