Առաջիկա հանգուցյալի եւ նրա կողքի մեռելների մասին

Առաջիկա հանգուցյալի եւ նրա կողքի մեռելների մասին

Ողորմի Անդրանիկ Քոչարյանի կողքի մեռելներին, էն, որ նրա հետեւի շարքերում են բազմում՝ ԱԺ նիստերի ժամանակ: Ողորմի քեզ, ՔՊ մեծամասնություն: Դուք ձեր կենդանության օրերին արեցիք ամեն ինչ, որ ձեզ հիշենք ողորմածաբար, քանզի այդպես էլ չհասկացաք, թե ինչու արեցիք այն, ինչ արեցիք… Մեռելների մասով՝ այսքանը, իսկ առաջիկա հանգուցյալ Անդրանիկ Քոչարյանին դեռ կանդրադառնանք ստորեւ:

Գրել էի, որ ՔՊ-ում շոկ է, քանդվում է անառիկ թվացող ամրոցը: Մամուլն ավելի լավատես էր: Ըստ որոշ հրապարակումների՝ ՔՊ-ում իրար են ուտում: Գրել էին, թե Նիկոլը հասել է մի տեղ, որ քննադատությունների սլաքներն իրենից դույզն-ինչ հեռացնելու համար արդեն ՔՊ-շնիկներին է զոհում, իսկ թե ում՝ պետք է որոշեն ՔՊ-շնիկները: Սա ինձ անհամոզիչ է թվում: Երեւանի քաղաքապետարանի օրինակով կարող եմ ասել, որ Նիկոլը ՔՊ-շնիկներին տագնապելու առիթ չի տվել: Էն տղային, որ մի 25 օր առաջ դեռ նստած էր Ավինյանի այսօրվա աթոռին, ի՞նչ արեց Նիկոլը, կերա՞վ: Ոչ, իհարկե, տարավ, նշանակեց ՀՀ վարչապետի խորհրդական: Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համանախարար Դումանյանին գործից հանեցին: Որտե՞ղ է հիմա նա… ՀՀ նախագահի նստավայրում, այն է՝ դրախտում, որտեղ խոտն աճում է առանց ջրելու, իսկ հավքերը երգում ու դաշնամուր են նվագում առավոտյան 9:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն: Այսինքն՝ ՔՊ-շնիկները հատուկ պատճառներ չունեն վախենալու, որ Նիկոլն իրենց փուռը կտա կամ գործից կհանի:

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ում շոկ է: Գլխավոր խմբագիրս ասում է՝ ի՛, Էդիկ, ի՞նչ շոկ, ի՞նչ բան, նրանք լավ էլ ամուր բռնած են իրար ու իրենցն առաջ են տանում… Այո, կար նման բան, բայց, կարծես, իրավիճակ է փոխվել: Իսկ սկսեց փոխվել Նիկոլի՝ ՔՊ նախագահ դառնալուց հետո: ՔՊ վարչության տապալված ընտրություններն էլ՝ ապացույց: Այդ ժամանակ թիրախում հայտնվեցին Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը: Կոմպրոմատը քովիդի ժամանակ այս տղաների կերած մեծ-մեծ բողկերն էին: Թերթերը միամտաբար գրեցին՝ Նիկոլը փուռն է տալիս Արսենին ու Տիգրանին: Այ ձեր ցավը տանեմ, Նիկոլն ինչպե՞ս կարող էր փուռը տալ քովիդի նախարարին ու պարետին, եթե քովիդի ժամանակ այդ գրասենյակն ինքն էր կառավարում… անձամբ: Մի խոսքով՝ Արսենին ու Տիգրանին զոհելը շառոտ գործ էր, եւ առնվազն Տիգրանն այսօր Երեւանի քաղաքապետի աթոռին է դնում իր հետույքը: Արսենի համար էլ մի գործ կճարեն, հո վեչնի պատգամավոր չի՞ մնալու: Եվ հարց ծագեց՝ բա ո՞նց անենք, որ քովիդի չարաշահումների աղմուկը դադարի: Շատ մտածեցին, թե քիչ՝ դա էլ իրենք գիտեն, վերջը կանգ առան Հովիկ Աղազարյանի վրա: Չգիտեմ՝ ինչ լցրին էս անշառ մարդու առավոտյան սուրճի մեջ, բայց հենց այդ առավոտ նա «դայաղ եղավ» կարտոլ ծախողներին: Մոտ մեկ շաբաթ հանրությունը թքում-մրում էր Հովիկ Աղազարյանին, իշխանական շրջանակներն էլ մյուս կողմից էին ջուր լցնում այդ ջրաղացին, թե կարտոլ ծախողը դատի է տալու, թե բա չէ՝ Աղազարյանն է դատի տալու… Տեսնես Հովիկ Աղազարյանը գոնե հասկացա՞վ, որ ինքն այդ պահին մեջների «կյաժն» էր, որ պետք է ծաղրածուի դեր կատարեր, մինչեւ քովիդի աղմուկը լռեր, եւ Ավինյանը նստուկը դներ քաղաքապետի աթոռին:

