Զոհվածների ու անհետ կորածների հարազատներին անընդհատ հետեւում են

Զոհվածների ու անհետ կորածների հարազատներին անընդհատ հետեւում են

Եղբորը կորցրած ու անհետ կորած եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը, որը մոտ 2 ամսից ավելի Արցախում է, մասնակցում է զոհվածների մարմինների որոնողական ու տեղափոխման աշխատանքներին, օրերս ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ հայտարարել էր, թե իշխանությունների լկտիությունն այն աստիճանի է հասել, որ սպառնացել են որդեկորույս կամ անհետ կորածի ծնողի դեմ քրեական գործ հարուցել, եթե վերջիններս վատ վարվեն սպաների հետ։ «Հանկարծ չհամարձակվեք, էսքան ժամանակ, որ մենք մեզ ակուրատնի, խելոք պահել ենք, ոչ մի կտրուկ գործողություններ չենք արել, եթե եղել է մեկ-երկու փոքր միջադեպ, բոլորն էլ գիտակցում են՝ էդ ինչից է լինում, որ տենց ա լինում։ Ուրեմն, պարոնայք ՊՆ ղեկավարներ, չփորձեք մեր հետ ուլտիմատումներով խոսել։ Մենք էսքան վախտ ոչ մի կտրուկ բան չենք արել, բայց հիմիկվա ձեր արած հայտարարությունը, եթե տենց չերեզ-չերեզ խոսքեր են մեզ հասնում, ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում, չփորձեք էդ անել, քանի որ ձեր էս հայտարարությամբ արդեն ինքներդ պրովոկացիայի եք ենթարկում մեզ, որ ծնողներին հունից հանեք, որ սկսեն արդեն ոչ օրինական քայլեր անել»,- ասել էր նա։ Մենք զրուցել ենք Արսեն Ղուկասյանի հետ։

- Պարոն Ղուկասյան, ասում եք՝ «չերեզներով» փոխանցել են․ ի վերջո, ո՞ւմ անունից էր այդ ուղերձը՝ նախարար, փոխնախարար, ո՞ւմ։

- Ասողն ասաց, որ դա ասել է Վաղարշակը։ Փոխանցել է, որ «արդեն հերիք եղավ, բոլ եղավ, կբռնենք կդատենք»։ Դե հիմա ընենց չի, որ մենք չենք անելու։ Եթե պետք եղավ, էլի ենք անելու, թող բռնեն, դատեն, ի՞նչ ասեմ։ Չնայած վարչապետը դրանից չի էլ հրաժարվում, որ ասել է մեր առաջ, որ «նայեք՝ կարմիր գծերը մի անցեք, թե չէ պատասխանատվության կենթարկվեք»։ Բայց ինքը տենց, մի քիչ թռուցիկ ասաց, ես բան չարեցի․․․ էլի, դրանից հետո եւս մի միջադեպ եղավ, լսում ենք արձագանքը, որ «հանկարծ մի հատ էլ եղավ, ֆսյո, հերիք եղավ, բոլ եղավ»։

- Մոտ 1 ամիս առաջ Դուք եւ հայրերից մեկը հայտարարում էիք, որ անվտանգության մարմինների միջոցով փորձում են ձեր վրա ճնշում գործադրել։

- Մենք նկատում ենք, որ մեր հետեւից  մարդիկ կան՝ քայլում են, քշում են, գալիս են, գնում են, ու մենք գիտենք, թե դրանք ում մարդիկ են։ Հիմա եթե իրենք ուզում են հոգեբանորեն մեր վրա ճնշում գործադրել, որ վռոդի ձեզ հետեւում ենք, խելոք մնացեք, կբռնենք, կծեծենք, բան․․․ չարաչար սխալվում են։ Ես էլ եմ իրենց մեսիջներ ուղարկել՝ չերեզ իրանց ծանոթներ, ասել եմ՝ մոտիկ մի եկեք, թե չէ ձեզ էլ կտրորենք-կանցնենք, հանկարծակի չշփոթեք։

- Դուք նշում եք նաեւ, որ իշխանություններին անուն առ անուն ասում եք՝ այսինչ, այնինչ հրամանատարը մեղավոր է այս կամ այն զինվորի զոհվելու կամ անհետ կորելու համար, պահանջում եք դատել՝ չեն դատում։ Նման սպաների ու հրամանատարների ցանկ ունե՞ք։ Քանի՞սն են, ո՞ր զորամասերից են։

- Ուրիշ զորամասերի առումով էդքան մանրակրկիտ չենք ուսումնասիրել, բացի կոնկրետ Ջաբրայիլը, քանի որ մեր անհետ կորածների մեծ մասը հենց Ջաբրայիլի զորամասի, նաեւ Հադրութի զորամասի զինվորներ են։ Եվ եթե անգամ կան Վայքի կամ Կուբաթլուի զորամասից, մեկ է՝ վերջին տեղը, որտեղից էդ մարդիկ կապի են դուրս եկել կամ անհետացել են՝ էդ տարածքներում։ Այսինքն՝ խոսքն էդ տարածքի ղեկավարության մասին է։ Դրանցից հենց մեկը եղել ա Առուստամյան Կարենը՝ դիվիզիայի հրամանատարը։

