Ո՞ւմ են փորձում հիմարեցնել ՄԻՊ-ն ու Տիգրան Ավինյանը

Ո՞ւմ են փորձում հիմարեցնել ՄԻՊ-ն ու Տիգրան Ավինյանը

Երեկ՝ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» խորագրով համաժողովի ժամանակ, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց Հայաստանում գենդերային հավասարության, մասնավորապես` կանանց դեմ բռնության դեպքերի աննախադեպ աճի մասին: Նա, ըստ էության, դրա մեղքը հիմնականում բարդեց հասարակության վրա՝ նշելով, թե հանրությունը շատ հարցերում ավանդապաշտության կեղծ օրակարգ ունի եւ այլն: Ստացվում է, որ մեղավորն ավանդապաշտներն են եւ ավանդույթները: 

Թե ինչ կապ ունի Տիգրան Ավինյանն առհասարակ կանանց դեմ բռնության եւ գենդերային խտրականության թեմայի հետ, ինչու է նա մասնակցում նման համաժողովի, այդպես էլ պարզ չդարձավ: Միակ հիմնավոր ենթադրությունն այն է, որ Ավինյանը Երեւանի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է, եւ այս ելույթն էլ վաղաժամ մեկնարկած քարոզչության շրջանակներում է ընթանում։ Նա, թերեւս, փորձում է դիվիդենտներ շահել, կանանց համակրանքին արժանանալ, որ ընտրությունների ժամանակ իգական սեռի երեւանցիների քվեները ստանա: 

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ նույն միջոցառման ժամանակ խոսեց այն մասին, որ Հայաստանում բռնության դեպքերը կտրուկ աճել են: Նա այնպիսի խրոխտ ու ինքնագոհ կերպով էր խոսում այդ մասին, որ կարելի էր կարծել, թե բռնության դեպքերի աննախադեպ աճը կապ չունի օրվա իշխանությունների հետ, եւ նրանք այստեղ անելիք չունեն՝ ընդամենը արձանագրողի դերում են։ Այն, որ ՄԻՊ-ն ու մյուս իշխանականները միայն կանանց նկատմամբ բռնությունն են նկատում՝ անտեսելով բռնության մյուս բոլոր տեսակները, օրինակ՝ ցուցարարների հանդեպ բռնությունը կամ զոհվածների ծնողների նկատմամբ ճնշումներն ու անհարգալից վերաբերմունքը, խոսում է ընտրովի վերաբերմունքի մասին:

Մարդկանց հազարավոր ոչխարներն է թշնամին գողացել, Ներքին Հանդում առանց խմելու ջրի են մնացել, գյուղեր կան, որտեղ հասնել հնարավոր չէ, սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների դիերը դեռ հայկական կողմին չեն հանձնվել։ Այս բոլորը չի հետաքրքրում ո՛չ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին եւ ո՛չ էլ Տիգրան Ավինյանին։ Ընդամենը 2 ամիս առաջ Եռաբլուրում ոստիկանները բռնություն կիրառեցին որդեկորույս ծնողների նկատմամբ․ հանցագործի պես քարշ տալով գետնին, բղավելով նրանց վրա՝ տեղափոխեցին ոստիկանություն, հիմա էլ որոշել են վարչական տույժեր կիրառել՝ իբրեւ թե ոստիկաններին ընդդիմանալու համար։ ՄԻՊ-ը դա էլ չի նկատում։ Վերջապես՝ ՔՊ-ականները խորհրդարանում ընդդիմադիրներին էին ծեծում, վիրավորում, ՄԻՊ-ը լռում էր, իսկ այս մարդիկ կանանց հանդեպ բռնությունից են խոսում, անհայտ բռնարարներին դատապարտում՝ իրական բռնարարներին անտեսելով։