Տեսնելով, որ նախկիններից էլ օգուտ չկա, ներսում քավության նոխազներ գտնելը ՔՊ-ի համար դարձել է գործելաոճ: Նիկոլին եւ նրա տիկնոջը, այո, դեռ չեն հասել, բայց մի օր էլ կլսենք, որ նրանք են հայտնվել որեւէ սկանդալի կենտրոնում: Ի դեպ, նրանք բազմիցս են հայտնվել սկանդալների մեջ (վերջին անգամ՝ 11 հազար դասալիքի մասին հայտարարության պատճառով), բայց ՔՊ-շնիկները, պետք է ասել, պատվով կատարեցին Նիկոլի տիկնոջ բարձրացրած աղմուկը լռեցնելու հանձնարարականը: Բայց մինչեւ ե՞րբ, դեռ էլի ո՞ւմ պետք է զոհեն ու փուռը տան, եւ, արդյոք, Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ բոլոր փուռը տրված ՔՊ-շնիկներին ապահովել աթոռներով, այն էլ՝ այն դեպքում, երբ փուռը տրվողների պաշտոնները գնալով բարձրանում են: Պուտին բռնող Գագիկ Մելքոնյանին, որն իր հայտարարությամբ գրեթե պլինտուսի մակարդակի իջեցրեց ժողվարչապետի պլանկան, հասկանալի է, կարելի է որեւէ զորամասում թիկունքի գծով պաշտոն տալ, բայց ի՞նչ անել ԱԺ նախագահի հետ, որի պաշտոնը վարչապետի պաշտոնից հինգ պակաս է ընդամենը: Ալեն Սիմոնյանի պրոբլեմն էլ ի՞նչ էր՝ չէր հանդուրժել «դավաճան» որակումը, որը, ինչպես ՀՀ առաջին նախագահը նշեց, ընդամենը քաղաքական կարծիք է: Այո, պետք էր հանդուրժել, պարոն Սիմոնյան: Դուք չգիտեի՞ք, որ կապիտուլյացիայից հետո ՔՊ-ում հանդուրժողականության բում է սկսվել: Օրինակ վերցնեիք այն ՔՊ-շնիկներից, որոնք չեն վիրավորվում «թուրք», «բոզի տղա», «հողատու», «կապիտուլյանտ», «թշնամի» եւ նմանատիպ այլ քաղաքական որակումներից: Մի «դավաճան» ասին՝ Ձեզ պատեպատ տվեցիք հանուն Նիկոլի: Բա Ձեզ պե՞տք էր: Դուք, ախր, ԱԺ նախագահ եք… Հրեն, ձեր խմբակցության քարտուղարն աջուձախ սպառնում է ականջ ու լեզու կտրել՝ ո՞վ է բանի տեղ դնում այդ չկայացած երեւույթին: Մեծախոսության համար մի հատ էլ որ չռփես՝ միլիցա կկանչի: Ի՞նչ ասեմ, ներողությունդ ընդունելի լինի, պարոն Սիմոնյան:

Եվ վերջում, ինչպես խոստացել էի, Անդրանիկ Քոչարյանի մասին: Սրան կարծես հանձնարարել են ՀՅԴ-ի մասին որոշ բաներ բարբաջել՝ երկարաձգելով Փաշինյան Նիկոլի իշխանությունը: Ժամանակին այդ գործը տխրահռչակ Արման Բաբաջանյանին էին տվել, բայց նա փախավ Հայաստանից՝ ողջ ծանրությունը թողնելով ՔՊ-ի ուսերին: ՔՊ-ում էլ շատ արագ կողմնորոշվեցին եւ որոշեցին, որ Դաշնակցության դեմ պետք է մարտի գնա Քոչարյան Անդոն՝ հանրության կողմից ամենասիրված ՔՊ-շնիկներից մեկը: Համ էլ՝ լեւոնական է, ինչը թույլ կտա «պրոցեսին» բնական գույն հաղորդել: Եվ Անդրանիկ Քոչարյանը կուտը կերավ՝ հայտարարելով. «Դաշնակցության անհատներն ու ջոկատները միշտ պատրաստ են ապակայունացման գործընթաց անել»:

Կարելի էր բանատեղ չդնել այս հայտարարությունը, եթե թռած չլիներ Քոչարյան Անդոյի բերանից եւ խիստ որոշակի ասոցիացիաներ չառաջացներ նրա նախկին բոսի՝ 1994 թվականի որոշ հայտարարությունների հետ: Ասոցիացիաներն առայժմ դնենք մի կողմ: Քոչարյան Անդոն նաեւ հայտարարել է, որ ինքը կողմ է քվեարկելու, երբ գլխավոր դատախազը գա ԱԺ՝ դաշնակցական Մհեր Սահակյանի հետեւից: Ինչո՞ւ է հատկապես Քոչարյան Անդոն նման բան հայտարարում, երբ ինքը ներկա չի եղել միջադեպին եւ միայն ՔՊ-շնիկների պատմելով գիտի, թե ինչն ինչպես է եղել: Լավ, ենթադրենք՝ դատախազը եկավ ԱԺ ու պահանջեց Սահակյանին, հարցը սկսեցիք քննարկել, ու մեկ էլ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ինքն ընդհանրապես «ոչխար չի ունեցել»: Ի՞նչ ես անելու, այ Քոչարյան Անդո: Թե՞ արդեն վստահ ես, որ ձեր դատախազը Մհերի դեմ գործ կհարուցի ինքնապաշտպանության դիմելու եւ մեկ հարված հասցնելու համար: Ով՝ ով, բայց Քոչարյան Անդոն պիտի հասկանար, որ փուռն է գնում, եւ ՔՊ-ական համընդհանուր շոկի մեջ ճիշտ կողմնորոշվեր: