«Լավն» է այն ընդդիմությունը, որն անվերապահորեն կողմ է իշխանության բոլոր նախագծերի՞ն

«Լավն» է այն ընդդիմությունը, որն անվերապահորեն կողմ է իշխանության բոլոր նախագծերի՞ն

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հարձակվել էին ընդիմադիր ԲՀԿ-ի վրա, որը «համարձակվել» է չմասնակցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախաձեռնությանը։ Իմքայլականները զարմանում են, թե ոնց կարող է ընդդիմությունը իրեն այսպես պահել։ Նրանց համար ընդդիմության չափանիշները փոխվել են՝ հիմա «իսկական ընդդիմությոնն» այն է, որը չի ըննդդիմանում, որը կողմ է իշխանության քայլերին, կարճ ասած՝ իսկական ընդդիմությունը իշխանության գրպանում բնակվող ընդդիմույթունն է։ Եվ հիմա ԲՀԿ-ն, որ որոշել է չհայտնվել իշխանության գրպանում կամ, պատկերավոր ասած, չպառկել իշխանության տակ, դարձել է իշխանությունների աչքի փուշը։ Մի խոսքով՝ նոր Հայաստանում «խիյարը ամեն տեղ սկսել է թարս բուսնել»։

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց հասցեին հնչած քննադատություններին, ասաց, որ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը չմիանալու որոշումը ԲՀԿ-ն կայացրել է՝ ելնելով զուտ իրավական նկատառումներից: 

«Մի կողմ թողնելով որոշման նախագծում ներկայացված 4 հիմնավորումների՝ իրավական առումով ոչ բավարար հիմնավորվածությունը, թույլ տվեք հիշեցնել ամենատարրական փաստարկը՝ ժամկետները բաց են թողնված: Այն հիմքով, որով կազմվել է իրավական ակտը՝ էական կարգապահական խախտում, վերջին անգամ գրանցվել է հունիսի 21-ին, որից հետո 14-օրյա ժամկետում էր օրենքը թույլ տալիս ներկայացնել միջնորդություն՝ ՍԴ նախագահի լիազորությունների կասեցման մասով: Ասեմ ավելին, զարմանալի է, որ իմ հարգարժան իշխանական գործընկերներից որևէ մեկի մտքով չի անցել, որ ՍԴ-ն միայն այս հիմքով կարող է միջնորդությունն առհասարակ չընդունել քննության, ինչն ինքնին անհնար է դարձնում որոշման նախագծին միանալը»,-ասաց տիկին Իսայանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԲՀԿ-ն հնարավոր է կաշկանդվածություն ունի ՍԴ-ի մասով, իսայանն ասաց՝ ստիպված է ևս մեկ անգամ հիշեցնել և վերահաստատել, որ մենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրելու ժամանակ, և այսօր էլ չեն կարծում, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի լավագույն մարմնացումն է: 

«Սա մեկընդմիշտ ֆիքսենք, և որևէ կաշկանդվածության ծիծաղելի փաստարկը չմեջբերենք: Ես չեմ հասկանում իմ իշխանական որոշ գործընկերների պահվածքը, նրանց սոցիալական ցանցերի գերէմոցիոնալ գրառումները: Այսինքն ի՞նչ պատկերացում ունեն նրանք ընդդիմության մասին՝ չակերտների մեջ «լավն» է այն ընդդիմությունը, որն անվերապահորեն կողմ է իշխանության բոլոր նախագծերի՞ն:

Ներեցեք, բայց ԲՀԿ-ն չի պատրաստվում մտնել իրավականորեն թույլ տիրույթ: Ասեմ ավելին, եթե ի սկզբանե կար նպատակ այս հարցում ունենալ լայն կոնսենսուս, քանզի միայն «Իմ քայլի» ձայները լիուլի բավարար են միջնորդության ընդունման համար, ապա ճիշտ կլիներ որոշման նախագիծը ևս դնել նախնական քննարկման: Գուցե մեր խմբակցությունը օգներ այն իրավականորեն անխոցելի դարձնելուն և այսօր առանց որևէ խնդրի բոլորս կողմ կքվեարկեինք կոնսենսուսով ընդունված որոշման նախագծին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։