Նախկին նախարարը 200 հազար դոլարի վնաս է կրել, գործող նախարարն ասում է՝ դա բիզնես ռիսկ է

Նախկին նախարարը 200 հազար դոլարի վնաս է կրել, գործող նախարարն ասում է՝ դա բիզնես ռիսկ է

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մի կարճ շրջան տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Հակոբյանն այսօր ծաղիկների բիզնեսով է զբաղվում։ Նա վարկ է վերցրել, մի քանի միլիոնի ներդրում արել ու ջերմոց հիմնել, որ ծաղիկներ աճեցնի եւ արտահանի այլ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան։ Այսօր ստիպված է իր աճեցրած ծաղիկները  թափել աղբանոցը, քանի որ Լարսում առաջացած կուտակումների պատճառով չի կարողանում  արտահանել։ Նա երկու օր է՝ իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակում, թե ինչպես են ծաղիկները հարկադրված թափում Ապարանի մերձակայքում գտնվող Նիգավանի աղբանոցում։ 
«Կառավարությունն ինձ կհուշի՞, թե ծաղիկներս ում նվիրեմ, թառամել են մինչեւ Լարս… Վրաստանի ճամփեքից, Լարսից ու անտարբերությունից խռոված ծաղիկներ․․․»,- նկարներին կից գրել է նախկին նախարարը։

Աշոտ Հակոբյանը, բնականաբար, միակ տնտեսվարողը չէ, որ այս խնդրի առջեւ է կանգնած ու ամեն օր միլիոնավոր դրամների վնաս է կրում։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը՝ տնտեսվարողին օգնելու, նրա կրած վնասները մեղմելու համար։ Բանակցում է վրացական կողմի հետ, որ շուտ փչացող ապրանքների մասով արտոնություն ստանա, այսինքն՝ հիմնականում գյուղմթերք տեղափոխողներն արագ անցնեն Լարսը, բայց, այ, ծաղիկների, ձկնեղենի մասով, հավանաբար, «չի ֆայմել» բանակցել։ Շեշտը դրել են ծիրանի վրա՝ որպես մեր ազգային բրենդի։ Բայց ծաղիկ եւ ձկնամթերք արտահանողների ապրանքի կյանքը կարճ է՝ երկու-երեք օր անց դրանք այլեւս պիտանի չեն լինում օգտագործման, իսկ Լարսի անցակետով անցնելն այսօր շաբաթներ է տեւում։
Աշոտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ սկսել է դժվարանալ արտահանումը, եղել է, որ կեսը հետ է եկել, բայց մի մասը գոնե, տարբեր ճանապարհներով, կարողացել են ուղարկել։ Իսկ հիմա՝ արդեն երկու շաբաթ է, բացարձակ որեւէ մեքենա չեն ուղարկել։ Դիմել են կառավարություն, էկոնոմիկայի նախարարին, բայց դեռեւս միայն խոստումներ են ստացել, թե կլուծվի հարցը: Մինչդեռ այդ արտոնյալ ցանկի մեջ կարելի էր ներառել նաեւ ծաղիկը, որն ամբողջ հոսքի մեջ օրական ընդամենը 4-5 մեքենա է կազմում․ խոսքը Հայաստանից արտահանվող ծաղկի մասին է։ Բայց չեն անում, ինչը, ըստ մեր զրուցակցի, ավելի շատ անտարբերության նշան է։

«Էդ մի նախադասությամբ տրվող մեկնաբանությունները, որ հեսա լաստանավ է գալիս, էս երկու ամիս է՝ լաստանավ է գալիս, հունիսի 15-ից պիտի լաստանավ աշխատի՝ չկա, կամ՝ հեսա լրացուցիչ անցակետ է բացվում։ Մենք ուզում ենք, որ կոնկրետություն լինի, որ իմանանք՝ էդ լաստանավը, որ գալիս է, քանի՞ օրում է անցնելու։ Էդ լաստանավի բեռատարողությունն ո՞վ գիտի, ի՞նչ ռեժիմի ու ի՞նչ քանակի բեռներ է տեղափոխելու, որ մարդիկ հաշվարկ անեն դրա վրա։ Կամ՝ էդ սահմանային անցակետը, որ ասում են, նախկինում սենդվիչի դոմիկներ էին՝ հինգ հատ, վեց հատ, թող մեզ ասեն՝ վեց հատ սարքենք, տանենք դնենք էնտեղ, բայց իմանանք՝ դա աշխատում է։ Ժամկետների մասով ոչ մի կոնկրետացում չկա»,-ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մինչ օրս կրած վնասներին, ապա Աշոտ Հակոբյանն ասաց․ «Մենք կոմունալ պարտավորություններ ունենք, Ապարանում մայիս ամսին 21 մլն 700 հազարի գազ ենք վառել, հունվարին 40 մլն դրամի գազ ենք վառել։ Մենք էս վիճակում դրա հետ վարկ ենք փակում՝ ամսական 50-60 միլիոնի, ո՞նց ենք դրա տակից դուրս գալու։ Իսկ մենք հիմա արդեն մոտ 200 հազար դոլարի վնաս ենք կրել»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ծանոթ է այս խնդրին, բայց մեզ հետ զրույցում որեւէ հստակ լուծում չկարողացավ առաջարկել։ Միայն հիշեցրեց, որ ինքը հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, որպեսզի միասին հասկանան՝ ինչ լուծում կարող են տալ այս խնդրին։ «Եվ կարող եմ ասել, որ մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել՝ երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, մեր գնահատականներով, պետք է մոտավորապես 30 տոկոսով ավելացնի թողունակությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կոնկրետ ծաղիկների խնդրին, ապա Քերոբյանն ասաց․ «Ձեր նշած խնդրի մասին գիտեմ, պարոն Հակոբյանն անձամբ ինձ էլ է դրա մասին տեղեկացրել, եւ մենք մեր վրացի գործընկերներին՝ վերջերս կատարած այցի ժամանակ խնդրել ենք, որ ծաղիկը եւ թարմ ձուկը եւս մտցնեն արագ փչացող ապրանքների կատեգորիայի մեջ, որ կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով եւ հնարավորինս արագ մոտենան Վերին Լարսի անցակետին։ Բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրել, մենք աշխատում ենք իրենց հետ»։

Հարցին, թե ինչ են առաջարկում վնաս կրող տնտեսվարողներին, Քերոբյանն ասաց․ «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ պետք է դիտարկենք ժամանակի մեջ, հա՞։ Եթե տնտեսվարողներն ինչ-որ մի պահի վնաս են կրել, բայց տարվա ընթացքում հնարավորություն ունեն վերականգնել իրենց վնասները եւ շահույթով աշխատել, ապա դա մենք համարելու ենք ընդամենը բիզնես ռիսկ։ Իսկ եթե տեսնենք, որ խնդիրը խորն է, ապա, բնականաբար, օժանդակության ծրագիր կլինի դրա համար։ Մենք փորձում ենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը, իսկ մեզ համար իրավիճակը շտկել՝ Վրաստանում հերթերի բացակայությունն ապահովելն է»։

Քերոբյանը, սակայն, չնշեց, թե ինչպես են ապահովելու Վրաստանում հերթերի բացակայությունը, այսինքն՝ որեւէ հուսադրող բան չասաց, եւ գործարարները պետք է բավարարվեն այն «մխիթարությամբ», որ դա իրենց բիզնես ռիսկն է, որը, փաստորեն, հստակորեն կապված է կառավարության անճարության եւ անգործության աստիճանի հետ։