Դատապարտյալները շփվում են սկայպի միջոցով․ օրական 10-15 դիմում են ստանում «վերևներում»

Դատապարտյալները շփվում են սկայպի միջոցով․ օրական 10-15 դիմում են ստանում «վերևներում»

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը տեւելու է մինչեւ մայիսի 14-ը։ Այն իր հետ բերել է խիստ սահմանափակումներ, ազդել է նաեւ առանց այդ էլ անազատության մեջ գտնվող անձանց տեսակցությունների եւ հանձնուք ստանալու վրա։

Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դատապարտյալների տեսակցությունները կազմակերպվում է տեսազանգի միջոցով․ «Արտակարգ դրության որոշումով է սահմանված, որ դատապարտյալների եւ կալանավորների անձանց շահերից ելնելով՝ հանձնուքների եւ տեսակցությունների սահմանափակում է իրականացվում, տեսակցությունները՝ բացառապես սկայպի միջոցով, որ որեւէ ձեւով կորոնավիրուսի ներթափանցում ՔԿՀ-ներ կանխվի»։

Նրանք նաեւ նշեցին, որ դեռեւս մեկ տարի առաջ անազատության մեջ գտնվող անձանց համար տեսակապով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվել․ «Մինչ արտակարգ դրությունն արդեն տեսազանգի միջոցով հարազատների հետ շփվելու հնարավորություն է եղել։ Բոլոր ՔԿՀ-ներում սկայպի միջոցով հեռահար տեսակցելու հնարավորություն ենք տվել»։

Քրեակատարողական ծառայությունից էլ հայտնեցին, որ դիմումի հիման վրա են ապահովում տեսազանգի միջոցով շփումը․«Եթե ազատազրկված անձը ցանկություն է հայտնում, ապա իր դիմումի համաձայն կազմակերպվում է»։

Հարցին, թե ինչքա՞ն ժամանակում է հարցը լուծվում, պատասխանեցին, որ մինչեւ 18:00-ն, ապա ավելացրին, որ օրական 10-15 նմանատիպ դիմումներ են ստանում։