Եվրոպան հանձն առածի տակից հետագայում կարողանալո՞ւ է դուրս գալ

Եվրոպան հանձն առածի տակից հետագայում կարողանալո՞ւ է դուրս գալ

«Հրապարակի» զրուցակիցը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է:

- Երեկ Ադրբեջանի կողմից հերթական սադրանքը տեղի ունեցավ Հայաստանի սահմանին: Գեղարքունիքի ուղղությամբ թշնամին կրկին ռազմական գործողություններ է ձեռնարկել, ինչի արդյունքում ունենք վիրավորներ: Առհասարակ, ամեն անգամ, երբ միջազգային հարթակներում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ ծավալում, թշնամին ռազմական էսկալացիա է սկսում Հայաստանի դեմ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:

- Ռազմական գործողություններն ու սադրանքները պատահական չեն, հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին երեք շաբաթների ընթացքում: Առհասարակ, վերջին երկու տարին եւս այդ տրամաբանության մեջ է եղել: Նախկինում էլ մշտապես ադրբեջանական կողմը բանակցություններից առաջ դիմել է նման սադրանքների: Առաջներում էլ այդպիսի միտումներ մշտապես եղել են: Իհարկե` նախկինում սադրանքներ իրականացվում էին Արցախի ուղղությամբ, հիմա` Հայաստանում, որովհետեւ քննարկման առարկան այլեւս Հայաստանն է: Ադրբեջանի գործողություններն ունեն մի քանի նպատակ։ Նախ, կուզեմ շեշտել արեւմտյան գործողությունների մասին, որը պատահական չէ: Արեւմուտքը շտապում է ստանալ մի փաստաթուղթ, որով, այսպես ասած, հնարավոր կլինի ռուսական կողմի ներկայությունն այստեղ ավելորդ դարձնել: Ինչ անուն էլ որ դրան Արեւմուտքը տա, փաստացի այդ տարբերակով Արցախն անցնելու է Ադրբեջանի տարածք, եւ Հայաստանի իշխանություններն այդտեղ բոլորովին չեն ներգրավվելու: Դրա մասին են վկայում նաեւ այսօր իշխանության ղեկին նստածների ու հատկապես վարչապետի հայտարարությունները, որոնք Ստեփանակերտ-Բաքու տրամաբանության մեջ են: Նպատակներից մեկն էլ որոշակի ռազմական լարվածություն ստեղծելն է, որպեսզի կրկին ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին մեղադրեն ու հրաժարվեն նրանցից՝ իրականացնելով այն նպատակը, որի համար փաստացի այս իշխանությունները կանգնել են իշխանության գլխին: Բոլորովին պատահական չէ, որ լարվածությունը Սոթքի հատվածում է: Պատերազմից անմիջապես հետո շատ արագությամբ տարածքներ էին հանձնվում, որոնց մասին ոչ մի խոսք չկա նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Սոթքի հատվածից հենց այն ժամանակ մի հատված հանձնվեց, սակայն հանրային պարսավանքից հետո միայն իրավիճակը որոշակի փոխվեց: Այժմ կիսատ թողնված գործը շարունակելու փորձ է արվում: Պատահական չէ, որ Սոթքի ուղղությամբ է ճնշում գործադրվում: Այսպիսով հետագայում կարող է արդարացվել նոր կնքվելիք խաղաղության պայմանագիրը: Կա մեծ ու բնական դիմադրություն այդ ուղղությամբ:

- Դուք նշում եք, որ Արեւմուտքը շտապողականություն է ցուցաբերում: Ինչո՞ւ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Արեւմուտքի ծրագրերն արդեն բավականաչափ ուշացել են: Արդեն մեկուկես տարի է՝ չեն իրագործվում: Բնականաբար, ուկրաինական կողմի գործողությունների հետ եւս զուգակցվում են Արեւմուտքի գործողությունները: Բախմուտի հատվածում լարվածությունն էլ պատահական չէր: Ֆինանսական եւ տնտեսական մեծ լարումները, որոնք առաջացել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւս խնդիրներ են առաջացնում: Նման պարագայում ձախողումներն Արեւմուտքին ձեռնտու չեն: Նրանց համար խիստ էական է երկրորդ ճակատի բացումը՝ թուլացնելու ռուսական կողմի դիրքերը: Նրանց նպատակը Ռուսաստանը բզկտելն է ու հակաիրանական պատուհան բացելն է, որն իրականություն դարձնելուն պես իրավիճակը կտրուկ կփոխվի:

- Մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի` Ադրբեջանի պահանջով: Ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել բանակցությունների վրա:

- Ալիեւը, բնականաբար, իր դիրքերը պահպանում է: Այն պայմանավորված է ոչ միայն էներգետիկ ռեսուրսներով, այլեւ Իրանի դեմ պլացդարմով: Արեւմուտքի համար Ադրբեջանը կարեւոր է հենց այդ առումով: Ալիեւը հրաշալի օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնի իր ուզածին:

- Բրյուսելյան եռակողմ հանդիպումից ի՞նչ սպասենք:

- Ես առանձնապես ոչ մի ակնկալիք չունեմ: Հույս ունեմ, որ հայկական կողմը խելքի կգա եւ կհասկանա, որ Հայաստանին օգտագործում են լաթի պես եւ հետո դեն են նետելու: Առհասարակ, մեծ խնդիր է` Եվրոպան հանձն առածի տակից հետագայում կարողանալո՞ւ է դուրս գալ, թե՞ ոչ: Ցանկացած երաշխիք կրում է ձեւական բնույթ: Անհրաժեշտության դեպքում դրանք ոչնչացվելու են: