«Տուն, հայրենիք թողած, բոլորի ճակատին լռություն էր»․ հերոս Վանիկ Հայրապետյանի տառապանքի ուղին

«Տուն, հայրենիք թողած, բոլորի ճակատին լռություն էր»․ հերոս Վանիկ Հայրապետյանի տառապանքի ուղին

Դոնարա Հայրապետյանը հերոսի կին է։ Ամուսինն էլ՝ Ճարտարի ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ, 20 տարվա զինվորական․ Վանիկ Հայրապետյանը դասական հերոս է, այն հազվագյուտ հրամանատարներից, որի ջոկատը 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի զոհ չի ունեցել։ Նրան օրինակ են բերում, երբ խոսում են իսկական, անվիճելի հերոսության մասին։ 

Վանիկին՝ Հայրապետյան, գիտե՞ք, Ճարտարից

«Մի քանի հերոսներ կան, որոնց պետք է հիշենք։ Վանիկին՝ Հայրապետյան, գիտե՞ք, Ճարտարից։ Հայաստանում ապրող Արարատը՝ Մելքումյան, որ Մարտունին պահեց, կամ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։ Վանիկը զոհվեց սեպտեմբերի 20-ին, վեր կացավ, մենակ կանգնեց թուրքական զորքի դեմ»,- Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այս հիշատակումը՝ վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ արված, Դոնարան կտրել ու պահում է հեռախոսի մեջ, ուղարկում է ծանոթներին։ Ժամանակը Դոնարայի համար կանգ է առել սեպտեմբերի 20-ի վրա, առաջ չի գնում։ Ինքն էլ ժամանակի հետ մնացել էր այդ նույն կետում, Ճարտար գյուղի նկուղում, որտեղ սպասում էր Վանիկին, որ տուն գնային, երբ հայտարարեցին, որ կրակը դադարել է, ու Վանիկը չեկավ։
«Ամարասը, Քերթը՝ վերեւի գյուղերը բոլորը վերցրել էին, մնում էր Ճարտարը՝ Վանիկի շնորհիվ։ Նա դուրս եկավ խրամատից, որ դրսում կանգնած երեք հոգուն ասի՝ ձեզ չեմ ասե՞լ, խմբովի մի կանգնեք։ «Ամենաապասնին»՝ էդ միասին կանգնելն է, չնայած կրակելու դադարը տվել էին, բայց այդ խրամատների վրա դադար չէին տալիս, անընդհատ կրակում էին։ Տենց ասեց, թե չէ, միանգամից խփեցին, ինքը գլխուղեղի վնասում ստացավ ու տենց․․․»,- խրամատում մնացած ընկերն է պատմել Դոնարային ու վստահեցրել, որ ինքը գիտեր, որ խփելու են, 44-օրյայի ժամանակ էլ ասում էին՝ դադար, բայց խփում էին։

Այդպես էլ չտեսավ, թե ինչ գույնի են Արիանայի աչքերը

Վանիկի մեդալները Դոնարան չկարողացավ բերել։ Մնացին թուրքին բաժին։ Բայց ոչինչ՝ նկարներ ունի․ Վանիկը՝ մեդալները դոշին, որպես ապացույց նրա հերոսության։ Դոնարային ավելի տանջում է այն, որ Վանիկն ընդամենը երեք օր տեսավ իր վերջին երեխային, որի համար չնաշխարհիկ անուն էր մտածել՝ Արիանա։ Երեք տղաների հայրն աղջկա մասին շատ էր երազել, շատ էր ասել՝ բան չեմ ուզում, մենակ մի աղջիկ ունենամ։ Ո՞վ է չորրորդ երեխայի համար էսքան ուրախանում՝ զարմանում էին ծննդատան աշխատողները, երբ աղջիկը ծնվեց։ 5 օր Դոնարան մնաց հիվանդանոցում, ու 5 օր Ճարտարն ուտում-խմում էր Վանիկի տանը՝ նրա չորրորդ երեխու համար։ «Էնպես էր ուրախանում, ոնց որ իմանար, որ սա իր վերջին ուրախությունն է»,- հուզվում է Դոնարան։ 

Չգիտես ինչու, Վանիկն իր Արիադնային պատկերացրել էր կապույտ աչքերով։ «Ամեն օր մոտենում էր օրորոցին, որ տեսնի աչքերի գույնը, երեխայի աչքերն էլ՝ փակ, ջղայնանում էր, ասում՝ ե՞րբ են բացվելու։ Տենց էլ չտեսավ։ Վերջին օրով՝ ամսի 19-ին, եկավ տուն, ռացիան տանն էր մոռացել, վազելով մոտեցավ երեխուն, ասեց՝ էսքան վախտ պաչած չկամ, թող մի հատ պաչեմ, հետո գնամ։ Պաչեց ու գնաց, էդ գնալն էր, որ գնաց։ Վսյո»։ Արիադնայի աչքերը բացվեցին մի քանի օրից։ Իրոք որ կապույտ էին։ Վանիկն արդեն չկար։

Եթե հնարավոր է, թույլ տվեք, որ ես իմ եղբոր երեսը մաքրեմ 

Վանիկի մահվան լուրը մի քանի օր թաքցրին նրա հարազատներից։ Իմացան մահից մի շաբաթ անց։ Վանիկի մարմինը երկու օր մնաց Մարտունիում, դիահերձարանում։ Բայց ոչ ոք չկար։ Լույս չկար, որ սառնարաններն աշխատեին։ Այդպես էլ չհերձեցին։ Վանիկի հորեղբոր աղջիկը գնաց դիահերձարան, լացեց, որ թողնեն մտնի ներս, տեսավ, որ դիակներ շատ կային, ու մենակ Վանիկի մարմինն էր մի կողմ դրված, պատի տակ։ Երեսը մաքրած չէր։ Ասեց․ «Եթե հնարավոր է, թույլ տվեք, որ ես իմ եղբոր երեսը մաքրեմ»։ Երեսը մաքրեց, եկավ Դոնարային ասաց՝ ինքն է։ Երբ Վանիկին բերեցին, Դոնարային չէին ուզում թույլ տալ, որ տեսնի Վանիկի դեմքը։ Բայց հարազատները շատ էին խնդրել։ «Դեմքին ոչինչ չէր եղել։ Նույնիսկ ոնց որ մի թեթեւ ծիծաղեր։ Չէին փակել ատամները, ոնց որ ծիծաղեր Վանիկը։ Արենը՝ տղաս, ասեց, որ, չէ, մամա, ցավ ա քաշել, ոչ թե ծիծաղել։ Բայց ես հետո իմացա, որ ցավ չի քաշել, վայրկենական մահացել է»։ Վանիկ Հայրապետյանին թաղել են Ճարտարում։ Ճարտարը Մարտունու գյուղերից վերջինը տեղահանվեց։ Ամենավերջինը բենզին ստացավ Վանիկի ընտանիքը, ու ամսի 27-ին ճամփա ընկան։ Մեքենան վարում էր Դոնարայի 16 տարեկան տղան։ Տխուր ճանապարհ էր, ամենաահավորը, ըստ Դոնարայի, լռությունն էր։ «Մարդիկ անգամ երբ դուրս էին գալիս ծխելու, օդ շնչելու, իրար հետ չէին խոսում։ Բոլորը լռում էին՝ տուն, հայրենիք թողած, բոլորի ճակատին լռություն էր»։

17 թաղամասի «պասպորտ-սեղանում» անհարգալից են վարվել հերոսի այրու հետ` մի փուչ տեղեկանք տալու համար։ Այսօր Վանիկ Հայրապետյանի ընտանիքը բնակվում է Երեւանում, 17-րդ թաղամասում, Կարեն անունով մի բարեգործ տղայի տրամադրած բնակարանում։ Բայց թե ինչքան կապրեն այստեղ, Դոնարան չգիտի։ Արդեն երկրորդ բնակարանն է փոխում Հայաստանում։ Հերոսի ընտանիքը մինչեւ այսօր պետությունից իր հասանելիքը չի ստացել։ Անգամ 100 հազար դրամները ոչ բոլորին են տրամադրել։ Կապուտաչյա Արիանայի 100 հազարը չի նստել։ Վանիկ Հայրապետյանի փաստաթղթերը ՊՆ-ում են։ Ամուսնու մահվան թուղթը չի կարողացել մինչեւ էսօր հանել։ Դոնարան հույս ունի, որ մի օր, որպես զոհված զինծառայողի ընտանիքի մայր, Վանիկի համար փող կստանա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Բայց առայժմ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է։ Դժգոհ է 17 թաղամասի «պասպորտ-սեղանից», որտեղ անհարկի ու տհաճ ձեւով են վարվել հերոսի այրու հետ՝ մի փուչ տեղեկանք տալու համար։ Վերջում էլ աշխատողը երեսին ասել է՝ հոգնել եմ էս աշխատանքից։ Դոնարան տխրել է՝ ի՞նչ գործ ունի էս օտար թաղերում, ի՞նչ է լինելու հետո իր, 4 երեխաների հետ, ո՞նց ապրել։