Եվս մեկ անարդարություն՝ «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիային առնչվող

Եվս մեկ անարդարություն՝ «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիային առնչվող

Սիրելի հայրենակիցներ, բանական և ադեկվատ մարդիկ, ցանկանում եմ Ձեր բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեր երկրում տեղի ունեցող ևս մեկ անարդարության վրա, որն անմիջական առնչություն ունի վերջին օրերին ԶԼՄ-ներով լայն քննարկման առարկա հանդիսացող, այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի հետ։ Մասնավորապես, այդ «օպերացիայի» շրջանակում ապօրինի կալանավորված է Տիգրան Տեր-Հարությունովը, ում առաջադրված մեղադրանքը, որն արհեստականորեն որակվել է որպես ծանր հանցագործություն, ի վիճակի չեն վերծանելու նույնիսկ բրիտանացի գիտնականները։ Ընդ որում, Տիգրան Տեր-Հարությունովին մեղադրանք է առաջադրվել իր բնույթով խորհրդատավական նշանակություն ունեցող փաստաթուղթ ենթադրաբար կազմելու և տրամադրելու միջոցով միայն քննիչի մտքում գոյություն ունեցող անձանց օժանդակելու համար։ Այսինքն, անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն այդ հանցագործի անձը մինչ օրս հայտնի չէ։

Անկախ առաջադրված մեղադրանքից Տիգրան Տեր-Հարությունովը բնութագրվում է բացառապես դրական, նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները՝ 3 և 5 տարեկան, ունի մշտական բնակության վայր ու կայուն սոցիալական կապեր, մշտական աշխատանք, ու թեև նրա նկատմամբ շուրջ վեց ամիս փաստացի իրականացվում է քրեական հետապնդում, սակայն նա սեփական նախաձեռնությամբ մասնակցել է բոլոր քննչական և դատավարական գործողություններին, քրեական գործի նյութերի նախապատրաստության փուլում բացատրություն է տվել, քննիչի հեռախոսազանգի հիման վրա առանց որևէ դատավարական կարգավիճակի մատնանշման ու ծանուցագրի, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որպես կասկածյալ և մեղադրյալ տվել է մանրակրկիտ ցուցմունքներ, պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, որևէ կերպ քրեական գործի քննությանը չի խոչընդոտել, սակայն, անկախ այս հանգամանքներից, վերջինս խարդախությամբ ձերբակալվել է և այնուհետև ապօրինի կալանավորվել, որի նպատակը որքան հնարավոր է երկար անձին անազատության մեջ պահելն է՝ «խելքը գլուխը հավաքելու համար»։ Այդ մասին է վկայում նաև այն, որ, օրինակ՝ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանության կողմի հոկտեմբերի 4-ի միջնորդության քննարկումը հետաձգվել և նշանակվել է նոյեմբերի 20-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց 8-օր առաջ, երբ արդեն ներկայացված կլինի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի հերթական «շաբլոնային» միջնորդությունը։

Հաշվի չի առնվել նույնիսկ այն հանգամանքը, որ Տիգրան Տեր-Հարությունովը ֆիզիկապես վատառողջ է, մասնավորապես՝ նրա մոտ առկա է հաշմանդամության 2-րդ կարգի տրամադրման համար հիմք հանդիսացող աջակողմյան խլություն (100%), ձախակողմյան ծանրալսություն։ Նման պայմաններում վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը ոչ այլ ինչ է քան պատիժ, որը նշանակում է, որ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման։

Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին իրենց աջակցությունը ցուցաբերել ազատելու Տիգրան Տեր-Հարությունովին ու վերականգնելու արդարությունը։

Մհեր Հակոբյան, փաստաբան