Կարող է` լուսնի վրա ատոմային ռումբ փորձարկելու մասին էլ գրառում անեն, հետո ի՞նչ

Կարող է` լուսնի վրա ատոմային ռումբ փորձարկելու մասին էլ գրառում անեն, հետո ի՞նչ

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հակոբ Ենոքյանն է:

- Վերջին շրջանում ֆեյսբուքյան գրառումների համար մի շարք ընդդիմադիր գործիչներ են կալանավորում: Նրանց մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու և բռնության կոչեր անելու համար` Տաևիկ Վիրաբյան, Նարեկ Մալյան, Արմինե Ադիբեկյան և այլն: Ֆեյսբուքում գրառումներ անելու համար քաղաքացուն կալանավորելն իրավաչա՞փ եք համարում:

- Այստեղ պետք է նաև հասկանալ այդ գրառումների բովանդակությունը: Գուցե արվել են բռնության կոչեր:

- Գրառումը կարո՞ղ է դիտարկվել բռնության կոչ:

- Կարող են, որովհետև այն կարող է ուղղված լինել զանգվածներին: Նույն բանն է, որ հրապարակում մարդկանց հավաքեն ու կոչեր անեն: Այլ հարց է, թե այդ կոչերը որքանով են ռեալ, որքանով են իրականությանը համապատասխանում: Կարող է ֆեյսբուքում գրառում են անում, բայց հարց է` իրագործո՞ւմ են, կարող է` մի օր էլ լուսնի վրա ատոմային ռումբ փորձարկելու մասին գրառում անեն, հետո ի՞նչ…. պետք է ռեալ լինի գրառումը: Այս պահին նման պաշտպանյալներ չունեմ:

- Օրինակ, Տաևիկ Վիրաբյանը` Տաթև Արցախը, որն ունի երկու անչափահաս երեխա, կալանավորվել է այն գրառման համար, որում մարդկանց կոչ է անում դուրս գալ հրապարակ պայքարելու իշխանությունների դեմ:

- Իշխանությունների դեմ պայքարելը զուտ քաղաքական կոչ է, որը քաղաքական գործունեություն ծավալող մարդու պարագայում նորմալ է, կարող է արտահայտել իր կարծիքը: Դա ոչ բռնության կոչ է, ոչ էլ այդտեղ հանցակազմ կա: Մարդուն այդ հիմքով կալանավորելն ապօրինություն է:

- Իսկ եթե նույնիսկ հնչում են կտրուկ, առավել ռադիկալ կոչեր, որքանո՞վ է իրավաչափ կալանքն ընտրել որպես խափանման միջոց:

- Կալանավորելն ամենածայրահեղ միջոցն է առհասարակ: Օրենքով նախատեսված է, որ կալանքը պետք է ընտրել միայն ծայրահեղ դեպքերում, այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցներն անարդյունավետ են: Հանգամանքներից են կախված: Իշխանության դեմ պայքարելու կոչ անող մարդը, գուցե քաղաքական գործիչ է և ցանկանում է ինքը իշխանության գալ: Սա սովորական քաղաքական ձգտում է: Մարդը պայքարում է իշխանության համար, կամ անարդարությունների դեմ: Գուցե անձը տեսնում է անարդարություններ, ուստի կարող է իր կարծիքն արտահայտել: Եթե ամեն բան արվել է իմ ասածների տրամաբանության մեջ, ուրեմն կալանքն ապօրինի է:

- Իսկ ինչո՞ւ է հենց կալանքն ընտրվում` որպես խափանման միջոց:

- Եթե օրենքով հիմնավորված չէ, թե ինչու են կալանքն ընտրում որպես խափանման միջոց, հետևաբար դա ապօրինի գործողություն է: Կալանքն ամենածայրահեղն է, ազատությունն ամենակարևոր բանն է մարդու համար: Կալանավորումն իրավաչափ ոտնձգություն է: Դա մարդուն ճնշելու ամենածայրահեղ եղանակն է: Հաճախ միայն ազատությունը չեն սահմանափակում, մարդուն զրկում են անգամ տեսակցություններից, ինչը ևս հոգեբանական ճնշում է անձի նկատմամբ: Ինչուն պարզ է, մարդուն ճնշելու, անցանկալի վարքագիծը կանխելու համար: Իսկ եթե առանձին դիտարկենք կալանավորումն, ապա դա իրավաչափ է իրավական պետության համար, քննության պատշաճ որակն ապահովելու: Կալանքը լավ նպատակի համար են հորինել, բայց մեր իրականության մեջ, այն շատ անգամ չարաշահումների միջոց է: