Լողափին հայտնաբերվել է մարդու կմախք․ ինչ է հայտնի այդ կմախքի մասին

Լողափին հայտնաբերվել է մարդու կմախք․ ինչ է հայտնի այդ կմախքի մասին

Իտալիայում, լողափին հայտնաբերվել է մարդու կմախք, որը մոտ 2 հազար տարեկան է։ Գիտնականները ենթադրում են, որ վերջինս ողբերգական կերպով մահացել է Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ։ Այս մասին հայտնում է Archaeological Park of Herculaneum-ը։ Հերկուլանիումը փոքրիկ քաղաք է, որը գտնվում է հրաբխից դեպի արեւմուտք, եւ որը այն ժամանակ եղել է առողջարանային քաղաք։

Վեզուվի հրաբուխը պեմզայի եւ մոխրի հաստ շերտի տակ թաղել է այս քաղաքը, իսկ մոտ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած աղետի զոհերի կմախքները հայտնաբերվում են մինչեւ օրս։ Այդպես տեղի է ունենում այն պատճառով, որ հրաբխային մոխրի, պեմզայի եւ պիրոկլաստիկ նյութի հաստ շերտի տակ մարդկային ոսկորի հյուսվածքները կարբոնացվում են․ սակայն ներքին օրգաններն ու փափուկ հյուսվածքները գործնականում գոլորշացել են բարձր ջերմաստիճանների պայմաններում։ Հենց դրա համար է, որ հայտնաբերվում են ոսկորներ եւ ոչ թե օրինակ մումիֆիկացված օրգաններ։

Կմախքներն ի դեպ, հայտնաբերվում են գրեթե մշտապես, սակայն հիմա գիտնականները որոշել են ուսումնասիրել ոչ թե Հերկուլանիումը, այլ վերջինիս շրջակայքը։ Գիտնականները պարզել են, որ նոր հայտնաբերված կմախքը պատկանում է մահվան պահին 40-45 տարեկան տղամարդու։ Կմախքի կողքին հայտնաբերվել են նաեւ այլ իրեր, որոնք եղել են կտորից պայուսակի մնացորդներ, փայտե արկղ մետաղյա իրերով, կտորեղենի մասնիկներ, եւ ամենայն հավանականությամբ՝ ոսկյա զարդերի մնացորդներ։ Գիտնականները դեռ պարզում են, թե կմախքն ինչ ճանապարհով է հայտնվել լողափին։ Սակայն ամենայն հավանականությամբ վերջինիս լողափ «հասցրել է» պիրոկալիստիկ հոսքը։ Սա հաստատվում է այն բանով, որ կմախքը խիստ վնասված է, եւ գտնվում է հենց այդ հոսքի մեջ։