Դատավորներին տարել են Թբիլիսի՝ փորձի փոխանակման

Դատավորներին տարել են Թբիլիսի՝ փորձի փոխանակման

Իշխանությունից պոկված նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը մի խումբ դատավորների, Բարձրագույն  խորհրդի անդամների եւ դատական դեպարտամենտի աշխատակիցների երկու շաբաթ առաջ տարել էր Թբիլիսի՝ աշխատաժողովի։ Թեման «Դատական համակարգի բարեփոխումներ, վրացական փորձի դիտարկում»։ 

Ժողովին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Դավիթ Խաչատուրյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար Գարուշ Ղազարյանը եւ Դատական դեպարտամենտի ու դատարանների աշխատակազմի ներկայացուցիչներ։

ԲԴԽ-ից աշխատաժողովի օրակարգի վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ գործուղման մեկնածները հնարավորություն են ունեցել դիտարկելու դատական համակարգի  բարեփոխումների վրացական փորձը,  հաջողված եւ ձախողված իրավական փոփոխությունները, դատավորների բարեվարքության վերահսկման մեխանիզմները,  թվայնացման համակարգերը եւ այլ բարեփոխումներ։ Ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման, դատական գործերի մոնիթորինգի տեխնիկական լուծումներին:

Իսկ արդյոք հավասար իրավունքների, Հայաստանում խոցերի խմբերի իրավունքների հետ կապված քննարկումներ եղե՞լ են, ԲԴԽ-ից ասացին, որ քննարկումները ծավալվել են բացառապես դատական համակարգի առնչությամբ։ Նկատենք, որ հավասար իրավունքներ ասելով ՀԿ-ները, որպես կանոն, հասկանում են փոքրամասնությունների եւ հատկապես՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ Ուղեւորության նախաձեռնող Գայանե Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք կազմակերպել ենք այցը, այստեղի մեր գործընկերների հետ կապվել ենք այնտեղի դատական խորհրդի անդամների, Թբիլիսիի կենտրոնական քաղաքային դատարանի հետ, որպեսզի այստեղից ընդունեն մեր դատավորներին»։

Հարցին, թե Հայաստանում նախատեսվո՞ւմ է նման աշխատաժողով անցկացնել, Աբրահամյանն ասաց, որ այս պահին չի նախատեսվում․ «Մեզ համար, կարծում եմ, կարեւոր է վրացական փորձը, որովհետեւ եւ Հայաստանի դատական համակարգը, եւ Վրաստանի դատական համակարգը կոռուպցիոն լուրջ ժառանգություն էին ստացել, եւ այս կոռուպցիոն համակարգի հաղթահարումը, նաեւ դրա մեխանզիմները կարող են լինել նաեւ իրենց փորձը դիտարկելով,որովհետեւ եվրոպական փորձը մեզ համար շատ հաճախ կիրառելի չէ։ Տվյալ  դեպքում վրացական փորձը շատ ավելի համադրելի է»։