- Իսկ քրեական գործ չեն հարուցում՝ ի՞նչ են ասում, որ ի՞նչ՝ պարզ հովանավորչությո՞ւն է։

- Չեմ կարա ասեմ՝ պարզ հովանավորչություն է, թե ինչ։ Ես եղել ա, որ հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետին ասել եմ՝ ինչի՞ չեք կալանավորում էդ սպաներին, պատասխանը հնչել է հետեւյալ ձեւով, որ մենք էս պահին սպաների պակաս ունենք, բռնենք, էսքանին էլ դատենք, բա էդ զինվորների գլխին ո՞վ պետք է լինի։ Բայց ես իրեն ասել եմ հետեւյալը, որ բոլորին ձեռ է տալիս, որ նման սպա չլինի, քան թե լինի։ Քանի որ եթե, Աստված մի արասցե, մի հատ էլ պատերազմ սկսվի, էդ մարդիկ, որ մի հատ հանցանք կատարել են, նորից այն կրկնելու են՝ շատ ավելի ուժեղ տեսքով։ Ոնց որ մեկը մարդ սպանի, չդատես, ասես՝ կխելոքանա, բայց հաջորդ անգամ ինքն արդեն մեկին չի սպանի, այլ՝ երեքին, որովհետեւ գիտի, որ դրանից հետո անպատիժ է մնալու։

- Զոհվածների, անհետ կորածների հարազատների մի մասը ձեզ հետ է, մի մասն էլ լռում է։

- Ես չգիտեմ՝ ով է լռում, ով չի լռում, կան մարդիկ, որ կարող է արդեն իրենց զավակի մարմինը գտել-գնացել են, ոնց որ ասած՝ իրենց դարդով տապակվում են։ Սենց կոպիտ բան ասեմ, հիմա էդ մարդիկ էդպես են մտածում, բայց մարդիկ էլ կան, որ՝ չէ, համաձայն չեն, որ տարան, վերացրեցին, տվեցին, հիմա պետք է ասենք՝ հա, դե լավ, ապրե՞ք, որ տվեցիք։ Չէ, տենց ո՞նց կլինի, բա պետք է պատասխան կրեն էն մարդիկ, ովքեր ամեն ինչի մեղավորներն են։

- Ի դեպ, Աննա Հակոբյանն էլ գնում է զոհվածի տուն, երեխային գրկում, կանգնում նրա հոր լուսանկարի առաջ, լուսանկարվում է․․․ միխիթարում է։

- Աննա Հակոբյանն ինչ է անում, ինչ չէ, ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում, բայց եթե Աննա Հակոբյանը հանկարծ ուզենա գալ մեր տուն՝ իմ ախպոր նկարի մոտ կանգնի, ես ուղղակի թույլ չեմ տա։ Ես չեմ թույլ տա էդ մարդկանց գալ-կանգնել այդտեղ։ Թեկուզ պատկերացնենք՝ պատերազմ էր, էդ մարդը մեղք չունի, բայց եթե մեղք չունի ու չի անում էն, ինչ որ ես եմ ուզում, որ էդ մարդու զոհվելու պատճառն ի հայտ գա, ուրեմն ինքն իմ տան մեջ կամ իմ ախպոր շիրիմի մոտ անելու բան չունի։

- Ինչքա՞ն եք նախատեսում մնալ այդտեղ, ո՞ր հատվածներն են մնացել, որքա՞ն մարմիններ եք արդեն հանել։

- Մեծ մասը մտած է։ Տարբեր տեղեկություններ են գալիս, այստեղից, այնտեղից, որ էսինչ կամ էնինչ մարդուն վերջին անգամ էսինչ տեղում են տեսել։

- Ադրբեջանցիների պահվածքն ինչպիսի՞ն է, ասում էիք, որ հասարակ բանի պատճառով կարող են չթույլատրել կամ դադարեցնել որոնողական աշխատանքները։

- Ընենց չի, որ հիմա չեն անում։ Ու ո՞նց պիտի պահի հաղթանակած բանակի զինվորը։ Կարգադրողի կարգավիճակում։ Ոնց իրեն ձեռ է տալիս։

- Արցախի նախագահը հայտարարեց, որ նոր ցավոտ որոշումներ են լինելու։ Մեկնաբանում են, որ խոսքն այն մասին է, որ ՀՀ զինված ուժեր չլինեն։

- Ես մտածում եմ, որ Արցախում հայկական զինված ուժեր չեն լինի, կարող է լինեն պայմանագրայիններ, եւ ռուսական բանակը կլինի ու վերջ։ Դա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, որ շատ շուտով էդ սահմանագծով լինելու են ռուսական սահմաններ։