Թիմային բաժանումները սխալ են, եւ ես չեմ թաթախվում դրանց մեջ

Թիմային բաժանումները սխալ են, եւ ես չեմ թաթախվում դրանց մեջ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

- Պարոն Գասպարյան, շաբաթ օրը տեղի ունեցավ Դիմադրության շարժման հանրահավաքը, որը, ըստ Իշխան Սաղաթելյանի, հայի ինքնությունը պահպանելու հանրահավաք էր: Դուք, կարծես, ներկա չէիք հանրահավաքին: Ինչո՞ւ:

- Անկեղծ ասած՝ ես այդ օրն Արցախում էի… իմ գործունեությունը շարունակում եմ: Իմ դիրքորոշումը հայտնի է թե՛ շարժումների վերաբերյալ, թե՛ գործող իշխանությունների: Արցախում հիմա զբաղված ենք «Ջենեսիս Արմենիա»-ի ծրագրերով, այդ պատճառով չեմ կարող այդ շարժման մասին ինչ-որ պաշտոնական կարծիք հայտնել:

- Ընդդիմադիր տարբեր շրջանակներ, օրինակ՝ Միքայել Մինասյանի նախկին թիմը, այս օրերին գրում են, որ Դիմադրության շարժումն այլեւս արդյունավետ պայքար չի կարողանում մղել, 2020 թվականից մինչ օրս նույն դեմքերն են, նույն հայտարարությունները, նույն խոստումները, ու ոչ մի արդյունք… կիսո՞ւմ եք այս տեսակետը:

- Սա առանձին քննարկման թեմա է: Պայքարի մեր մեթոդները, որոնք վերաբերում են գործող իշխանություններին հեռացնելուն, հստակ են, որոնցով մենք առաջնորդվում ենք, սակայն չեմ ցանկանում դրանք այժմ հանրայնացնել: «Ջենեսիս Արմենիա»-ն ունի իր մեթոդներն ու ծրագրերը, որոնցով առաջնորդվում է: Հետագա մեր որոշումների մասին անպայման կտեղեկացնեմ:

- Նոր ծրագրե՞ր եք նախատեսում… գուցե պայքարի նոր գաղափա՞ր ունեք….

- Քայլեր, որպես այդպիսին, միշտ եղել են, լրացուցիչ անպայման կտեղեկացնենք:

- Շարունակելով թեման՝ Միքայել Մինասյանի թիմի եւ քոչարյանականների միջեւ Ֆեյսբուքում «փոխհրաձգություն» է սկսվել: Ինչի՞ հետեւանք է սա:

- Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Պետք է հարցնել նրանց, ովքեր շարունակում են թիմի անդամ մնալ: Ֆեյսբուքյան ստատուսներին ես չեմ հետեւում: Ես կորցնում եմ երկիրը եւ այժմ մտածում եմ երկրի փրկության մասին: Պետք է նման խնդիրները վերացնել: Թիմային բաժանումները սխալ են, եւ ես չեմ թաթախվում դրանց մեջ: Երբեք ու երբեք նման անպտուղ բանավեճերի մեջ չեմ մտնում: Դրանք անարդյունք են…. մենք անում ենք մեր գործը եւ պետք է առաջ գնանք:

- Արցախում ի՞նչ տրամադրություններ են: Ի՞նչ նպատակով եք Արցախ մեկնել:

-  «Ջենեսիս Արմենիա»-ն առաջին կազմակերպությունն է, որը տնտեսական, հասարակական-քաղաքական մասշտաբային ներկայություն է ապահովում Արցախում: Իրականացնում ենք նաեւ գիտակրթական ծրագրեր, քննարկում անվտանգության խնդիրները: