Իմ երեխան, արդեն 5 տարի է, չի կարողանում իր հայրական տուն գնալ

Իմ երեխան, արդեն 5 տարի է, չի կարողանում իր հայրական տուն գնալ

Գրել էինք, որ ժամանակին մեծ աղմուկ հանած նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է քննվում է, ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գործը մի քանի դատարաններում պտտվելուց հետո հայտնվել էր Հակակոռուպցիոն դատարանում, սակայն Քրեադատավարական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո գործը կրկին գնացել է առաջին ատյանի դատարան։ Դատարաններում տիրող այս քաոսի հետեւանքով ոտնահարվում են գործով անցնող մեղադրյալների իրավունքները, նրանցից մեկն էլ Անուշ Գարսանցյանն է, որի նկատմամբ թեեւ գրավ է կիրառվել, սակայն երկրից ելքը՝ սեկտը, փակ է։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Այս գործով մեղադրյալների թվում են նաեւ «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, «Մանկան տան» տնօրենը, արդարադատության եւ սոցապ նախարարությունների աշխատակիցներ:

«Այս գործն արդեն 5 տարի է դատարաններում պտտվում է, իսկ այդ ընթացքում ես եւ իմ անչափահաս երեխան չենք կարողանում վերադառնալ տուն՝ Իտալիա, քանի որ երկրից ելքը՝ ՍԷԿՏ-ը ապօրինի փակ է։ Գործը 3 տարի նախաքննության փուլում էր, 2 տարի՝ դատարաններում։ Առաջին ատյանի դատարանը ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան, որտեղ 1 տարի ու կես անց գործը ոչ միայն դատավարական փուլ չմտավ, մեղադրականը չկարդացին, այլեւ մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն դատարանից նորից վերադարձավ առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ 2 տարի մենք ուղղակի դատարաններով շրջեցինք, սակայն ոչինչ տեղի չունեցավ: Ինձ հետ միասին տանջանքների միջով անցնում է նաեւ իմ երեխան, որը 4 տարեկան էր, երբ մենք եկանք Հայաստան, որ կարողանամ օգտակար լինել նախաքննությանը»,- նշեց Անուշ Գարսանցյանը։

Գարսանցյանի երեխան Իտալիայի քաղաքացի է, եւ զրկված է տուն վերադառնալու իր սահմանադրական իրավունքից։ «Իմ երեխան արդեն 5 տարի է իր հայրական տուն չի կարողանում գնալ, նա ունի հայր, տատիկ։ Ես էլ էի Իտալիայում ապրում, բայց երբ գործը բացվեց, երեխայի հետ վերադարձա Հայաստան, որպեսզի չասեն՝ փախել եմ։ Իմ նկատմամբ գրավ է կիրառված, իսկ գրավի դեպքում, ըստ ՀՀ օրենքի․ ՍԷԿՏ-ը պետք է բաց լինի։ Գրավ կիրառելու իմաստը էլ ո՞րն է, եթե պիտի երկրից ելքը մնա փակ։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ՝ բացել իմ ելքը։ Ինձ մեղադրում են այն բանի մեջ, թե իբր միջնորդ եմ եղել երեխաների որդեգրման գործում, բայց չէ որ պետությունն է տվել որդեգրման։ Այդ երեխաների իրավունքների ոտնահարման մասին բոլորը մտածում են, բայց իմ երեխայի իրավունքներն արդեն 5 տարի է ոտնահարվում է, որեւէ մեկն այդ մասին չի խոսում, չէ որ նա Իտալիայի քաղաքացի է, մեր պետությանը երեխանե՞րն են  հետաքրքրում, թե՞ փողը», - նշեց զրուցակիցս։

Հիշեցնենք, որ երեխաների ապօրինի որդեգրման վերաբերյալ քրեական գործը բացվեց 2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել տասնյակ փոքրիկներ։ Գործի 73 հատոր նախաքննական նյութերը 2022թ․-ին մտավ դատարան ու մինչ օրս ոչ մի տեղաշարժ չկա։