Երեք տարի առաջ հարուցված քրեական գործով հետախուզում են հայտարարել

Երեք տարի առաջ հարուցված քրեական գործով հետախուզում են հայտարարել

Այսօր մենք գրել էինք, որ «Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին ռուսական բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել: Մասնավորապես` Մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն այդ բացահայտումներից հետո ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Ավագյանը կոնտակտ է ունեցել եւ հարցուփորձ են անում, թե ինչ է խոսել, ինչի առիթով է շփվել տվյալ անձը Ավագյանի հետ: Օրերս կապվել են լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ եւ, իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, ով գործի բերումով է շփվել Ավագյանի հետ, դադարեցրել են զրույցը»։

Այս լուրի հրապարակումից հետո այսօր տեղեկացանք, որ Բորիս Ավագյանի նկատմամբ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքի շրջանակներում։

Պարզվում է՝ դեռեւս 2018 թվականին հարուցված այս քրեական գործով ոչ միայն ՀՀ իրավապահները որեւէ գործողություն չեն կատարել եւ թույլ են տվել, որ Բորիս Ավագյանը մինչեւ 2021 թվականի ապրիլը բարձր պաշտոններ զբաղեցնի Հայաստանում եւ Արցախում (Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի ներկայացուցիչ, Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի տեղակալ), այլեւ քննություն չեն տարել, հետախուզում չեն հայտարարել, չեն կանխել երկրից դուրս գալը։ Ավելին՝ սպասել են, որ Ռուսաստանում նրան կալանավորեն։ Հետո էլ սպասել են, որ նա նամակ գրի եւ «Հրապարակում» բացահայտումներ անի իշխանությունների հետ կապված եւ միայն դրանից հետո հետախուզում են հայտարարել։ 

Հարց․ ինչ նոր բան են հայտնաբերել ոստիկանությունը, դատախազությունը, որ հենց այս պահին՝ 3 տարի առաջ հարուցված քրեական գործով հետախուզում են հայտարարել անձի նկատմամբ։