Իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը թույլ է, անպաշտպան, ռազմական նվազ հնարավորություններով

Իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը թույլ է, անպաշտպան, ռազմական նվազ հնարավորություններով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Իրան կատարած այցի, Իրանի ռազմական ղեկավարության հետ հանդիպումների եւ հայ-իրանական հարաբերությունների մասին զրուցել ենք իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնիի հետ։

- Սուրեն Պապիկյանին իրանական կողմն ընդունել է լավագույն ձեւով՝ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, մեծ տերության պաշտպանության նախարարին վայել հանդիպումներ։ Արդյո՞ք դրանով Իրանը ցանկանում է ընդգծել իր համար Հայաստանի ունեցած կարեւորությունը։

- Հայաստանն Իրանի համար շատ կարեւոր երկիր է։ Տարածաշրջանում, Անդրկովկասում ամենաշատ շահերի եւ անվտանգային խնդիրների համընկնում ունեն Իրանն ու Հայաստանը, եւ այդ առումով Հայաստանը շատ կարեւոր է Իրանի համար։ Հայաստանը Եվրոպան եւ Եվրասիան միացնող ճանապարհ է Իրանի համար եւ գեոպոլիտիկ առումով շատ կարեւոր դեր ունի Իրանի հարեւանների համար եւս։ Սա է պատճառը, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այդքան կարեւոր է Իրանի համար, եւ Իրանը բազմիցս նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները կարմիր գիծ են։ ՀՀ-ն մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Բացի այդ, տարիներ շարունակ Հայաստանը շատ վստահելի գործընկեր եւ հարեւան է եղել։ Դա էլ է հավելյալ պատճառ՝ հարեւան պետությունների շարքում Հայաստանի դերը կարեւորելու համար։ Հայաստանը երբեք հակաիրանական գործողությունների տարածք չի դարձել, Իրանը Հայաստանի կողմից երբեք վտանգ չի զգացել ու անվտանգային խնդիրներ չի ունեցել՝ հակառակ Իրանի այլ հարեւանների։

- Հետաքրքիր է, որ Սուրեն Պապիկյանը մեկնեց Իրան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի՝ Թուրքիա այցելության հետ գրեթե միաժամանակ՝ նույն օրերին։ Արդյոք պատահական զուգադիպությո՞ւն էր դա։

- Հայաստանի պաշտպանության նախարարի այցն Իրան հետաքրքիր ժամանակահատվածում է եղել, երբ որ Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովն այցելել է Թուրքիա։ Դա կարող է խորհրդանշական լինել՝ երկրների քաղաքական եւ ռազմաքաղաքական ուղղությունները ցույց տալ, նաեւ մինչեւ այդ այցը, Իրանում տեղի են ունեցել Ֆրանսիայի, Հունաստանի պաշտպանության նախարարների այցերը Հայաստան, դրանից առաջ տեղի է ունեցել Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարության այցն Ադրբեջան, եւ ինչ-որ համագործակցությունների մասին են խոսել, պայմանագրեր են կնքել։ Պակիստանը զենքեր է տրամադրելու Ադրբեջանին, տարածաշրջանային այս ռազմական այցերը ցույց են տալիս, որ, այո, մեր տարածաշրջանի բոլոր երկրները պատրաստվում են զինվել եւ պատրաստ են ավելի ուժեղացնել իրենց պաշտպանությունը, եւ տարածաշրջանում պատերազմական վտանգը շատ է մեծացել։ Եվ Հայաստանը փորձում է բոլոր գործընկերների հետ իր հարաբերությունները զարգացնել, ամրապնդել, հակասությունները վերացնել, որ կարողանա ինչ-որ չափով աջակցություններ ստանալ՝ քաղաքական կլինի, ռազմական, անվտանգային թե տնտեսական, որ կարողանա տարածաշրջանում ռազմական բալանսն ապահովել, չեզոքացնել հակառակորդ կողմից վտանգները։ Հայաստանը ստիպված է այդ քայլին գնալ, հակառակ դեպքում Հայաստանի գոյությունը վտանգի տակ է ընկնում, եւ պետք է թե՛ Արեւմուտքի երկրների, թե՛ Արեւելքի՝ Հնդկաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ համագործակցությունը բարձրացնի։

