Ինչու՞ է Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին

Ինչու՞ է Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին

Երբեմն ոմանց մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ է Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին և ոչ թե  դեկտեմբերի 25-ին, ինչպես աշխարհի շատ երկրներում է:

Նախ հարկ է նշել, որ մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն, անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Ուստի` հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոն: Հետագայում Հունաստանում, Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության` Մկրտության օր:

Ինչպես նշում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, երբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին անցավ նոր տոմարի, օրացույցը տեղաշարժեց տասներեք օր առաջ, ուստի դեկտեմբերի 25-ը և հունվարի 6-ը սկսվեց տոնվել նոր տոմարով, այսինքն՝ տասներեք օր շուտ։ Իսկ հույները շարունակում էին օգտագործել հին տոմարական օրացույցը, ուստի Բյուզանդական և Ռուս Ուղղափառ եկեղեցիներում Սուրբ Ծննդյան տոնը դեկտեմբերի 25-ի փոխարեն նշում են հունվարի 7-ին, իսկ մկրտության տոնը հունվարի 6-ի փոխարեն նշում են հունվարի 19-ին (այսինքն՝ տասներեք օր ուշացումով)։

Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, թեև Եվրոպայի հետ միասին անցավ նոր տոմարի, սակայն, հնագույն առաքելական ավանդույթին հավատարիմ՝ Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները տոնում է հունվարի 6-ին:

Այս տոմարական «խառնաշփոթի» շուրջ հիմնավոր պարզաբանում է տվել նաև Ներսես Շնորհալին. «Հայաստանյայց Եկեղեցու՝ նախնիներից սկիզբ առած ավանդություն է նաև հետևյալը. այն, որ Տիրոջ Ծննդյան ու Մկրտության տոնը նույն օրն ենք կատարում, և դա՝ ո՛չ վայրաբար, այլ հույժ խորհրդաբար։ Որովհետև բոլոր Եկեղեցիները սկզբում այսպես էին նշում։ Եվ թեպետ ժամանակներ անց այլ եկեղեցիներում մեկ տոնը երկուսի բաժանեցին, մենք սուրբ Գրիգորից մեզ ավանդվածն անփոփոխ պահեցինք» :

Այսպիսով, Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայոց եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Նշենք, որ «Աստվածահայտնության» խորհրդի համաձայն՝ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22): Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

Այդ օրն առավոտյան մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Սուրբ Ծննդի տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: