Իշխանությունը պետք է ավելի զուսպ և հանդուրժող լինի քննադատության հանդեպ․ Արամ Աբրահամյան

Իշխանությունը պետք է ավելի զուսպ և հանդուրժող լինի քննադատության հանդեպ․ Արամ Աբրահամյան

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ավանդական «լայվերում» և գրառումներում պարբերաբար անդրադարձ է կատարում հայաստանյան լրատվամիջոցներին՝ նախ կրկնելով պնդումը, թե Հայաստանում լրատվամիջոցները երբևէ այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, ապա լրատվամիջոցներին տարբեր պիտակավորումներ տալիս։ Ինչպես և սպասվում էր, վարչապետի այս հրահանգները հասան իրենց հասցեատերերին․ այսօր համացանբցում հերթական շարժումն է սկսվել այն լրատվամիջոցների դեմ, որոնք «միայն բացասական լուրեր են հարապարակում, և անտեսում երկրում տեղի ունեցող դրական պրոցեսները»։ Թեմայի շուրջ զրուցեցինք «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ․ 

- Պարոն Աբրահամյան, վարչապետը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանում մամուլը երբևէ այնքան ազատ չի եղել, որքան հիմա, մյուս կողմից իր ֆեյսբուքյան էջում և լայվերով անընդհատ պիտակավորում է մամուլին։ Սա ճնշում չէ՞ մամուլի նկատմամաբ։ 

-Համաձայն եմ վարչապետի հետ՝ լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան եղել են Հայաստանի անկախության 28 տարիների ընթացքում: Թերթերի եւ կայքերի հարցում վերջին 10 տարիների ընթացքում էլ առանձնապես խնդիրներ չեն եղել: Բայց քանի որ աշխատում եմ նաեւ հեռուստատեսությունում, հաստատում եմ՝ այո, ազատության աստիճանը բարձրացել է: Որ վարչապետն արձագանքում է լրատվամիջոցների հրապարակումներին, դա լավ է: Որ արձագանքի հետ միասին նաեւ ԶԼՄ-ների հասցեին կշտամբնանքներ են հնչում, լավ չէ՝ պետք է ավելի զուսպ եւ սառնասիրտ լինել: 

-Այսօր ֆեյսբուքում հերթական արշավն է սկսվել մի քանի լրատվամիջոցի դեմ, կոչ են անում դիսլայք տալ այն լրատվամիջոցների էջերին, որոնք, մեջբերում եմ, «միայն բացասական լուրեր են հրապարակում և լավ բաները չեն տեսնում»։ Սա ի՞նչ դրսևորում է, և ըստ Ձեզ՝ ուղղորդվա՞ծ է։ 

- Ֆեյսբուքյան արշավից տեղյակ չեմ, չգիտեմ անգամ՝ արդյոք «Առավոտը» մտնում է այդ խմբի կողմից «մերժված» լրատվամիջոցների մեջ՝ այդ հարցն իմ հետաքրքրությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում: Չեմ կարծում, որ դա ուղղորդված է: Ընթերցողների մի խմբին դուր չեն գալիս այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումնե՞րը: Հետո՞ ինչ: Դա նորմալ է: Պատրկեացնո՞ւմ եք, որ մեր ամեն մի գրածը 10 միլիոն հայությունը կամ 7 միլիարդանոց մարդկությունը միահամուռ հավաներ: Ձանձրալի կլիներ: 

- Դուք որպես «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր ի՞նչ ճնշումների եք հանդիպել կամ համամի՞տ եք, որ մամուլի նկատմամաբ ճնշումներ չկան։ 

-Եթե խոսքը իշխանությունների ճնշումների մասին է, ապա այո, համամիտ եմ, որ «Առավոտի» հանդեպ ճնշումներ չկան: Եթե խոսքը հասարակական կարծիքի ճնշման մասին է, ապա այն միշտ կար: Օրինակ, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ հասարակության մեծամասնությունը կարծում էր (հիմա էլ է, երեւի, կարծում), որ դա հրաշալի սխրագործություն էր: Ես այդպես չեմ կարծում, եւ դա այդ մեծամասնության համար հեռու գնացող հետեւությունների տեղիք էր տալիս: Բայց ես դրանից չեմ նեղվում եւ կարծիքս չեմ փոխում: 

- Ինչ դերակատարում պետք է ունենա մամուլը նոր Հայաստանում, նոր իշխանություններին պե՞տք է քննադատություն, և ինչպիսի՞ն պետք է լինի այդ քննադատությունը։ 

- Եթե ինչ-որ բան հին, թե նոր իշխանությունների վարքագծում ինձ դուր չի գալիս, ես դա գրում եմ: Բայց՝ առանց չարության, առանց ագրեսիայի եւ չմտնելով քաղաքական խաղերի մեջ: Եթե ընդդիամադիրը քննադատում է իշխանությունների գործելակերպը եւ եթե այդ քննադատության մեջ չկան վիրավորանքներ, մենք դրանք հրապարակում ենք: Տեղի՞ն է այդ քննադատությունը, թե՞ անտեղի, «կառուցողակա՞ն» է, «առո՞ղջ» է, թե՞ ոչ՝ թող ընթերցողը դատի: 

- Որպես լրատվամիջոցի խմբագիր՝ ի՞նչ մտահոգություններ ունեք խոսքի ազատության ներկայիս վիճակի վերաբերյալ։ 

- Իհարկե, ինչպես ասացի, իշխանությունը պետք է ավելի զուսպ եւ հանդուրժող լինի քննադատության հանդեպ, նյարդային արձագանքներ չտա այն հրապարակումներին, որոնք իրենց դուր չեն գալիս: Դե, մենք էլ պիտի լայքերի, դիտումների եւ անբոխահաճության հետեւից չվազենք: Այդ վազքը սահմանափակում է խոսքի ազատությունը: