Բոլորն էլ դրսերում լավ պարապած են

Բոլորն էլ դրսերում լավ պարապած են

Ադրբեջանն անընդհատ ռազմական սպառնալիքներ է հնչեցնում Արցախի նկատմամբ։ Դա իր նպատակն ունի։ Ահաբեկել արցախցիներին , Արցախում իրականացնել խաղաղ ձևով բնակիչների տեղահանում։ Ընդ որում նա դա իրականացնում է՝ գործի դնելով նաև  տնտեսական բլոկադան։ Բերձորի միջանցքը ամբողջովին շրջափակված է և Արցախ  մատակարարումներ չեն իրականացվում: Այս ֆոնի վրա Ադրբեջանին «պադերժկա անելու» փաշինյանական քաղաքականությունը, որը տարածվում է իշխանության բոլոր կառույցների վրա, արտահայտվում է Պետրոս Ղազարյանի ՝ ի՞նչ ռեսուրսով եք պաշտպանելու Արցախը «անմեղ թվացող հարցով»։ Նա յուղոտ հայացքով նկարագրում է Ադրբեջանի հզոր բանակը, նրա զորավարժությունները, «հաթաթա է տալիս» Թուրքիայով։ Հետո ներքին անզուսպ հրճվանքով զրուցակցին հարցնում ՝ դուք պատերա՞զմ եք ուզում և ինքնաբավարարված ժպտում՝ «ձեզ բացահայտեցի» իմաստային երանգով։ Ստացվում է, որ հայ ժողովրդին պատերազմի սարսափով ահաբեկում է ոչ միայն Ալիևը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր քարոզչամեքենայով ու թիմով։ 

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղություն լինելու՞ է։ Նիկոլ Փաշինյանը տարբեր երանգներով ու դրսևորումներով տվել է այդ հարցի պատասխանը․  «․․․մենք կարող ենք «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել և մի շաբաթ հետո  ստանալ նոր պատերազմ կամ նոր էսկալացիա»։ Այդ դեպքում ինչու՞ է ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Մի պարզ պատճառով։ Երկարձգում է իր իշխանությունը։ Շատ լավ գիտի, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու։ Ամեն մի նոր բան զիջելու ընթացքում ժամանակի ինտերվալը կձգվի, կերկարի իր իշխանությունը և կգա մի պահ, որ Հայաստանն այլևս դիմադրելու ռեսուրս  չի ունենա։ Նիկոլ Փաշինյանին այդ միջանկյալ ժամանակն է պետք։ Նա Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ու Արցախը հանձնելուց հետո արցախցիների՝ որպես էթնիկ փոքրամասնության իրավունքները պաշտպանելու կեղծ ժողովրդավարական փաթեթավորմամբ իրականացնում է այն ծրագիրը, որի համար նրան կյանքի են կոչել։ 

Նրա թիմի անդամների վերջին հայտարարությունները հուշում են, որ իրենք ոչ թե անփորձ են ու չեն հասկանում, թե ինչ են անում, այլ նպատակային խփում են նույն կետին, որ կետին խփում է Ադրբեջանը։ Եվ պատահականություն չէ, որ նրանցից յուրաքանչյուրի կենսագրության մեջ խորանալուց, հասկանում ես, որ բոլորն էլ  դրսերում լավ  պարապած ակրոբատներ են, անփորձ մարդ չկա։