Խաղաղության պայմանագրի թեման համարե՞նք առկախված

Խաղաղության պայմանագրի թեման համարե՞նք առկախված

Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը on-line ասուլիսի էր մասնակցել պետքարտուղարության Brussels Media Hub-ում, բայց հաստատված սովորույթները խախտելով հիմնականում ոչ թե լրագրողների հարցերին էր պատասխանել, այլ ինքն էր ընդարձակ մուտքի խոսքով հանդես եկել՝ 2024-ին Եվրոպական մայրցամաքում զարգացումների վերաբերյալ ԱՄՆ ակնկալությունների մասին։ 
Բնականաբար, թեմաները մի քանիսն էին եղել, որոնց պրն․ Օ՛Բարյենը անդրադարձել էր՝ նախ միջազգային նավարկության ազատությունն ու ապահովությունը՝ Սեւ ծովում Ուկրաինայի հացահատիկի արտահանումից մինչեւ Կարմիր ծովում նավարկության ազատության համար Houthi-ների ռազմական օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցվող հարվածները։ Նաեւ Բալկաններին էր անդրադաձել՝ Սերբիայի տեղական ու խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներից մինչեւ Բոսնիա-Հերցեգովինային մաս կազմող Srpska Respublika-ում Ազգային օր նշելու նախաձեռնությունը` նախագահ Միլորադ Դոդիկի այդ քայլը որակելով «ազգանական ծաղրածություն»։ 

Ի դեպ բավականին ուշագրավ է, որ Օ՛Բրայենը բացահայտել էր, թե անձամբ որքան է ներգրավված եղել 1990-ականների Բալկանյան գործընթացներում․ «Ես եմ եղել Դայտոնում։ Ես եմ եղել անձը, ով աշխատել է Բոսնիայի կողմերի հետ իրենց սահմանադրության մշակման վրա։ Հետեւաբար ես գիտեմ որն է եղել Դայտոնի բնագիրը (Դայտոնյան համաձայնագրի բնագիրը, որով հիմնադրվել է Բոսնիա-Հերցեգովինա պետությունը)։ Այն իմ գրչի տակից է դուրս եկել։ Իր (Միլորադ Դոդիկի) խոսակցությունները անջատվելու մասին այնտեղ բացեիբաց մերժվել են, կողմերը համաձայնել են դա համարել մերժված հենց Դայտոնում։ Դա անհեթեթ է եւ հակասահմանադրական ․․․»։ (I was at Dayton; I was the person responsible for working with the Bosnian parties to draft their constitution.  So I know what the original Dayton was.  It came out of my pen.  His talk of secession was explicitly rejected and agreed to as rejected at the original Dayton.  It’s nonsense and it’s unconstitutional). 

Իհարկե, Բալկանները, Բալկաններում ռուսների խառնակչությունը հավերժական թեմա են։ Հակոբ Պարոնյանը դեռ մեկ դար առաջ, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինի կոնգրեսի ժամանակներում Պոլիսի «Մասիս» պարբերականում լույս տեսնող իր քրոնիկներում է գրել․ «Մէյ մը կանանց վարս շտկելը, մէյ մ՛ալ Ռուսիոյ սահման շտկելը վերջանալիք բան չէ։ Այսչափ տարիներէ ի վեր մեր բարեկամ Ռուսը սահման կը շտկե եւ դարձեալ շտկելու տեղ մը կը գտնէ։ Տարակոյս չկայ, որ նորընծայ Սերվիան, Սեւ Լեռը եւ Ռումանիան ալ իրմէ սորվեցան սահման շտկելու արուեստը»։ Պարոնյանի այդ սրամտությունից 150 տարի է անցել եւ ժամանակը հաստատել է Բալկաններում ռուսական դիրիժորությամբ սահմաններ շտկելու խառնակչության անվերջ լինելը։ 
Ռուսաստանը, իհարկե, միայն Բալկաններում չէ, որ խառնակչությամբ է զբաղվում, ներկա պահին ռազմական գործողությունների մեջ է խրված Ուկրաինայում, ներկա է նաեւ Հարավային Կովկասում։ Ինչը նորություն է 19-րդ դարավերջի համեմատ, այժմ ռուսական խառնակչությունը բախվում է այլոց, գերազանցապես Միացյալ Նահանգների ներկայությանը։ Դրա համար էլ, թե ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ի պաշտոնե Եվրոպայի ու Եվրասիայի համար ԱՄՆ բարձրագույն դիվանագիտը, ինչ զարգացումներ է ակնկալում Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 2024-ին, հետաքրքիր է։ 

Օ՛ Բրայենը՝ Հարավային Կովկասի մասին

Բրյուսելյան ասուլիսում պրն․ Օ՛Բրայենը երկու պարբերությամբ էր անդրադարձել Հարավային Կովկասին, խոսելով միայն Հայաստանի եւ Ադրբեջանի մասին։ Բացարձակապես որեւէ բառ չէր ասել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, կնքման մոտալուտ լինելու, կամ թեկուզ պայմանագրի՝ ավարտին մոտ մի փուլում գտնվելու մասին։ Դա հիմք է տալիս ավելի վստահ լինելու, որ պայմանագրի թեման ջրված է, գոնե 2024թ-ի համար, ոչինչ էլ չի բանակցվելու, ոչինչ էլ չի ստորագրվելու։

Պրն․ Օ՛բրայենը 2024-ի հունվարի 11-ին բառացիորեն ասել է․ 

«Այժմ, մի քանի բառ Հարավային Կովկասի մասին։ Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, կայուն և արժանապատիվ խաղաղությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս առումով մի քանի կետ։ Մենք շատ քաջալերված ենք, որ նրանք շարունակում են երկկողմ շփումների կենսունակ օրակարգ ունենալ և լուծումներ են փնտրում խնդիրներին, որոնք մնում են իրենց միջև: Առջեւում շատ ավելին կա, որ պետք է արվի, և որքանով մենք կարող ենք օգտակար լինել կողմերի միջեւ աշխատանքին, ուրախ ենք աջակցել: Մենք շատ հագեցած հարաբերություններ ունենք երկու երկրների հետ ամբողջ սպեկտրով՝ տնտեսական, անվտանգային, քաղաքական կապեր, մենք ցանկանում ենք, որ նրանք երկուսն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ նպատակի համար որ եղանակով ամենից ընդունելի լինի։ 

Կարծում եմ՝ երկու կառավարությունների համար էլ սա ևս մեկ հնարավորություն է՝ իրենց ժողովուրդների համար ավելին անելու: Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, և ես գիտեմ, որ այնտեղ կխոսեն դերի մասին, որը իրենք ցանկանում են խաղալ տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում․ կարծում եմ խաղաղության հաստատումը միայն կնպաստի այդ ծրագրերին: Այժմ մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու բոլոր հարցերը երկու երկրների հետ էլ, որ առկա են օրակարգում՝ սկսած որոշ անձանց՝ կալանքի տակ գտնվելու կապակցությամբ մեր մտահոգություններից մինչև երկկողմ խնդիրներ, և առաջիկայում  սպասվում է շատ հագեցած օրակարգ: Ընդսմին, այս ամենը արվում է երկու երկրների միջև տեւական, կայուն, արժանապատիվ խաղաղություն խրախուսելու համատեքստում»:

Անգլերեն բնագրով․ “So a couple words on the South Caucasus:  We support a peace agreement, a durable and dignified peace, between Azerbaijan and Armenia.  And on this, a couple points.  We’re very encouraged that they continue to have a robust agenda bilaterally and address the issues that remain between them.  There are more to work through, and to the extent we can be helpful as they do, we’re happy to support.  We have very full relationships with both countries that range across economic, security, and political ties and we would like to see them both benefit from a peace arrangement, and we’ll be working to that end in whatever way is most acceptable.
I think this is another great opportunity for both governments to deliver more for their people.  The reform agenda in Armenia is very impressive.  Azerbaijan has elections coming up and I know can talk about the role that it wants to play in regional economic development, and I think a peace arrangement would only contribute to those plans.  Now, we would like to be able to discuss all the issues we have on the agenda with both countries, from our concerns about some people in detention to bilateral issues, and we’ll have a very full agenda as we go forward.  But it’s all under the umbrella of encouraging a lasting, durable, dignified peace between the two countries.

