Ոչ մի խոսք հենց այնպես չի անցնում, օդն էլ խաբարը բերում է

Ոչ մի խոսք հենց այնպես չի անցնում, օդն էլ խաբարը բերում է

Հունիսի 19-ին ՀՀ նախագահի եւ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, սիրված գրող, արձակագիր Լեւոն Ջավախյանը նշեց ծննդյան 70-ամյակը, ինչի առիթով շնորհավորում ենք նրան եւ ցանկանում ստեղծագործական նորանոր բարձունքներ։


Մանկություն

Ես ծնվել եմ 1950թ․ հունիսի 19-ին, կատակով ասում եմ՝ դարը կիսեցի ու մտա դարի մեջ, որովհետեւ ինչպես 50 թ․-ն է դարը կիսում, այնպես էլ հունիս ամիսը՝ տարին։ Ավելին՝ մի մեծ գործ էլ եմ արել․ հազարամյակն էլ եմ կիսել ու մի փոքր քայլ արել դեպի 3-րդ հազարամյակ։ Այդ առումով բավականին բախտավոր մարդ եմ, ու կյանքն ինձ համար թամաշա է եղել։ Մանուկ ժամանակ առանձնապես մի ընդունակությամբ չեմ փայլել, շատ դանդաղամիտ եմ եղել, դյուրահավատ, ինչ-որ տեղ՝ բթամտության հասնող, բայց, այնուամենայնիվ, մայրս իմ մեջ անընդհատ հավատ է դրել՝ իրենից անկախ։ Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր Հիսուսի շավիղները շտկում, այնպես էլ իմ մերն է իմ մեջ այդ շավիղները շտկել։ Ինչի՞ց է դա սկսվել․ այ, որ ուշադիր նայես՝ էս մի մազափունջս ուրիշ գույնի է․ մենք պեծիկ ենք ասում, այսինքն՝ նշանով եմ ծնվել։ Ու մորս մտքի մեջ մտել է՝ իմ տղեն նշանավոր մարդ է դառնալու, որովհետեւ նշանով է ծնվել։ Ես էլ զգում էի, որ առանձնապես ընդունակությամբ, ուսման մեջ չեմ փայլում, հազար անգամ պատմել եմ․ 5-րդ դասարանում առաջադիմությանս թերթիկը բերեցին, նայեցի՝ ծայրից ծայր 3 էր․ մտածեցի՝ էն մարդը, որ նշանավոր մարդ է դառնալու, բա դրան մի քիչ էլ խելք պե՞տք չի։ Հիմա որ նայում եմ՝ որտեղից ուր եմ հասել, հասկանում եմ, որ ճակատագիր կա ու ամեն մարդու մեջ կա, մնում է մարդուն հուշող լինի, որ էդ ճակատագրին ականջալուր լինի ու ընդառաջ գնա։ Իսկ մորս գցած սերմը արգավանդ հողի վրա էր ընկել․․․։

Ուսուցիչներ

Իմ ուսուցիչը եղել են ժողովուրդն ու կյանքը, բայցեւայնպես, իմ առաջին ուսուցիչը մայրս էր, ով ինձ համար Թումանյան էր կարդում։ Այդ ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ հետագայում Թումանյանի ճամփով պետք է գնամ։ Թումանյանը մեր հայ գրականության այն գրողն է, որ ժողովրդի կնիքը կրում է իր վրա: Նա իսկական ժողովրդական գրող է, եւ ոչ մի գրող չի կարող Թումանյանի տեղը բռնել իմ հոգու մեջ։ Իմ գրվածքների մեջ էլ հազարավոր հերոսներ կան, ու մեջտեղը՝ ես։ Երեւի պատահական չի, որ, ծանոթ-անծանոթ՝ բոլորն ասում են, որ Լեւոն Ջավախյանը ժողովրդական գրող է։

Գրականություն

Ես մի վիպակ ունեմ, կոչվում է՝ «Ուզում եմ ասել, աշխարհն իմանա»։ Հենց «ուզում եմ ասե՛լը» պատճառ դարձավ, որ ես գրեցի։ Իմ միամիտ գլխում էդպիսի մի միտք հղացավ, որ իմ իմացածը, ապրածը մենակ ինձ հերիք չեն, ես անընդհատ այդ երգի նման ուզում էի ասել, որ աշխարհն իմանա։ Թե լավ կընկալվի, թե վատ՝ կարեւոր չէր, բայց էդ զգացողությունն իմ մեջ կար։ Հետո սկսեցի գրել ու գրեցի պարապությունից։ Գործկոմում աշխատում էի, չորս կողմս բոլորը փող էին աշխատում, իմ սեղանն էլ ոնց որ ավլած կալ լիներ, ո՛չ թուղթ էի տալիս, ո՛չ փող էի ուզում, բայց մի բանով պիտի՞ զբաղվեի։ Էդ պարապությունից ծնունդ առավ իմ առաջին ստեղծագործությունը, որը «Շնող» ակնարկն էր, որ տպվեց 1980-ին՝ «Գարունում», ու եղավ իմ առաջնեկը։ 30 տարեկանում Հիսուս Նազովրեցին սկսեց իր քարոզը, ես էլ 30 տարեկանում սկսեցի իմ գրական քարոզը։ Իմ գործերից յուրաքանչյուրը մի հոգեվիճակի ծնունդ է, բայց երեւի ժողովրդի մեջ ամենամեծ արձագանքը գտավ «Մոր նամակը իր անառակ որդուն՝ Լեւոն Ջավախյանին»՝ այդ ամենապարզ, անխարդախ գրված գործը։ Պատահական չի, որ գեղարվեստում ես ձգտում եմ խոսքի պարզությանը, էնպիսի պարզության, որ Թումանյանից էլ պարզ է, որը Աշուղ Ջիվանին է։ Հենց այդ պարզությանն եմ ուզում հասնել, որովհետեւ մարդիկ բանավոր խոսում են ճիշտ եւ գեղարվեստորեն, հենց թղթին են հանձնում՝ կեղծ է դառնում։ Ես ուզում եմ այդ ճշտին հասնել։

Մրցանակներ

Սուտ կլինի, որ ասեմ՝ մրցանակները դեր չունեն, իհարկե՝ ունեն, դա քո վաստակի վավերացումն է՝ պետականորեն կամ հասարակայնորեն, որին ես հասել եմ ու ճիշտ ճանապարհով եմ հասել՝ առանց խարդախության ու ծանոթ մեջ գցելու։ Պետական մրցանակը, որ ստացա, 34 գիրք կար, ու էդ 34 գրքից ինձ տվեցին մրցանակը։ Անգամ հետո ինձ ասացին, որ Ջավախյանը մեր հանձնաժողովին համերաշխություն բերեց։ Կյանքը խաղ է, մարդիկ՝ նստած, պոկերի նման խաղ են խաղում ու միշտ՝ փակ խաղաթղթերով, բայց ես բաց եմ խաղում էս կյանքի խաղն ու առայժմ կրում եմ։

Սեր եւ ընտանիք 

Ո՞ւմ մտքով չի անցնում արքայություն, այն առումով, որ կնոջդ դավաճանես ու ավելի սիրունի հետ լինես, բայց երբեք էդպես չի եղել ու ոչ թե, որ հարիֆ եմ եղել, այլ՝ որ իմ համար կյանքը զուտ կենցաղ է եղել, մինչեւ օրս էլ։ Թեպետ հիմա էլ մտքովս արքայություն է անցնում, բայց էսպիսի մի բան կա մտքումս․ մինչեւ հիմա կյանքս հաջող է գնացել, բայց եթե կնոջս դավաճանեմ, հաջողությանն էլ կդավաճանեմ։ Հիմա եթե մի սիրունի ծոցում քնեցի, ի՞նչ է փոխվելու։ Մի զարմանալի բան ասեմ՝ կինս սիրուն աղջիկ է եղել, որ ամուսնացել եմ, էնպես, որ առաջին անգամ երբ տեսա, ռեպլիկներ էի թողում, այդ ժամանակ տուրիստական գնացքով գնում էինք Սիբիր, ասեցի՝ ոնց որ Սոֆի Լորենն է, ընկերս ասեց՝ Լեւոն, տենց ախմախ բաներ մի խոսի, էդ աղջկան ուզելու ես։ Էդպես էլ եղավ․ 20 օրվա տուրիստական կյանքը Սիբիրում ճակատագրական եղավ ինձ համար։ Ու հիմա, երբ վերջին 25 տարին կինս անդամալույծ հիվանդ է, եւ նախկին գրավչությունից քիչ բան է մնացել, արի ու տես, որ հիմա իրեն ավելի շատ եմ սիրում, քան այն ժամանակ։ Ընտանիքս էլ լավն է, երկու չքնաղ երեխա ունեմ, տղես աշխարհի ամենաարագավազ հայն է եղել, աղջիկս էլ «Իմ քայլից» ավագանու անդամ է եւ իր ուշադրության ներքո է պահում երեխաների ու մանկապարտեզների հարցը։

Հայրենիք

Զուտ հայրենիքի մասին կամ հայրենասիրական որեւէ գործ չեմ գրել, որովհետեւ 88-ից սկսած՝ այնպես են այդ հայրենասիրությունը մեր հասարակության մեջ վարկաբեկել, որ մարդ ամոթ էլ է անում ասել՝ ես հայրենասեր եմ։ Հիշում եմ՝ 88-ին մեկը որ ելույթ էր ունենում, ասում էր՝ հիմա խոսք ունի ասելու՝ հայրենասեր Հակոբջան Միրզոյանը, իրեն ավել անուն էր դրել՝ «հայրենասեր»։ Դրա համար ես այդ բառից զզվում եմ, ու եթե հայրենասիրություն ես ուզում, կարդա իմ պատմվածքները։ Հայրենիքը պիտի սիրես՝ ինչպես քո երեխային, իսկ ո՞վ է պարծենում, թե իր երեխային ինչքան է սիրում՝ ոչ ոք։ Այ, էդպես պիտի սիրես՝ թաքուն, ոնց որ քո երեխուն ես սիրում։ Այսօր, դժբախտաբար, հայրենիքը սիրում են բանաստեղծական տողով, խոսքով, ամպագոռգոռ բառերով։

Քաղաքականություն

Մի շաբաթ առաջ մի լրագրողի հետ խոսում էի, ասեցի՝ խմբագիրդ ո՞ւր է, ի՞նչ է անում, ասեց՝ քաղաքականության մեջ է, ես էլ, թե՝ հենա քաքի մեջ ա, էլի․․․։ Հիմա ավելի զզվելի բան, քան քաղաքականությունն է, ինձ համար գոյություն չունի, որովհետեւ էդտեղ զգում ես ֆարսը ու դրա մեջ էլ՝ հայրենասիրությունը, ժողովրդավարությունը, բայց Պարույր Սեւակի նման ուզում ես ասել՝ սուտ է, կա այսօրվա եւ վաղվա իշխանաբաղձության շահ։ Առողջ հոսանքները միշտ վտառին հակառակ են գնում, առէսօր ես վտառին հակառակ եմ գնացել, իմ մոտ դա ինքնաբուխ է եղել։ Որ ասում են՝ մտավորականի դերն իշխանությունը քննադատելն է․․․ համաձայն չեմ, մտավորականն իր տեղում պետք է լինի, իսկ ինձ կարող են միայն մեղադրել, որ իմ գրականությունը քաղաքականացված է, եւ ցավով նշում եմ՝ այո, էդքան զզվում եմ քաղաքականությունից, բայց դա այդքան ներկա է իմ գրականության մեջ, որովհետեւ կյանքն էլ քաղաքականացված է։ Երանի գա մի ժամանակ, որ ժողովուրդը չիմանա՝ իր վարչապետն ով է, թե չէ՝ որտեղ նստում ես, քաղաքականությունից են խոսում, անգամ գիտեմ՝ մարդ ու կին բաժանվել են, որովհետեւ մեկը «սեւին» է սիրել, մյուսը՝ «սպիտակին», այսինքն՝ անգամ մատի ու մատանու արանքն է մտնում քաղաքականությունը։ Բա դա զզվելի չէ՞։

