Վերջին կաթիլը Մարկ Գրիգորյանի հատուկ վերաբերմունքն է իր 21-ամյա ուսանողուհու նկատմամբ

Վերջին կաթիլը Մարկ Գրիգորյանի հատուկ վերաբերմունքն է իր 21-ամյա ուսանողուհու նկատմամբ

Հանրային ռադիոյում արտակարգ իրավիճակ է։ Անգամ լրատվական ծրագրում՝ «Ռադիոլուր»-ում, որը հեռու է ներկայիս փոթորիկներից, լարվածություն է զգացվում։ «Այստեղ լռություն է, բայց՝ պայթյունից առաջ տիրող լռություն»,- ասաց լրագրողներից մեկը։

Ռադիոտունը միշտ համարվել է ամենաաղքատ հիմնարկներից։ Ռադիոյի ղեկավարները մեծ դժվարությամբ են ձեռքները գրպանը տարել՝ կոլեկտիվի համար աշխատանքային պայմաններ կամ արժանի աշխատավարձ ապահովելու համար։ Բայց սա նաեւ ամենահարմարվող կոլեկտիվն է եղել, որը երբեք չի ըմբոստացել։ Այստեղ աշխատանքային հատուկ էթիկետ կար, մշակութային այս առանձնահատուկ օջախի միջավայրի պահապան «հին» մարդիկ։ Հիմնարկի անվան մեջ «տուն» արմատը պատահական չէ։ Եվ, ահա, այս հարմարվող, քչով բավարարվող Ռադիոտան կոլեկտիվը գործադուլի նախազգուշացում է տարածել՝ ըմբոստանալով լրագրության «մետր» համարվող Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ։ Հայտնի է, որ լավ լրագրող լինելն անպայման չի նշանակում նաեւ լավ ղեկավար, լավ կառավարիչ լինել։ Աշխատողները «լավ լրագրողի» մեղքերի 8 կետից բաղկացած ցուցակ են հրապարակել։ 

Ռադիոտան կոլեկտիվը գոհ չէ, որ Մարկ Գրիգորյանը փորձառու հեղինակ-վարողներին փոխարինում է «ռադիոյում պատահական հայտնվածներով», «վաստակաշատ հեղինակների» հաշվին «յուրայիններին» հաստիքներ է տալիս, «վեցանիշ» աշխատավարձեր, կան մի քանի տեղ գրանցված, «անհասկանալի պաշտոններ զբաղեցնող» մարդիկ: Կոլեկտիվը Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներին մեղադրում է այլ ազգանուններով հաղորդումների համար վարձատրվելու, թագավորական աշխատասենյակներ ունենալու մեջ, «որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ», այն դեպքում, երբ վաստակով լրագրողները նստելու տեղ չունեն, աշխատում են, ինչպես եթերը գիշեր-ցերեկ ապահովողները, 70-100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով։ Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն անտեղյակ է, միշտ գործուղումներում է ու գոռում է աշխատողների վրա, ժողովներ չի անում («վաստակաշատները» նույնն ասում են իրենց բնորոշ երկարաշունչ ոճով` Ս․ Ս․), ահա ինչու կոլեկտիվը գնալու է կոշտ քայլերի ու մինչեւ վերջ։ Նամակը ստորագրված է՝ «մի խումբ աշխատակիցներ»։

Պետք է նկատել, որ «հեղինակ-վարողները» նախկինում էլ երբեք լավ վիճակում չեն եղել։ Նույն կոպեկները ստացել են նաեւ այլ տնօրենների՝ Արմեն Ամիրյանի, Արման Սաղաթելյանի, Ստեփան Պողոսյանի ժամանակ։ Ռադիոտանը հիմնանորոգված է եղել միայն լրատվական ծրագրի հարկաբաժինը, իսկ մնացածը «գոյատեւել» են նախնադարյան պայմաններում ու տեխնիկայով։ Հակասություններն այնքան երեւացող են եղել, որ մի քանի տարի առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, որը գնացել է ռադիոյի նորոգված սենյակները տեսնելու, ռեպլիկ է նետել իր առաջ շարված ղեկավարությանը․ «Պարոնայք, դուք թանկ կոստյումներ եք հագել, իսկ մանրահատակը, իմիջիայլոց, հին է»։ Բայց այն ժամանակ ընդվզումներն ինտրիգի մակարդակից չեն բարձրացել։ Նույն՝ Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանից է մեծ դժգոհություն եղել, սակայն ոչ ոք չի հանդգնել բարձրաձայնել այն։ Այսօր լուրեր կան, որ հենց Լիկա Թումանյանն է ըմբոստության հրահրողներից մեկը։ Մեր տեղեկություններով, Ռադիոտան ղեկավարությունը հունվարից պատրաստվում է լուծել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։ Եվ նա միակը չէ։ Աշխատանքային պայմանագրեր չեն կնքվելու «հների» մեծ մասի հետ։ 

