Սարսափ եմ ապրում, երբ տեսնում եմ ոսկեգույն զարդարված հրապարակը

Սարսափ եմ ապրում, երբ տեսնում եմ ոսկեգույն զարդարված հրապարակը

«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Նելլի Խերանյանն է:

- Տիկին Նելլի, տարին մոտենում է իր ավարտին: Ինչպիսի՞ն էր 2022-ը` Ձեզ համար:

- Անորոշության մեջ էր տարին և այդպես էլ շարունակվում է: Անորոշություն…. անհասկանալի է ամեն ինչ:

- Եթե նախորդ տարիների հետ զուգահեռներ անցկացնենք…

- Անորոշություն, սարսափ, անորոշություն, սարսափ, անորոշություն, սարսափ…. անվերջ անորոշություն, սարսափն էլ մի օր կա, մի օր` չկա: Նայած թե իշխանությունն ու ընդդիմությունն ինչ են դուրս տվել այդ օրը: Դրանից էլ ծնվում է սարսափը: Օրվա մի կեսը անորոշության մեջ է, մյուս կեսը` սարսափի, մյուս կեսին էլ անորոշությունն ու սարսափն իրար հետ ու այդպես շարունակ: Ոչ մի լավ բան:

- Երբվանի՞ց մեր կյանքը դարձավ այդպիսին:

- Անորոշության մեջ հայտնվեցինք 2018 թվականին, սարսափը սկսվեց 2020-ի աշնանն ու չի ավարտվում մինչ օրս: Ամեն ինչ անորոշության ու սարսափի մեջ է: Անհնար է այլևս այսպես ապրելը:

- Ի՞նչ եք կարծում` մեր հասարակությունը և՞ս անորոշության ու սարսափի մեջ է: Արցախը շրջափակված է, սակայն Երևանի փողոցներում մարդիկ խոզի բդի ու անանասի կռիվ են տալիս:

- Ես այդ հասարակության մասին չեմ ուզում խոսել ուղղակի: Ինձ թվում է նրանց մոտ այնքան շատ է սարսափը, որ անգամ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչի համար են անում:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք 2023-ից:

- Սրանց անհետացումն եմ ցանկանում տեսնել: Ընդամենը դա, ուրիշ բան չեմ ցանկանում: Նույնիսկ ամենավատ ելքով ուզում եմ որոշակիություն տեսնել: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մեծ շուքով Նոր Տարի են ուզում նշել, դա էլ է ինձ համար լրիվ հասկանալի: Էդպես էլ պետք է լիներ. մեկի մոր ապատիան շատ խորն է, մյուսի մոտ` նոր է սկսվում, մյուսն էլ ապատիայից դուրս է եկել ու ընկել այլ ցանցի մեջ: Անգիտակից զանգվածի մասին չեմ ցանակնում խոսել: Նորմալ է, որ նրանք ոչինչ չեն գիտակցում:

- Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

- Խելք ու մտածելու կարողություն: Պետք է շատ գրքեր կարդան, եթե դա կարող է ինչ-որ լավ բանի հասցնել իրենց: Առհասարակ մարդիկ պետք է վերլուծելու կարողություն ձեռք բերեն: Պետք է կրթվեն, եթե իհարկե հնարավոր է: Համատարած անգրագիտությունը նոր բան չէ: Վաղուց է դա գալիս, ուղղակի նոր է այդքան տեսանելի դարձել:

- Մենք սիրում ենք անընդհատ գովաբանել մեզ, թե իբրև մենք բոլորից ու ամենքից լավն ենք:

- Անգրագիտության հետևանքներից է: Միայն մեզ գովել ու կենաց խմել գիտենք, ճոռո-ճոռո խոսել գիտենք: Ամեն երկրորդը պատերազմի մասնակից է իրեն երևակայում, ֆեյսբուքյան կնանիք բոլորը տարօրինակ հայտարարություններ են անում: Էս ենք մենք: Ազգ չենք այլևս` ժողովուրդ: Ներեցեք, որ այս օրով նման բաներ եմ ասում, բայց չեմ կարող կեղծել: Նոր եմ դրսից տուն մտել ու գիտե՞ք ինչ սարսափ եմ ապրում, երբ տեսնում են ոսկեգույն զարդարված հրապարակը: Այս տարվա զարդարանքի մեջ սարսափազդու բան կա: Այդ ոսկեգույնին նայելով ինչ-որ անհասկանալի սարսափելի բան եմ զգում, չեմ հասկանում, թե ինչ, սա մեզ խեղդելո՞ւ համար է, մեզ ծաղրելո՞ւ համար է, ինչի՞ համար է: Ալվարդ Պետրոսյանը մի հիսաքանչ արտահայտություն ուներ, ասում էր` գինին պետք է մարդու մեջ լինի, բաժակի մեջ ինչքան էլ գինի լցնես, ոչինչ չի անելու, ուրախություն չկա մեր մեջ, դատարկություն է միայն: Գոնե ինձ համար մահացել է լավը: Չենք կարող չհիշել տոպրակների մեջ փաթաթած մեր տղաների դիակները: Արդեն որերորդ տարին է հենց նոր տարվա շեմին ես դեպրեսիայի մեջ եմ հայտնվում: