«Հրապարակ». Պետական ապարատը զբաղված է արցախցիների համար խնդիրներ ստեղծելով

«Հրապարակ». Պետական ապարատը զբաղված է արցախցիների համար խնդիրներ ստեղծելով

Հարցազրույց Արցախի 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ

- Պարոն Գալստյան, տեղյա՞կ եք, թե Արցախում ինչ է կատարվում, այնտեղ մնացած հայերն ինչպես են ապրում։

 - Իմ ինֆորմացիայի աղբյուրն իմ հորեղբայրն է, որի հետ արդեն ամիսուկես է՝ կապ չունեմ (Դավիթ Գալստյանի հորեղբայրը՝ Սարգիս Գալստյանը, մնացել է Արցախում եւ անգամ ինչ-որ վարչական գործառույթներ է իրականացնում` որպես Արցախի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ․ այդ պաշտոնում նշանակվել էր մինչեւ բռնի տեղահանումը` Կ. Ք.)։ Չեմ կարողանում կապի դուրս գալ նրա հետ, ինքն էր ինձ զանգում, բայց երկար ժամանակ է՝ չի զանգահարել։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Կարմիր խաչից ստացվող տեղեկություններով էլ, այնտեղ մնացած հայերի նկատմամբ ֆիզիկական ճնշումներ չեն լինում։

- Այստեղ բնակվող արցախցիների վիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Կարողանո՞ւմ են լուծել իրենց սոցիալական խնդիրները, գտնել աշխատանք։

- Ամենօրյա շփումներ եմ ունենում արցախցիների հետ։ Մեծ մասի վիճակը շատ ծանր է։ Հիմնական խնդիրը տների հարցն է, վարձակալության գները, բայց ամենամեծ խնդիրներից է զբաղվածության հարցը։ Շատ արցախցիներ երբ դիմում են աշխատանքի համար, հանդիպում են բազմաթիվ արհեստական խոչընդոտների՝ գրանցման հասցեներ են պահանջում, նոր անձնագրեր, որտեղ չեն լինի արցախյան գրանցումներ։ Այս բոլոր խնդիրները ստեղծվում են օրվա իշխանությունների կողմից։ Մարդիկ օրերով հերթերի մեջ են` ժամանակավոր հաշվառում ստանալու համար, եւ շատերը, որ հիմա են դիմում, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար, ստիպված են մինչեւ ապրիլ, մայիս սպասել, քանի որ հերթեր են։

- Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, որոնք ՀՀ կառավարությունը չի անում: Իրենք ներկայացնում են, թե պետական ապարատն անում է ամեն ինչ՝ լուծելով սոցիալական խնդիրները, զբաղվածության հարցերը։

- Իրականում ողջ պետական ապարատը զբաղված է արցախցիների համար արհեստական խնդիրներ ստեղծելու գործով, օրինակ, մենք ունենք ՀՀ անձնագիր եւ հանդիսանում ենք ՀՀ քաղաքացի, եւ իմ ու ձեր անձնագրերը եռանիշ կոդով են տարբերվում, որը տարբերվում է նաեւ ՀՀ տարբեր մարզերի բնակիչների դեպքում, ի՞նչ կարիք կար ստիպել արցախցիներին` փոխել իրենց անձնագրերը, ես չեմ հասկանում։

- Արցախի խորհրդարանը նիստեր անո՞ւմ է, ինչ-որ օրակարգ ունե՞ք այս պահին։

- Այո, իհարկե, հավաքվում ենք, քննարկումներ եւ նիստեր լինում են։ Ճիշտ է, ստեղծված պայմաններում հնարավոր չէ բնականոն հունով անցկացնել այդ հանդիպումները, բայց կայանում են։

- Մոտ ժամանակներս ինչ-որ գործողություններ, հայտարարություններ կլինե՞ն Արցախի քաղաքական էլիտայից, թեկուզ պետական ինստիտուտների պահպանման հարցում։

- Ինստիտուտների պահպանման հարցը լուծվել է` ինստիտուտները շարունակում են գործել, բայց առանց վարձատրություն ստանալու։ Աշխատանքներ տարվում են ե՛ւ պատգամավորների կողմից, ե՛ւ կառավարության անդամների կողմից։ Այս պահին գույքագրվում են մեր քաղաքացիներին հուզող հարցերը եւ ներկայացվում են երկրի իշխանություններին, որոնք փորձում են այս կամ այն կերպ լուծումներ գտնել։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ արցախցիների սոցիալական բեռը թեթեւանա, եւ այդ լուծումները լինեն ավելի օպերատիվ։