Հրազդանի նախկին քաղաքապետը մի գործով հաղթել է նոր քաղաքապետին 

Հրազդանի նախկին քաղաքապետը մի գործով հաղթել է նոր քաղաքապետին 

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։ Քրեական գործից զատ, Հրազդանի համայնքապետարանը մեկ այլ հայց էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պատճառված  3 մլն դրամի վնասի հատուցման պահանջի մասին: Եվս մեկ այլ՝ հետադարձ պահանջի մասին հայցով, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն է դիմել դատարան: 
Թե որ փուլում է դատական գործը, եւ ինչ պահանջով է Սեւակ Միքայելյանը դիմել դատարան, Արամ Դանիելյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ պատճառված 3 մլն դրամի վնասի հատուցման պահանջի մասով դատական գործն ավարտվել է, համայնքապետարանի հայցը մերժվել է. «Այդ գործը մենք կրել ենք, դատն ավարտվել է: Առաջին ատյանի դատարանը հայցը մերժեց, վերաքննիչն էլ իրենց բողոքը մերժեց, վճռաբեկ չեն դիմել: Ավելին՝ Հրազդանի համայնքապետարանից: հօգուտ Արամ Դանիելյանի, պետք է բռնագանձվեն փաստաբանական ծառայությունների ծախսերը: 

Քրեական գործի շրջանակներում չենք կարողանում առաջ գնալ, մոտակա 5 տարում կարող է դատական գործը չավարտվի: Իրենք գործը քննում էին Արամ Դանիելյանի վերաբերյալ, էդ գործի ընթացքում պարզեցին, որ Դանիելյանի հետ աշխատող մարդիկ էլի ինչ-որ բաներ են արել՝ Դանիելյանի հետ բացարձակ կապ չունեցող, եւ գործը բերեցին ու միացրեցին այս քրեական գործին: Ունենք իրար հետ կապ չունեցող գործ՝ 7 ամբաստանյալներ են, 7 պաշտպաններ: Եթե մի օր մեկը հիվանդացավ՝ նիստ չի կայանում: Վերջին 6 ամիսը պարզապես նիստ չի եղել, քննիչը գործը միացրել է, դատարանն էլ չի անջատում: Իրոք պրոբլեմ ունենք, կոնկրետ Արամ Դանիելյանի մասով մեզ պետք է, որ այդ գործն արագ ավարտվի»: 

Սիրունյանը նշեց, որ Սեւակ Միքայելյանի հայցն ընդդեմ Արամ Դանիելյանի որոշումը ստացել են, սակայն գործի նյութերին դեռ ծանոթ չեն. «Ստացել ենք զուտ որոշումը՝ վարույթ ընդունելու մասին, գրել եմ դատարանին, որպեսզի նյութերն ուղարկեն, էլի մի ապօրինի բան պետք է ուզեն: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին զանգեցի, հասկանալու համար՝ ինչ գործ է, նա էլ շատ կուլտուրական ասեց. «Գլուխներս խառն ա, իրավաբանական բաժին չունենք, նախկին փաստաբանների հետ հարաբերությունները խզել ենք: Սաղ իմ վրա ա, ես չգիտեմ ինչ գործ ա»: Քաղաքապետարանում իրենք խնդիր ունեն, ունեին իրավաբանական բաժին, ինչքան գիտեմ՝ փակեցին: Նրանք մի փաստաբանական գրասենյակի հետ պայմանագիր կնքեցին, պայմանագրով փաստաբան էին պահում, հիմա կարծեմ դրանց հետ էլ չեն աշխատում»: 

Թե ինչ հետադարձ պահանջի հայցով է Սեւակ Միքայելյանը դիմել դատարան, հարցրեցինք Միքայելյանի ներկայացուցիչ Արմեն Թեւանյանին:

«Վստահորդիս հետ խոսեմ, եթե կթույլատրի ինչ-որ բան հրապարակելու, Ձեզ կզանգահարեմ»: Որոշ ժամանակ անց Թեւանյանը զանգահարեց եւ ասաց. «Ցանկացած հարց կարող եք ուղղել քաղաքապետարան, ես իրավասու չեմ պատասխանել»: