Նիկոլի եղեւնին եւ մեր ուռին ու բարդին

Նիկոլի եղեւնին եւ մեր ուռին ու բարդին

«Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով»,- այցելելով ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն՝ երեկ ասել է Փաշինյանը, իր իշխանության պաշտպանությունն ակնհայտորեն շփոթելով երկրի ու ժողովրդի պաշտպանության հետ: 

Առիթը ոստիկանության զորքերի կազմավորման 30 ամյակն է՝ տոն, որն արդեն երկրորդ անգամ է շեշտվում կառավարության ղեկավարի կողմից: Հունիսի 21-ին՝ զորքերի բուն կազմավորման օրը, նա շնորհավորական ուղերձ էր հղել ոստիկաններին՝ նշելով նրանց ավանդը 44-օրյա պատերազմում: Երեկ ոստիկանության հասցեին արված Փաշինյանի գովասանքը հանրային գիտակցության մեջ այս կառույցի հակագովազդը դարձավ: Բոլորի աչքի առաջ են դեռ ոտք ու ձեռք կոտրած, բռնության ենթարկված քաղաքացիները, որոնք տուժեցին հենց այնպես՝ ոստիկանների նվիրվածությունը Փաշինյանին ցույց տալու համար: Նույնիսկ օրվա հերոս զորքերի ներկայացուցիչները վաղուց էլ չեն հավատում իրենց բացառիկությանը: Առիթը բաց չեն թողնում միմյանց եւ ծանոթների ականջին փսփսալ, որ հոգնել են փողոցներն ընկնելուց ու ցուցարար որսալուց, ուզում են լուրջ գործով զբաղվել: Ու հենց նրանց ոգին էր բարձրացնում Փաշինյանը՝ այդ հոգնածներին ոգեշնչելով ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գաղափարով: 
Վարչապետին ներքին զորքերի վարչություն ուղեկցել է ողջ իրավապահ վերնախավը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՔԿ նախագահը, պաշտպանության փոխնախարար՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, այլք:

Ոստիկանական զորքերի տեխնիկական միջոցներն էլ ի ցույց դրվեցին․ դրանց կողքին Նիկոլը նկարվում էր, դրանք զրահափոխադրիչներ են՝ ԲՏՌ-ներ, ԲՄՊ-ներ, որոնք նախատեսված են հատուկ գործողությունների համար՝ ներքին «թշնամու» դեմ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տեխնիկան նոր չէ, առնվազն 12 տարվա հնության է: Փաստորեն, այս ԲՏՌ-ները ցույց ցրելու իրենց առաքելությունը կատարում են դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից: Փաշինյանը երեկ եղեւնի էլ տնկեց ոստիկանների պատվին: Ի դեպ, այս ավանդույթը եւս գալիս է Սերժ Սարգսյանից, որը շատ էր սիրում իր շրջայցերի ժամանակ եղեւնիներ տնկել ու դրանք ցնցուղով ջրել: Սերժի եղեւնիները Ծիծեռնակաբերդում են, Երեւանի կենտրոնի բակերում, Լոռու մարզում, Գեղարքունիքում: Բայց Սերժը, որը լրագրող չէր ու փիառից հեռու էր, ոստիկանների hամար ոչինչ չէր տնկում ու հասկանում էր, որ հատուկ միջոցների կողքին, որոնցով հետո պետք է մարդկանց տրորեն ու նրանց վրա ջուր ցանեն, նկարվել չարժե: 

Երեկ Փաշինյանը ոչ մի նոր բան չի ասել իր շնորհավորական խոսքում, այլ կրկնել է հունիսի 21-ին արտասանած իր ուղերձի մտքերը, հիշել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկաններին, որոնք «փառքով պսակեցին իրենց անունը»: Ավելի վաղ էլ՝ ապրիլի 16-ին, ոստիկանության 104-րդ տարեդարձի կապակցությամբ էր կրկին շնորհավորել իրեն հավատարիմ, արտոնյալ այս կառույցին՝ դրա համար հատուկ մեկնելով Շիրակ ու Լոռի:

Փաստորեն, ոստիկանության տոները Փաշինյանն ավելի է արժեւորում, քան պետական հաղթանակները, Մայիսի 9-ի եռատոնը, որովհետեւ 2022 թվականի մայիսի 9-ին նա շնորհավորական ուղերձում խոսեց երեք տոներից միայն մեկի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի մասին ու ոչ մի բառ չասաց Արցախի ու մեր բանակի ստեղծման մասին:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանին հարցրինք, թե զարմանալի չէ՞ արդյոք, որ վարչապետը, երկրի  գլխավոր հրամանատարն անընդհատ փառաբանում է ոստիկաններին, իսկ հայոց բանակն անտեսում է: «Ես զարմանում եմ Ձեր զարմանալու վրա: Բա ի՞նչ էիք ուզում, ի՞նչ բանակ, ի՞նչ զորք, դա պետք է քանդվի, որ տան, իսկ քանդելու համար պետք է ուժեղացած ոստիկանություն, որը նրա միակ հենարանն է: Երկիրը մաս-մաս տանում են, բանակի գույքը հանում են վաճառքի, իսկ գումարները ծառայեցնում են ոստիկանությանը: Նա այդ ճյուղն ունի, միայն ոստիկանության ճյուղը, մի սմ այս կողմ կամ այն կողմ՝ ընկնելու է: Ընդհանուր տրամաբանությունը դա է»,- ասաց ոստիկանության գեներալը:
Ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին հարցրինք, թե ինչու է Փաշինյանն առաջ մղում ոստիկանությանը ու հետ մղում բանակը։

«Ես բնակվում եմ Էրեբունի մասիվում, ու արդեն մի տարի է՝ իմ առաջ մի հարց է միայն՝ թուրքը ՏէՑ-ի կռուգի՞ կողմից կհարձակվի, թե՞ Քանաքեռի կողմից: Եթե Քանաքեռի կողմից հարձակվի, գործս կհեշտանա, մի քանի ժամ ավելի երկար կապրեմ: Երեւում է՝ այդ տղան (Նիկոլը) հենց առաջին օրվանից, որ եկել է, այդ հարցն իր համար լուծել է: Խաչ է քաշել այս երկրի վրա: Հիշում եմ՝ մի 15 տարի առաջ մեր թաղով որ անցնում էի, պուլպուլակներ էին դնում մահացած ջահելների անուններով՝ Նվերին, Իշխանին, Նելսոնին: Հիմա մեր ամբողջ թաղամասը վերածվել է խաչքարերի: Գերեզմանը եկել է, մեզ գրավել է: Սա մի կողմից լավ է, որ ահազանգում են մեր լավագույն տղաները՝ փրկվեք: Բայց մենք խաչքարերին խոնարհվում ենք ու այդպես էլ ուշքի չենք գալիս, համակերպվել ենք, որ պետք է վերանանք: Ու ամբողջ հարցն այն է, որ հասարակություն չունենք: Ուռին ու բարդին փոխարինել են պետական մտածողությանը»: