Չեմ կարծում, որ ճիշտ կընկալվի բժիշկների գործադուլը կամ ուսանողների դասադուլը․ Տիգրան Ալեքսանյան
Գաղտնի արված մի ձայնագրության հիման վրա երկու անձի մեղադրանք առաջադրվեց՝ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի։ Երկուսին էլ ձերբակալեցին, ապա Էմմա Սարգսյանին ազատ արձակեցին, քանի որ միայնակ մայր է։ Ձայնագրությունն արել եւ իրավապահներին ցուցմունք էր տվել նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ասլիյանը։ Նա համառորեն զրուցակցին համոզել էր, որ գումար տրամադրեն` ուսանողներին հանրահավաքի բերելու համար։
Օրենքը, իհարկե, պահանջում է, որ մեղադրանք առաջադրվի նաեւ գումար պահանջողին, եթե նա նախապես հաղորդում չի տվել իրավապահներին, եւ այդ ձայնագրությունը նրանց հետ համաձայնեցված չի իրականացվել։ Սակայն այս պարագայում աբսուրդ է ստացվում՝ խոսք չկա այն մասին, որ Թոռնիկը նախապես դիմել է եւ հաղորդում է տվել իրավապահներին, բայց նրա նկատմամբ գործ էլ չի հարուցվել։ Պարզապես Քննչական կոմիտեն, օգտվելով այդ ձայնագրությունից, կալանավորեց 5165 շարժման անդամ, «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանին։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նաեւ իրե՞ն են դիմել ընդդիմադիրները՝ ուսանողներին հավաքներին ներգրավելու համար, նման առաջարկ իրեն արվե՞լ է, թե՞ ոչ։
-Ոչ, ինձ հետ որևէ մեկը չի կապվել։
-Դուք` որպես Բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք Ասլիյանի քայլը՝ Ձեր կոլեգան է։
-Անկեղծ ասած, ես չեմ կարող մեկնաբանել այդ մարդու հետ կապված որևէ քայլ, մանավանդ, երբ այդ մարդն ինձ կոլեգա է։ Այսինքն, հանդիսանում է այլ բուհի ուսանողական խորհրդի նախագահ, ու չեմ կարող մեկնաբանել որևէ տեսանկյունից, որովհետև տեղյակ չեմ մանրամասնորեն։
-Հասկանալի է գործընկերային սոլիդարությունը, բայց, դատելով ձայնագրությունից, Ձեր կոլեգան պատրաստ էր ուսանողներին հանել փողոց՝ դրա դիմաց մեկ ուսանողի համար ստանալով 1000 դրամ։
-Մանրամասներից տեղյակ չեմ, չգիտեմ` նա պատրա՞ստ էր հանել, թե՞ չէ, ձայնագրությունն էլ մանրամասնորեն չեմ լսել։ Բայց, միանշանակ, եթե խոսք է գնում ուսանողներին ինչ-որ գումարի դիմաց հանել փողոց, դա անընդունելի քայլ է ուսանողական կառույցի ու ղեկավարի համար, ևս մեկ անգամ նշում եմ, որ ես չգիտեմ` այնտեղ իրավիճակն ինչպես է եղել, դրա համար իր պահվածքի հետ կապված չէ մեկնաբանությունս, այլ իմ գնահատականն է, որ ցանկացած պարագայում գումարով ուսանողներին դուրս բերելն անընդունելի է։
-Իսկ ձեր բուհում ի՞նչ իրավիճակ է՝ ուսանողները մասնակցո՞ւմ են հավաքներին, ռեկտորատն արգելքներ չի՞ դնում։
-Բժշկական համալսարանում գործադուլներ, դասադուլներ տեղի չեն ունեցել, դասապրոցեսը բնականոն հունով է ընթանում։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցել հավաքներին, մասնակցում են։ Ես` ինքս էլ մասնակցում եմ՝ դասերից, աշխատանքից հետո, ո՛չ համալսարանում, որովհետև համալսարանն ապաքաղաքական կառույց է, և համալսարանում քաղաքական գործունեություն չենք ծավալում, իսկ մնացածը մարդու, անհատի ցանկությունն է, թե ինչպես կդրսևորի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանը սպեցիֆիկ է՝ իր մասնագիտության տեսանկյունից, չեմ կարծում, որ ճիշտ կընկալվի բժիշկների կողմից գործադուլը կամ ուսանողների կողմից՝ դասադուլը, ես` ինքս, դա չեմ պատկերացնում։
-2018-ին հենց Ձեր համալսարանից բավականին թվով ուսանողներ և դասախոսներ մասնակցում էին, անգամ հատուկ անվանում էին ստացել՝ «Սպիտակ բանակ», և մշտապես երթի առջևից էին քայլում։
-Դա եղել է իրենց անձնական նախաձեռնությունն ու ցանկությունը, այսօր էլ մարդիկ կան, որոնց քաղաքական հայացքները համընկնում են ընդդիմադիրների հայացքների հետ, և իրենք` որպես անհատներ, մասնակցում են, բայց համակարգային որևէ պրոցես մեր համալսարանում չկա։ Ես էլ, որպես ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսխորհուրդը որևէ քաղաքական պրոցեսների մեջ չեմ ընդգրկել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։
Կարծիքներ