Իմ տարիքը

70 տարեկան եմ, հավատս չի գալիս, բայց էդպես է։ 70-ը սուրբ թիվ է ու ինչ-որ տեղ կյանքը քեզ նորովի գնահատել է տալիս։ 70 տարի ես եղել եմ աշխարհի մեջ, բայց որ տարիները գլորվել-շատացել են, հիմա տեսնում եմ, որ աշխարհն է իմ մեջ, եւ փորձում եմ այդ աշխարհը տալ ընթերցողին։ Ինձ համար կարեւոր է գրող-ընթերցող կապը, ես սիրում եմ, երբ ընթերցողն ունի իր գրողին։ Լինում է նաեւ հակառակը։ Մի պատմություն պատմեմ․ իմ վրա առավել քան մեծ ազդեցություն է թողել Հրանտ Մաթեւոսյանը, ում «Ծառերը» գործը կարդալուց հետո ոնց որ մի քնած մարդու մեջ գրող արթնանա ու ասի՝ վեր կաց, դու էլ ես գրող։ Բայց արի ու տես՝ ես իրեն այդքան սիրել, պաշտել եմ, բայց Հրանտի հեչ պետքը չէր։ Էդպես էլ ապրեցի՝ մտածելով, որ Հրանտն ինձ չընդունեց։

Բայց մի տարի առաջ ճակատագրական մի հանդիպում եղավ, ու պարզվեց, որ Հրանտն իմ մասին մի խոսք է ասել, որը եկավ ու ինձ հասավ։ Մի բարեհամբույր տղա էս շենքից՝ Ռոմիկը, որ անընդհատ գալիս, ինձ բարեհամբույր բարեւ է տալիս, մի օր ասեց՝ Լեւոն, գիտե՞ս խի եմ քեզ բարեւում․ դու Վազգեն Սարգսյանի ընկերն ես եղել, ես էլ դրա համար քո հանդեպ էդքան ուշադիր եմ։ Մի օր ասեցի՝ Ռոմիկ, արի նստենք, մի քիչ Վազգենից խոսենք։ Եկավ նստեց ու Վազգենից չխոսաց, այլ՝ Հրանտից, ում մի օր իր մեքենայով տուն տանելիս է լինում, այդ ժամանակ էլ Հրանտը սկսում է խոսել ժամանակակից հայ գրականությունից, երիտասարդներից ու, ինչպես Ռոմիկն է ասում՝ իմ մասին է խոսել։ Ես էդտեղ իրեն ասեցի, որ էդ մեկը ճիշտ չես ասում, որովհետեւ ուրիշ Լեւոնի մասին է երեւի խոսել՝ Լեւոն Խեչոյանի, որով տարված էր։ Ասեց՝ չէ, քո մասին էր հաստատ, ու առաջին իսկ բառից, որ Հրանտն ասել է, ես հասկացա, որ իսկապես իմ մասին է ասել, իսկ ասել է հետեւյալը՝ ես մի զեմլյակ ունեմ, ես նրան կյանքում լավ խոսք չեմ ասել, երես չեմ տվել, որեւէ տեղ իր անունը չեմ գրել, հակառակը՝ միշտ բշտել եմ, բայց եղած գրողներից ով կմնա, ով չի մնա՝ ինքը հաստատ կմնա․․․։ Դա որ լսեցի, շշմեցի, այսինքն՝ դա էլ է ճակատագիր, էս կյանքում ոչ մի խոսք հենց էնպես չի անցնում, օդն էլ խաբարը բերում է։ Դա էլ իմ բարի խաբարն էր։