Ինչպես տեսնում ենք, հակառակ անցյալ տարեվերջին Երեւանի եւ Բաքվի պաշտոնական շրջանակների  արհեստական աղմկարարաությանը, թե իբր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարց է կանգնած օրակարգում, ԱՄՆ պետքարտուղար տեղակալ Օ՛Բրայենի խոսքից ակներեւ է, որ համաձայնագրի ոչ ավարտման, ոչ կնքման հարց, նվազագույնը 2024-ի ընթացքում, օրակարգում չկա։  Հակառակ դեպքում, որեւէ բառ պրն․ Բրայենի կողմից այդ մասին կասվեր։ Ընդսմին ամենքս էլ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգներն են կենտրոնական միջնորդը, հյուրընկալը եւ կնքահայրը հայ-ադրբեջանական բանակցություններում, եւ եթե նրանք, ինչպես եւ սպասելի էր, 2024-ի ընթացքում չեն զբաղվելու Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրով, նշանակում է դրա ավատն էլ մնացյալն էլ հետաձգվում է, եթե չմտածենք, որ գրվում է սառույցին։

Հետաձգման մի ակնհայտ պատճառը ԱՄՆ-ում սկսված, բոլոր կանոններից դուրս նախագահական ընտրարշավն ու primeries-ն են։ Իհարկե, նաեւ ԵՄ-ում մայիսին սպասվող Եվրոխորհրդարանի ընտրությունները, նաեւ Մերձավորն Արեւելքում՝ Գազային գոտում, Լիբանան-Իսրայելի սահմանին, Կարմիր ծովում ոչ միայն չթուլացող, այլեւս ահագնացող ռազմական իրադրությունը։ Բայց այդ բոլոր արտաքին գործոններից այն կողմ, նաեւ կա հանգամանքը, որ վերջնահաշվում հայ-ադրբեջանական բանակցությունների կամ խաղաղության պայմանագրի վրա ժամանակ եւ ռեսուրս վատնել չարժե։ 

Հիմնական կարեւորության հարցը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համալիրում, պետական սահմանի ճշգրտումն է երկու երկրների միջեւ, ինչը թույլ կտա ամբողջ սսահմանագծով տեղակայել ԵՄ առաքելության դիտորդներին, հետագայում առաքելությունը լրացնել ռազմական բաղադրիչով, European Peace Facility-ի միջոցով Հայաստանին անհրաժեշտ սպռազինություն տրամադրել, որպեսզի հնարավոր դառնա 2024-ի ընթացքում Հայաստանի արդյունավետ առաջխաղացումը դեպի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրում։  Ամենքը՝ Հայաստանը եւ գործընկերները  պետք է ձգտեն, Մոսկվան էլ պետք շարունակի չխոչընդոտել, որ 2024-ին Հայաստանի սահմանները, դրանց անվտանգությունը կարգավորված ու երաշխավորված լինի գոնե այն աստիճան, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար եւ ԵՄ անդակացության թեկնածու երկրի կարգավիճակի համար դիմում ներկայացնի Բրյուսել։  Այդ ընթացքի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, գոյությունը կամ չգոյությունը զրո նշանակություն ունի։ 

Դրա համար էլ վերջապես գործնականություն ենք տեսնում կենտրոնանալու նրա վրա, ինչը 2024-ի ընթացքում նշանակություն ունի՝ ՀՀ պետական սահմանի հստակեցումը եւ անձեռնմխելիության երաշխավորումը։ Հաջորդ հարցը կլինի արցախցիների վերադարձի  ապահովումը իրենց տներ եւ տարածք։ Այդքանից հետո եթե իմաստ կունենա, թող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման փուլին անցնեն։ Ներկա պահին առանց ժամանակ կորցնելու պետք է սահմանները հստակեցնել եւ ԵՄ առաքելության ուժերով ամրացնել։ Դա ընթացքը սկսվել է, Երեւանն ու Բաքուն սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովի աշխատակարգ-կանոնակարգեր են հաստատում։ Հուսանք, այդ աշխատանքներն ել կշարունակվեն 2024-ին։ 

Հ․ Գ․ Ուկրաինայի իրավիճակի մասին պրն․ Բրայենի գնահատականները, հայտնած տեղեկությունները եւ ակնկալությունները կներկայացնենք հաջորդիվ։