Արեւմուտք-Ռուսաստան պատերազմը կշարունակվի՞ Հայաստանում… Փաշինյանը՝ Զելենսկու ճանապարհով

Արեւմուտք-Ռուսաստան պատերազմը կշարունակվի՞ Հայաստանում… Փաշինյանը՝ Զելենսկու ճանապարհով

Նույն քաղաքական դպրոցի սաները 

Արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Զելենսկին ու Միխայիլ Սահակաշվիլին շատ նման են իրար. նման են նրանց պոպուլիստական ժեստերը, էքսցենտրիկ պահվածքը, բառապաշարը, էմոցիոնալ բեմականացված ելույթները «ժողջանի» առջեւ. Զելենսկին ծնկաչոք պատրաստակամություն էր հայտնում՝ կյանքը տալ հանուն Ուկրաինայի, Փաշինյանը նման ոգով լացակումած բանաստեղծություն էր արտասանում հրապարակում: Զելենսկին բոլոր ուկրաինացիներին համարում է նախագահ, նույնն ասում էր Փաշինյանը՝ երեք միլիոն «վարչապետերին» խոստանալով, որ «որոշում կայացնող այդ մեկ մարդը դո՛ւ ես, այդ մեկ մարդը դո՛ւ ես»: Զելենսկին խոստանում էր, որ Ուկրաինայի ճակատագիրը կորոշեն ուկրաինացիները, Փաշինյանը խոստանում էր, որ Արցախի հարցը կլուծվի հրապարակում՝ ժողովրդի հետ միասին:  Գունավոր հեղափոխություն իրականացրած երեք նախագահներն էլ իրենց պաշտոնավարումը սկսեցին հեծանիվ վարելով: Շատ երկար կարելի է խոսել այս երեք ղեկավարների նմանությունների մասին: Ընդհանրացնելով, կարելի է գալ մեկ եզրահանգման. նրանք նույն «դպրոցն» են գնացել, սովորել են նույն «ուսուցչի» մոտ, նույն նիկոլազելենսկիաբուծարանում են «բուծվել»: 

Զելենսկին, այնուամենայնիվ, մի քիչ ազնիվ է

Ակնհայտ է, որ Զելենսկին եւ Ուկրաինան դարձել են Արեւմուտքի ձեռքի գործիքը. այստեղ հակառուսական հիստերիա հրահրելով եւ Զելենսկուն որպես մարիոնետ օգտագործելով՝ Ուկրաինայի եւ ուկրաինացիների կյանքի հաշվին Արեւմուտքն իր հաշիվներն է մաքրում ՌԴ-ի հետ: Որքան էլ Զելենսկին ցանկանում է ավարտել պատերազմը եւ լեզու գտնել Պուտինի հետ, դա թույլ չի տալիս Արեւմուտքը. նրան պետք է երկարաձգել պատերազմը, որպեսզի ջլատի ՌԴ-ի ռազմական ուժերը: Արեւմուտքին չի մտահոգում ո՛չ ուկրաինացիների կյանքը, ո՛չ էլ ծաղկուն երկրի՝ դժոխքի վերածվելը: Արեւմուտքի հումանիզմը սահմանափակվում է «մտահոգ» հայտարարություններով: Այս ամենով հանդերձ, Զելենսկին Փաշինյանի համեմատ ազնիվ է. նա բացահայտ արեւմտամետ է եւ այդ խաղում ազնիվ է: Ու պատերազմի հենց սկզբից նա Արեւմուտքից պահանջեց, որ գնահատվի իր նվիրվածությունը: Գիտակցելով, որ ինքը դարձել է գործիք գերտերությունների ձեռքին, նա պահանջեց՝ Ուկրաինային օգնել զենքով ու զորքով, առցանց հանդիպումներ ունեցավ արեւմտյան ավելի քան տասը երկրների խորհրդարանների առաջ, երբեմն սուր քննադատեց, հանդիմանեց այդ երկրների քաղաքականությունը՝ իրենց չօգնելու, բավարար աջակցություն չցուցաբերելու համար:

Նա չի վախենում նախատել Արեւմուտքին: Օրինակ՝ ելույթ ունենալով Իտալիայի Պատգամավորների պալատում՝ նա իր լսարանին ամոթանք է տվել այն բանի համար, որ ռուս պաշտոնյաներն ու Պուտինի շրջապատի անդամները հաճույք են ստանում Իտալիայում հանգստից։ «Մի՛ եղեք մարդասպանների հանգստավայր»,- նախատեց նա։ Նա իր ելույթներում խոսում է ուկրաիներեն: Զելենսկու այս խիստ մոտեցումներն արդյունք են տալիս. Արեւմուտքը զորք չուղարկեց, բայց զենքով ու ֆինանսական միջոցներով լիուլի ապահովում է Ուկրաինային: Զելենսկին նաեւ չի խաբում իր ժողովրդին՝ արծրունհովհաննիսյաններ չի պահում, անկեղծորեն ներկայացնում է իրենց վիճակը՝ ժողովրդին մասնակից դարձնելով դիմադրության պրոցեսին։

Գավառական «շուստրիության» աշխարհաքաղաքական ծանր հետեւանքները

Հայաստանի ու Արցախի դրությունն այսօր այնպիսին է, որ մեր երկրի ղեկավարը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ առանց գրգռելու բեւեռված աշխարհի որեւէ կողմին, կարողանա առանց վտանգելու լուծել սեփական երկրի խնդիրները: Սակայն Փաշինյանը չունի դիվանագիտական այդ փորձն ու գիտելիքները, որ կարողանա «փոթորկված ծովից» Հայաստանի «նավն» անփորձանք դուրս բերել: Ուստի, նա անցել է գավառական «շուստրիության» մեթոդին, որը երկար ժամանակ լավ աշխատել է Հայաստանի ներսում, որտեղ հասարակության մի մասին կարելի է խաբել «թուղթ ու գրի» ազդեցությամբ արդարանալով: Բայց դա չի աշխատում աշխարհի հզորների հետ «խաղալիս»… Փաստ է, որ Փաշինյանն ու իր թիմը ակնհայտ հակառուսներ են, արեւմտյան կողմնորոշման կրողներ:

Նրանք «տակից» հակառուսական քարոզ են անում, արժեզրկում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, գնում եռակողմ հանդիպումների եւ համաձայնում Մինսկի խմբի «լուծարման» շուրջ, որ Արցախի հարցը լուծեն երեքով՝ Փաշինյան, Ալիեւ, Միշել, առանց անգամ հաշվի առնելու, որ այսօր արյունարբու ադրբեջանցու եւ արցախցու միջեւ ռուս խաղաղապահն է կանգնած: Ու այսքանից հետո գալիս են տուն եւ ինչ-որ դիջեյների մակարդակով ուզում են ասել, թե իրենց կենսագրության չափ դիվանագիտական փորձ ունեցող Լավրովը լավ չի հասկացել ինչ-որ բան… Այսպես Արեւմուտք-Ռուսաստան պատերազմի երկրորդ ճակատը Փաշինյանը կարող է բերել Հայաստան: Նա իր դիվանագիտական բոբիկությամբ ու գավառական «շուստրիությամբ» ոտնատակ է ընկել աշխարհի հզորների «ռազբորկայում» ու թեթեւաբարո կնոջ նման ուզում է խանդի տեսարաններով երկարաձգել իր պաշտոնավարումը. ով կտա երկար պաշտոնավարելու երաշխիք, նրա հետ էլ այդ օրը կգիշերի… որ պահին պետք եղավ՝ կդավաճանի: 

Մինչդեռ այդ դավաճանական «գիշերները» կարող են ճակատագրական լինել Հայաստանի ու Արցախի համար. Ռուսաստան-Արեւմուտք ռազմական բախման երկրորդ ճակատը կարող է պայթել Հայաստանի ներսում: Դա ցանկալի չէ Ռուսաստանի համար, սակայն ցանկալի է Արեւմուտքի համար, ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Նրանք կարող են վերջապես լուծել «Հայաստանի հարցն առանց հայերի» եւ իրականացնել իրենց դարավոր երազանքը։