Դոն Պիպոյի հայրը այդ հողերի սեփականատերն է․ փաստաբան

Դոն Պիպոյի հայրը այդ հողերի սեփականատերն է․ փաստաբան

Այսօր գրել էինք, որ Էջմիածնում Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հորը՝ Օնիկ Ասատրյանին պատկանող այգում ոստիկանները գործողություններ են իրականացրել։ Մեզ հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասել էր, որ ոստիկանության բաժնում գրավոր բողոք է ստացվել մի քաղաքացու կողմից, որը պնդել է, թե Օնիկ Ասատրյանն ապօրինաբար հավաքում է իր այգու բերքը։

 «Քաղաքացին գրավոր բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որ իրեն պատկանող խաղողի այգու բերքը հավաքում է հարևան հողակտորի տերը։ Այս բովանդակությամբ բողոք է ներկայացվել, այս պահին ոստիկանության ծառայողները գնացել են, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»,- ասել էին ոստիկանությունից։

Մենք զրուցեցիք նաև Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքողն Ասատրյանի հետ խնամիական կապեր ունեցող Շիրազ Հարությունյանն է, որը պնդում է, թե հողն իրենն է, մինչդեռ 83-ամյա Օնիկ Ասատրյանն ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ ինքը հողը գնել է 2 այլ անձից՝ Ալբերտ Տոնոյանից և Ազնավուր Անտոնյանից, որոնք և հանդիսանում են հողերի սեփականատերերը։ Վասակյանը նաև ասաց, որ այդ հողերի վրա արգելանք կա դրված, ինչի պատճառով Օնիկ Ասատրյանը չի կարողացել սեփականաշնորհել հողը, սակայն Ալբերտ Տոնոյանը և Ազնավուր Անտոնյանը նրան նոտարով հաստատված փաստաթղթով լիազորել են հավաքել այգու բերքը․
 
«Ամբողջ եղելությունը հետևյալն է․ Արթուր Ասատրյանի հայրը՝ Օնիկ Ասատրյանը, խաղողի այգի է գնել 250 միլիոն և 150 միլիոն դրամով՝ մոտ 850 հազար դոլարով, 2 անձից, որոնք տվել են պարտավորագրեր, որ այդ գումարի դիմաց Օնիկ Ասատրյանին են վճարում իրենց այգին: Այս բոլոր փաստերը, ինչ ասում եմ, ներկայացված են ոստիկանությանը`  հետաքննության համար։ Բայց քանի որ այդ խաղողի այգիներն արգելանքի տակ են, օտարելու իրավունք չունեն, պետության առաջ պարտավորություններ ունեն, բանկերից վարկեր են վերցրել և այլն, մի խոսքով՝ շատ պարտքեր են ունեցել, որոնց ընդհանուր գումարը 150 հազար դոլարից ավել է կազմել, դրա համար Օնիկ Ասատրյանը չի ունեցել սեփականության վկայական։

Այս 2 անձը՝ Ալբերտ Տոնոյանը և Ազնավուր Անտոնյանը, նոտարական վավերացմամբ իրենց անունից Օնիկ Ասատրյանին պարտավորագիր են տվել, որ Օնիկ Ասատրյանն իրավունք ունի այդ խաղողը հավաքել, մթերել, որպեսզի ստացված գումարով կարողանա այդ հողերը կալանքից հանել և սեփականության վկայականը օրենքով սահմանված կարգով կարողանա ստանալ։ Դրանից հետո հայտնվում է ոմն Շիրազ Հարությունյան, որը հայտարարություն է տալիս, թե իբր այդ խաղողի այգիներն իրենն են, և այդ այգիներից ապօրինի խաղող են հավաքում, սակայն ինքն այդ այգիների նկատմամբ որևէ լիազորություն չունի, քանի որ սեփականատերերը 2-ն են: Սրա հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Մենք այսօր ունենք բոլոր փաստերը, որ սեփականատերերը՝  Ալբերտ Տոնոյանը և Ազնավուր Անտոնյանը, այդ այգին վաճառել են Օնիկ Ասատրյանին և տվել են լիազորագիր, որպեսզի նա կարողանա հավաքել բերքը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վասակյանը։