- Հավանական համարո՞ւմ եք Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական դաշնակցային պայմանագրի կնքումը։ Այն նախորդ ժամանակներում չէր հաջողվում՝ մասնավորապես նաեւ ամերիկյան կողմից ճնշումների պատճառով։

- Իրան եւ Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի հարցը շատ կարեւոր կլինի տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության համար եւ շատ զսպող գործոն կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ՝ չեզոքացնելու վտանգները, բայց, ամեն դեպքում, Հայաստանի կամքից է գալիս։ Իրանը պատրաստ է մեծ դեր խաղալ տարածաշրջանի անվտանգության հարցով եւ դերակատարումներ ունենալ։ Իրանը միշտ բարձրաձայնել է այդ մասին, եւ Իրանի զորավարժությունները՝ Իրանի եւ Ադրբեջանի սահմանի մոտակայքում, վտանգները չեզոքացնելու համար, հենց դրա մասին են խոսում։ Սակայն երրորդ կողմեր կան, որ խոչընդոտում են Իրան-Հայաստան դաշինքի լինելիության հարցին, որոշ ուժային կենտրոնների համար դա իրենց շահերի դեմ է, եւ փորձել են մինչեւ հիմա ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ նման դաշինք չկնքվի։ Այդ երրորդ կողմերը փորձում են Հայաստանը հեռու պահել Իրանից, բայց մինչ այս ինչ-որ չափով դա հաջողվել է, ինչ-որ չափով էլ՝ ոչ։ Անխուսափելի են Իրան-Հայաստան համագործակցությունները բոլոր ոլորտներում, մենք երկու հարեւաններ ենք, որ նման խնդիրներ, նման շահեր ունենք ու նման անվտանգային հարցներ։ Մենք ունենք տարածաշրջանում նույն մարտահրավերը, ու դրան դիմակայելու համար անխուսափելի է բարձր մակարդակով հարաբերությունների հաստատումը։

- Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում հայտարարել է, որ իրենք կիսում են Իրանի տեսակետը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարեւորելու մասին։ Ֆրանսիական կողմից նման հայտարարությունը չի՞ խոսում արդյոք Իրանի հետ հարաբերությունների հաստատման նոր փորձի մասին։

- Ֆրանսիան եվրոպական եզակի երկրներից է, որ պարբերաբար բարձր մակարդակով շփումները պահպանել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բարձր մակարդակով Իրան-Ֆրանսիա շփումներ, քննարկումներ պարբերաբար լինում են՝ Իրան-Ֆրանսիա նախագահներ են մեկնում, Իրանի արտգործնախարարը վերջերս հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Պարբերաբար հեռախոսազանգեր են լինում, քննարկվում են միջազգային եւ տարածաշրջանային հարցեր։ Պետք է նշեմ նաեւ, որ ՀՀ-ում նույն Ֆրանսիայի դեսպանը մի քանի ամիս առաջ հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, եւ նույնպես քննարկել են տարածաշրջանային, միջազգային հարցեր, համատեղ հետաքրքրություններն ու շահերը։ Ամեն դեպքում, Իրանն ու Ֆրանսիան տարբեր հարցերում անհամաձայնություններ ունեն, սակայն Անդրկովկասի տարածաշրջանում կարծես թե նույն շահերն են հետապնդում, եւ դա Հայաստանն է, ավելի հայամետ դիրքորոշումներ ունեն երկու երկրներն էլ։ Եվ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն էլ, Հայաստանի ինքնիշխանությունը երկու երկրների համար կարեւոր է, եւ դա գիծ է, որով կարելի է Իրան եւ Ֆրանսիա համագործակցություն ծավալել կամ համաձայնության եզրեր գտնել, անվտանգային հարցերով երկխոսություն ունենալ այս տարածաշրջանում։ Այլ երկրներ էլ կան, որ Իրանի հետ երկխոսություն կարող են ունենալ՝ շատ անհամաձայնություններ ունենալու պարագայում եւս, սակայն տարածաշրջանային ու Հայաստանի մասով նույն դիրքորոշումն ունենալ կարող են Հունաստանը, Հնդկաստանը։ Հունաստանի նախարարն իր այցի ժամանակ նշեց, որ հնարավոր է դաշինք լինի Հայաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Հունաստանի միջեւ։ Իհարկե, Իրանի անունը չկար, բայց մենք գիտենք, որ մեծ ծրագիր կա՝ Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով, որի վերաբերյալ Իրանն ու Հունաստանը համագործակցելու են, եւ պայմանավորվածություններ կան երկրների միջեւ, նաեւ Հայաստան-Իրան-Հնդկաստան ինչ-որ ռազմաքաղաքական, տնտեսական, ռազմական համագործակցություններ են ստեղծում եւ ցույց տալիս, որ կան երկրներ, որոնք իրենց շահերի համընկնումով կկարողանան մի բլոկ ստեղծել ու դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այս հարցով բոլոր նշված երկրները նույն դիրքորոշումն ու քաղաքականությունն ունեն։

