Նոր S-Class-ներից մեկը Աննա Հակոբյանին չի սպասարկում, Սերժ Սարգսյանի S-Class-ն էլ իրենն է 

Նոր S-Class-ներից մեկը Աննա Հակոբյանին չի սպասարկում, Սերժ Սարգսյանի S-Class-ն էլ իրենն է 

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «վարչապետի համար» նոր զրահապատ ավտոմեքենա գնելու, ինչպես նաև իր կառավարական ամառանոցը մի քանի միլիոն դոլարով վերանորոգելու վերաբերյալ տեղեկություններին։ Աղաջանյանը նախ ասաց, որ վարչապետն իր համար որևէ գնում չի կատարում, դրանք պետության համար են կատարվում։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա Աղաջանյանը հիշեցրեց, որ այդ որոշումները, ըստ օրենքի, գաղտնի ընթացակարգերով են կայացվում, հետևաբար` ինքը թվերը չի կարող հրապարակել, թե որքան գումար է ծախսվել այդ նորոգումների վրա։

Hraparak.am-ի հարցին՝ ինչո՞ւ չեն փոխում օրենքը, որպեսզի հասանելի լինի այդ ինֆորմացիան, Աղաջանյանն ասաց, որ կարելի է քննարկել այդ հարցը։

Մեր մյուս հարցին՝ ի վերջո, քանի՞ զրահապատ Mercedes S-Class է գնվել և ինչ արժեքով, Աղաջանյանն ասաց, որ ինքը վստահ չէ, որ այդ ինֆորմացիան ևս ինքը իրավասու է տեղեկացնել, կճշտի, նոր։

-Գնալով ավելի փակ եք աշխատում, պարոն Աղաջանյան։

-Չէ, փակի խնդիր չկա, եթե իրավաբանները ասեն, որ խնդիր չկա, ես Ձեզ անպայման կտեղեկացնեմ։ Ես կարծում եմ՝ պետք է, որ խնդիր չլինի։

-Իսկ ճի՞շտ է, որ այդ զրահապատ մեքենաներից մեկը (մամուլում գրվեց՝ երկու այդպիսի մեքենա է գնվել) վարչապետի տիկնոջն է սպասարկում։

-Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը։

-Մտավախություն չունե՞ք, որ այս ճոխ գնումները, որքան էլ, որ անձամբ վարչապետի համար չի, հանրության մոտ այլ տրամադրություններ կարող են ստեղծել, որ քանի դեռ դուք եք իշխանության, օգտվում եք առիթից։

-Ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ այն  ավտոմեքենան, որը սպասարկում էր վարչապետին, դա բավականին հին և շարքից դուրս ավտոմեքենա էր, որը դեռ հինգ և ավել տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր։ Դա նաև որոշակի անվտանգության խնդիրներ առաջացնող ավտոմեքենա էր։ 

-Բայց Սերժ Սարգսյանին էլ է այսօր նմանատիպ ավտոմեքենա սպասարկում։

-Սերժ Սարգսյանն իր անհատական ավտոմեքենան ունի, դա իրենն է, պետական չի։

-Այսինքն՝ կառավարության բալանսի վրա՞ չէ այդ մեքենան։

-Որքանով ես տեղյակ եմ՝ չէ, 90 տոկոսով չէ։

-Իսկ նախկին նախագահներին, նույիսկ ոչ լեգիտիմ ընտրված համարվող նախագահներին կառավարությունը պարտավորություն ունի՞ ավտոմեքենան տրամադրել։

-Կառավարությունը պարտավորություն ունի ինստիտուտները հարգել և այդ ինստիտուտների գործունեությունն ապահովել։ Նախագահի ինստիտուտը գործող ինստիտուտ էր, գործող ինստիտուտ է այժմ ևս, և ըստ օրենքի՝ մենք պարտավոր ենք ավտոմեքենաներով և մնացած այլ պարագաներով ապահովել պաշտոնաթող նախագահներին։

-Այսինքն՝ նախկին երեք նախագահներին կառավարությունը տրամադրե՞լ է մեքենաներ։

-Այո, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կառավարությունն ապահովում է հստակ մեքենաներով, անվտանգության աշխատակիցներով․․․