Գրառումներ կային, որոնք կարդալիս փշաքաղվում ես 

Գրառումներ կային, որոնք կարդալիս փշաքաղվում ես 

Երեւանի փողոցների գովազդային վահանակներում, մետրոպոլիտենի կայարանների գովազդային պաստառներում ինչե՜ր ասես չենք տեսել… Եվ շարունակում ենք տեսնել: Տեսել ենք հայոց մեծերի, նաեւ՝ փոքրերի, նույնիսկ՝ անարժանների դիմապատկերներ, թե բա՝ ճանաչեք, իմացեք, հպարտացեք, մեծարեք… Մի խոսքով՝ ով եւ ինչ է ուզում ասել, ում է ցանկանում «լուսավորել», «դարձի բերել»` առեղծվածների մի ամբողջ փաթեթ:
Քիչ չեն նաեւ գովազդային գրառումները, որոնք կարդալիս փշաքաղվում ես, թվում է՝ հնչում է, ոչ ավել, ոչ պակաս՝ անեծք (վկան՝ երկու գովազդային լուսանկարները:)

Հարցնող լինի՝ ո՞ւմ են ուղղված այս կարգի անեծք-հորդորները, դրանով ի՞նչ խնդիր է լուծում թանկարժեք ա´յդ գովազդների պատվիրատուն: Ներկայիս պատերազմական, վտանգված պետականության, հանրության խորը ընկճախտի, հազարավոր փախստականների, ծանր կորուստների պայմաններում համակերպվելու (ինչու չէ՝ պարտվողական) քարո՞զն էր պակասում… Չենք մոռացել, չէ՞, 44-օրյա պատերազմի սկզբում ՀՀ վարչապետի խոսքը. «Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»: Լավ, այսօր մայրաքաղաքն ինչո՞ւ է ողողված այդ կարգի գովազդներով: Դրանք պատահականություննե՞ր են, թե՞ ուղղորդող քաղաքականություն… Մի խոսքով՝ ՀՀ քաղաքացու ոգին կոտրող քարոզներ չե՞ն:

Եթե այս կարգի ահասարսուռ գովազդախոսքերն այլ՝ հանրամատչելի իմաստներ էլ ունեն, որոնք առաջին հայացքից հասանելի չեն շարքային քաղաքացուն, ապա գովազդի նախաձեռնողները բարի լինեին վերծանել, մեկնել ու մատուցել իրենց մեկնությունները եւս: 

Ինչեւէ, շատ բան էինք տեսել, այս մեկն էլ տեսանք:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