Ռադիոտանը կադրային մեծ ջարդ է սպասվում, ինչը Մարկ Գրիգորյանի դեմ ընդվզման պատճառներից է։ Որոշակի լարվածություն են առաջացնում նաեւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի եւ «Ռադիոլուրի» լրագրող Անի Մինասյանի հարաբերությունները։ Աշխատակիցները պնդում են, որ Անին 60-ն անց լրագրող-տնօրենի ուսանողուհին է, եւ տնօրենը նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի՝ նրա համար մեծ զբաղվածություն է ապահովել, շատերին օրինակ է բերում Անիի աշխատանքը եւ նույնիսկ գործուղումների է տանում իր հետ։ Արա Գյուլերի թաղմանն էին միասին գնացել։ Կոլեկտիվն այս սուբյեկտիվ վերաբերմունքից լարվել է՝ մոռանալով, որ ժամանակին էլ, 2 տարի առաջ, երբ ՀՀԿ անդամ Արման Սաղաթելյանը դարձավ ռադիոյի տնօրեն, կոլեկտիվը նրա նկատմամբ էր լարվել։ Արման Սաղաթելյանն էլ Լիկա Թումանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ, որից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության նախկին աշխատակցի կյանքում գործնական վերելք սկսվեց։ 

Մենք հարցեր ունենք երկու կողմերին էլ՝ Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանին եւ գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին, սակայն նրանք երկուսն էլ արտերկրում են։ Անի Մինասյանն էլ կարճ կապեց․ «Ռադիոյի աշխատողների բողոքի հետ ես որեւէ առնչություն չունեմ, հետեւաբար, հարցերին պատասխանել ուղղակի չեմ կարող»: «Ռադիոլուրի» պատասխանատու Արմեն Վարդանյանն էլ պատասխանեց․ «Մարկ Գրիգորյանը գալու է վաղը։ Կգա, ինքը կխոսի, կարծում եմ»։ Նա ասաց, որ «լուրերում» ոչ մի լարվածություն չկա․ «Մենք աշխատում ենք»։ Հարցին, թե աշխատակիցների հետ նոր պայմանագրե՞ր են կնքվում, պատասխանեց․ «Այո, հունվարի 1-ից»։ Անի Մինասյանը, ըստ լրատվականի ղեկավարի, այլ հաղորդումներում էլ է աշխատում, բայց «Ռադիոլուրի» շատ աշխատակիցներ են նաեւ այլ հաղորդումներում զբաղված, եւ Անին բացառություն չէ։

Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, որի համար առաջին տեղում TV-ն է եղել, եւ որն արհամարհական վերաբերմունք ունի Հանրային ռադիոյի նկատմամբ եւ մեծ հաշվով այսօրվա իրավիճակի գլխավոր պատասխանատուն է, անհասանելի է ԶԼՄ-ների համար։ Ավելին, տեղեկություն ունենք, որ Ռուբեն Ջաղինյանը բոլորին հրահանգել է, որ մամուլին պարզաբանումներ չտան։ Նա մամուլից միշտ է վախեցել, նախեւառաջ իր վատ հայերենի պատճառով ու բոլոր հարցերն ուղղորդել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգո Գրիգորյանին։ Բայց այս դեպքում Գրիգորյանը նրան չի կարող օգնել, քանի որ կապ չունի ռադիոյի հետ։ Նամակագիրները նույնպես չեն խախտում լռությունը։ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Հանրային ռադիոյի սփյուռքի հաղորդումների խմբագրությունը, ոչ մի կարծիք չունի առաջացած կոնֆլիկտի մասին։ «Ես տեղյակ չեմ եղել։ Չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- ասաց նա։ Մենք զրուցեցինք նաեւ նամակի հեղինակներից մեկի հետ, որը խնդրեց անունը չհրապարակել, քանի որ սա ընդհանուր պահանջ է, միայն իրենը չէ։ «Խնդրում եմ, բավարարվեք նամակով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու առաջ չէին խոսում, նա պատասխանեց․ «Համակարգն այնպիսին չէր, որ խոսեիր, ու քեզ լսեին, այնպիսին էր, որ եթե խոսեիր, քեզ հանելու էին, գցելու էին փոսը։ Հիմա եկել են ժամանակները, որ մարդիկ բարձրաձայնում են, դա դարձել է մոդայիկ բոլոր տեղերում։ Եթե կարելի է խոսել ու հասնել արդարության, թող մեզ մոտ էլ լինի արդարություն։ Տեխնիկական անձնակազմից կանայք 24 ժամ աշխատում են ու ստանում են 70 հազար դրամ»։ Աշխատակիցների մի մասն արդեն ազատված է գործից, պատճառաբանությամբ, որ նոր «ձայներ» են պետք։ 

Գործընթացը սկսվել է «Առավոտ լուսո» ծրագրից եւ դեռ չի ավարտվել, եւ այս պահին հայտնի չէ, թե քանի մարդ է կրճատվելու։ Նոր աշխատակիցները, որոնց հետ պայմանագրեր են կնքվում, անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, քան հները։ Տարբերությունը կազմում է մոտ 50-100 հազար դրամ։ Աշխատավարձը բարձրացնելու բոլոր խնդրանքներին Մարկ Գրիգորյանը պատասխանել է, որ գումար չունի։ Ի դեպ, նրա աշխատավարձն ապշեցրել է ռադիոյի հին աշխատողներին։ 1 մլն 500 հազար դրամ է ստանում Մարկ Գրիգորյանը «հարգելի ռադիոլսողների» գրպանից։ Հուսանք, որ նա դեռ կպատասխանի մեր հարցերին՝ այսօր իր հերթական արտասահմանյան գործուղումից վերադառնալով։