Հոգեբանական պատերազմ ընդդեմ արցախցիների

Հոգեբանական պատերազմ ընդդեմ արցախցիների

Արցախում ադրբեջանական ագրեսիվ նախաձեռնությունն արդեն վերածվում է անընդհատ ընթացող տեղեկատվական-հոգեբանական պատերազմի: Խոսքը հոգեբանական ահաբեկման մասին է, որին ենթարկվում են Արցախի արդեն երկրորդ (թե՞ երրորդ) բնակավայրի բնակիչները: Ճիշտ է, որոշ ժամանակ անց այն դադարեցվում է ռուսական խաղաղապահ ուժերի միջամտության շնորհիվ: Սակայն հետո նորից սկսվում է մեկ այլ բնակավայրում: Եթե նախկինում միայն կրակում էին օդ, իսկ հետո սկսեցին կրակել նաև գյուղտեխնիկայի և այնուհետև առանձին մարդկանց ուղղությամբ, ապա վերջերս այդ ամենին գումարվել է զանգվածային հոգեբանական ահաբեկումը: 
Այնինչ, Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի այս տարվա ուղերձում ասվում էր, որ իշխանության «քայլերն ուղղված են ոչ միայն… անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը…»: Փաստորեն, թե՛ անվտանգային մարտահրավերների հաղթահարումը և թե՛ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահների կողմից: Իսկ Փաշինյան Նիկոլի իշխանությունը հանդես է գալիս ուղղակի խեղճուկրակ դիտորդի դերում:

Ղարաբաղյան անվանումը կրող համաժողովրդական շարժման շնորհիվ ՀՀ գերագույն խորհրդի նախագահի, իսկ հետո ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում (վկա 1992 թ.-ին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցը): Արդեն հազարերորդ անգամ հիշատակեմ տեր-պետրոսյանական հանրահայտ՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի կարգավորված չէ Ղարաբաղյան խնդիրը» խոսքը: Իսկ կարգավորման կերպի մասին արդեն ասվեց՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: 

Ի հեճուկս Ղարաբաղյան շարժման և հակազգային այդ գաղափարի բարձրաձայնումից 26 տարի անց հենց նույն շարժման համատեքստում (ընդդեմ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի) բողոքական զանգվածների շնորհիվ իշխանության գալով՝ նրա հոգեզավակը կյանքի կոչեց այդ տեսլականը: Ինչի մասին գրառում կար նրա հանրահայտ գրվածքում՝ «Պետք է մասը տալ՝ ամբողջը պահպանելու նպատակով»: Մասը տալն էլ տեղի ունեցավ «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր» և «Այնտեղ հայեր չէին ապրում» տեսական դատողությունների հիմնավորմամբ: 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտությունից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության դրույթները: Սակայն վերջինս չի պատրաստվում պատերազմել ադրբեջանցիների դեմ «ինչ-որ լճափի 30 տոկոսի» պատճառով: Եվ կամ իր ուսապարկերից մեկի ասած՝ «անմարդաբնակ տարածքների» համար: Սակայն ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ուսապարկերը չեն պատերազմում հենց մարդկանց կյանքի ու անվտանգության համար, չնայած պատրաստ էին պաշտպանել նույն այդ մարդկանց կյանքն ու անվտանգությունը: Այսպիսի աննորմալ փոխակերպումներ…

Ուկրաինայի համար համաշխարհային աղմուկ բարձրացրած Արևմուտքը չէր «տեսնում» տարիուկես առաջ Արցախում կատարվածը և շարունակում է չտեսնելու տալ դրա զարգացումները: Եվ այդ թվում Արցախի բնակչության դեմ տարվող հոգեբանական պատերազմը: Բայց ուկրաինացիների բախտը մի բանում բերել է. նրանց խեղկատակ նախագահը, ի տարբերություն իր հայաստանյան գործընկերոջ, Արևմուտքին դրդում է թեկուզ լայնամասշտաբ պատերազմի՝ միայն թե պաշտպանի իր երկրի շահերը: Մերը (մարդու ձեռքը չի գնում գրելու «մերը» բառը) սեփական երկրի շահերը փորձում է պաշտպանել զուտ խոսքի (ուղերձային) մակարդակում: Իսկ իրականում այդ շահերը դիտարկում և կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի համատեքստում: Ինչը մոտավորապես նման է գառների պաշտպանությունը գայլերին հանձնելուն: 

Հ. Գ. Մի բանում ես եմ համոզված. «հայ ժողովուրդը կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման» (սրանք տողեր են Նիկոլի ուղերձից): Եթե հայ ժողովուրդը հնարավորինս արագ ՀՀ վարչապետի պաշտոնն ազատի Փաշինյան Նիկոլից: Եվ Ազգային ժողովն ու մնացած պետական ու կառավարչական պաշտոնները՝ նրա բազմաթիվ ուսապարկերից: