Բողոքում են, հետո պարզվում է, որ իրենց երեխան չէ, այլ՝ ազգականի

Բողոքում են, հետո պարզվում է, որ իրենց երեխան չէ, այլ՝ ազգականի

Մայիսի 15-ից առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը կարճ ժամանակում հասցրեց բողոքի եւ դժգոհության ալիք բարձրացնել ծնողների շրջանում։

Կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուները իրազեկել են արդեն, որ Երեւանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի փորձարկումն ունի մեկ հիմնական նպատակ՝ բոլոր երեխաների համար ապահովել դպրոցի ընտրության հավասար պայմաններ։ Նաեւ նշել են, որ համակարգը բացառելու է կոռուպցիոն ռիսկերը։

Համակարգի ներդրումից մեկ շաբաթ անց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանից  փորձեցինք իմանալ, թե քանի բողոք է եղել մինչ օրս, ինչ տիպի բողոքներ են դրանք։

«Ունենք 11 հազար հարյուր հայտ, հինգ հազարից ավելի հայտեր հաստատված են, այսինքն՝  երեխաներն արդեն ընդունվել են դպրոցներ, մոտ 250 դիմում  ունենք, ուսումնասիրում ենք, պարզվում է, որ դիմումատուներից որոշ մարդիկ արդեն հայտագրվել են իրենց ուզած դպրոցներում, քանի որ այնտեղ տեղ է ազատվել։ Հիմնական մասով՝ մոտ 95-96 տոկոսով, ծնողների դժգոհությունը վերաբերում է նրան, որ իրենց մի երեխան սովորում է այդ դպրոցում, իսկ մյուս երեխային չեն կարողացել հայտագրել նույն դպրոցում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր բողոքները։ Դրանցից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը, պարզվում է, որ երբ ծնողը բողոքել է, որ այդ դպրոցում ունի սովորող երեխա, նա ոչ թե իր երեխան է, այլ եղբոր, քրոջ կամ ազգականի երեխան է։ Մենք այդ դեպքերն ուսումնասիրում ենք եւ դրանք կներկայացնենք կրթության եւ գիտության նախարարությանը»,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Պողոսյանը։