Է՜լ հեր ու պապ․․․

Է՜լ հեր ու պապ․․․

Ու քանի որ զրո կետից սկսելու փորձը կա ու այդ փորձով Նիկոլ Փաշինյանը Արցախն ու Հայաստանը հասցրել է կործանման եզրին, ինչու՞ չտարածել սեփական փորձը բոլոր կառույցներում։ Իր զրոյական կետով նա փաստորեն, ինչ ժառանգություն ունեինք, ջուրն է գցել՝ նախկինների բոլոր արածները որակելով որպես վնասակար ու սկսելով նորը։ Հենց այդ Նոր Հայաստանի մեջ էլ ապրում ենք, որտեղ Արցախից, Հայաստանից թողել է միայն անունը։ Փորձի տարածումն ամեն օր կատարվում է տարբեր կառույցներում։ Գյուղատնտեսության նախարարությունը վերացրեց, հիմա անցել է  այգիներին։ Աչքը չի ուտում, որ Հայաստանը Թուրքիայի հույսին չի և կարողանում է ինչ որ չափով գյուղատնտեսական ապրանքներով իրեն բավարարել։ 2018-ին ինչ արժեք նախկիններն էին ստեղծել, վերացրեց, հիմա էլ անցել է մեր հայրերի ու պապերի ստեղծածին։

Ասում է․ «Ծառը բերք չի տալիս, բայց ասում ա՝ պապս ա տնկել, ո՞նց հանեմ»։ Մեկը լինի հարցնի՝ դու հոր կամ պապի տեղ գիտե՞ս։ Դու արժեք ճանաչու՞մ ես։ Քո հայրը կամ պապը, որ պիտանի չլինեին, հաստատ՝ կթալեիր։ Ի՞նչ մնաց, որ հասկանաս հոր ու պապի տնկած ծառի իմաստը, արժեքը։ Կամ այստեղ ի՞նչ կապ ունի հայրն ու պապը։ Եթե բան ես բացատրում կառավարության անշունչ էակներիդ, ասա, որ ծառը անպիտանի է, պիտի փոխարինել նորով, հայրն ու պապը ի՞նչ կապ ունեն, դա էլ հո նախկիննե՞րը չեն, որ թուր ու թվանքդ առել,  ընկել ես նրանց հետևից։ Այնպես է ստացվում, որ ինչ մեր հայրերն ու պապերն են տնկել, պիտի քանդենք, որ Նիկոլը նոր սերմ տնկի։ Ախր դրածդ սերմը չի աճում, դրածդ փտում է,  ինչ ունեինք, փտեցրիր։ Ինչ ունեինք՝ քանդեցիր ու թշնամուն տվիր, էլ բան չես թողել, հիմա էլ անցել ես հոր ու պապի տնկածին, սարքածին։ Ճիշտ են ասում, մարդ որ կրթություն, մասնագիտություն  չի ունենում, ամեն ինչից խոսում է։ Հիմա դու ես։ Ի՞նչ ես հասկանում գյուղատնտեսությունից։ Կյանքումդ գոնե մի ծառ տնկած կա՞ս։ Բայց դրա փոխարեն՝ հաշվի, թե քանի հազար տուն, եկեղեցի, այգի, ծառ, գյուղ, քաղաք տեղահանեցիր, ավերեցիր, թուրքին տվիր․․․ Դու հողին սերմ հանձնելու փոխարեն հազարավոր ջահել- ջիվան տղերք հանձնեցիր։ Հիմա եկել, կաթիլայինի՞ց ես խոսում, դու Արցախին կաթիլայինի տակ դրիր․․․