- Իրանական կողմն ի՞նչ է ակնկալում հայկական կողմից, մասնավորապես՝ ի՞նչ ռազմավարական խնդիրներ են լուծվելու այս համագործակցությամբ։

-  Իրանական ու հայկական կողմերն այս այցի վերաբերյալ փակագծերը չեն բացում, թե ինչ համագործակցություն է։ Սակայն, եթե ասվում է՝ համագործակցություն ռազմական եւ անվտանգային ոլորտներում, դա արդեն խոսում է համագործակցության բովանդակության մասին։ Հայտարարություններ շատ չեն եղել, որովհետեւ, եթե ինչ-որ պայմանավորվածություն լինի, ապա այն պետք է փակ մնա, եւ կարողանանք համագործակցությունն առանց այլ երկրների կողմից խոչընդոտի իրականացնել։

- Այս հանդիպումներն արդյո՞ք, ռազմական էսկալացիայի հավանականության ֆոնին, չեն խոսում նաեւ պատերազմի վերաբերյալ մտահոգությունների մասին։

- Տարածաշրջանում բավականին մեծացել է պատերազմի վտանգը, Ադրբեջանի կողմից այդ նշաններն անընդհատ տեսնում ենք։ Իսրայելն անդադար զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ Զաքիր Հասանովի այցը Թուրքիա դա էլ ցույց է տալիս, որ ռազմական գործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ նոր փուլ է մտնում, եւ անընդհատ Թուրքիան նոր սերնդի զենքեր է մատակարարում Ադրբեջանին։ Նաեւ վերջերս Պակիստանի պաշտոնյաների այցերն Ադրբեջան եւ ռազմական պայմանագրերը թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն ամեն դեպքում մեծացնում է իր ռազմական հնարավորությունները եւ ինչ-որ բանի է պատրաստվում։ Դրա համար էլ Հայաստանի գործընկեր երկրների ռազմական ոլորտի պաշտոնյաների այցերը Հայաստան կամ հակառակը՝ շատ ակտիվացել են։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում խաղաղության օրակարգով չի շարժվում, եւ բացի իրենց հայտարարությունները, իրենց ռազմական հնարավորություններն օր-օրի մեծացնում են, նաեւ իրենց սպառնալիքներն են շատացրել։ Դա ցույց է տալիս, որ ունենք այն, ինչ ունենք, եւ պետք է, ամեն դեպքում, պատրաստ լինել պատերազմին, եթե իրական խաղաղություն ենք ուզում։ Խաղաղությունը չի կարող լինել առանց Հայաստանի ուժեղացման, Հայաստանի ռազմական հնարավորությունների բարձրացման, պետք է բալանսը պահպանել, եւ Հայաստանի գործընկեր երկրները դա գիտակցում են։ Իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը թույլ է ու անպաշտպան, եւ ռազմական բալանսը տարածաշրջանում խախտված է։ Մենք հեռու ենք խաղաղությունից, դրա համար էլ պետք է բոլոր կողմերն էլ Հայաստանին աջակցեն, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն պաշտպանվել եւ չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի վտանգները, սպառնալիքներն ու նկրտումները։