Քոչարյանին եւ Ասատուրովին մեղադրող դատախազը Աշոտ Փաշինյանի դատախազն է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, շարունակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստ:
Գրել էինք, որ մեղադրյալների պաշտպանական խումբը դատախազ Դանիելյանին վարույթից հեռացնելու միջնորդություն էին ներկայացրել՝ կասկածի տակ դնելով նրա օբյեկտիվության եւ անաչառության հարցը: Դանիելյանը, ըստ փաստաբանների, իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունի, եւ չի կարող օբյեկտիվ լինել Լևոն Քոչարյանի հարցում:
«Նույն դատախազը հանդիսացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լեւոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաեւ Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լեւոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաեւը:
Դատախազն առարկեց միջնորդության դեմ, պնդելով՝ այն անհիմն է։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը, 5 րոպե ընդմիջումից հետո դատը շարունակվեց:
Դատական նիստից առաջ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար։
Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»:
Դատավարության այս փուլում քննվում է խափանման միջոցի հարցը: Մեղադրյալների պաշտպանական խումբը դատախազին բացարկի վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում՝ կասկածի տակ դնելով նրա օբյեկտիվության եւ անաչառության հարցը:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման ենթարկվելիս ոստիկանների կողմից բռնության էր հենթարկվել, ինչը արձանագրվել էր նաեւ տեսախցիկներով: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Քոչարյանը կալանավորվեց:
Մանրամասն՝ «Հրապարակ»-ի ուղիղ եթերով:
Կարծիքներ