ՄԻԵԴ-ը 600 եվրո փոխհատուցում է սահմանել Մանախի համար՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ հայտնի միջադեպի գործով

ՄԻԵԴ-ը 600 եվրո փոխհատուցում է սահմանել Մանախի համար՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ հայտնի միջադեպի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  վերջերս որոշում է կայացրել Մանախ մականունով՝ հանրությանը հայտնի Արթուր Այվազյանի և 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի համակիրների միջև աղմկահարույց միջադեպի գործով: 

Հիշեցնենք, «Ելքի» անդամ, ներկայում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Արթուր Այվազյանի միջև «ռազբորկան» և ծեծկռտուքը սկսվել էին ԱԺ ընտրությունների նախորդ օրը, երբ «Ելքի» երիտասարդ քարոզիչները գետնին էին նետել Հայաստանի դրոշը, իսկ Մանախը հորդորել էր նրանց վերցնել այն:

Այս գործով դատարանում ցուցմունք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով, և կիրառելով համաներում, ազատել է պատժից: Սակայն մինչ այդ Մանախին երկու ամսով կալանավորել էին, և հենց կալանքի որոշման մեջ էլ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել, որի համար 600 եվրո փոխհատուցում է սահմանել:  

«Դա չի փոխհատուցել կալանքի տակ մնալու հետ կապված նրա տառապանքները, - ասում է Արթուր Այվազյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, որը դիմել էր ՄԻԵԴ, - դա փոխհատուցում է այն բարոյական վնասի համար, որը անձի մոտ կարող էր առաջանալ իր նկատմամբ կալանավորման չպատճառաբանված որոշում կայացնելու հետևանքով: ՄԻԵԴ-ը գտել է, որ կալանավորելու որոշումը բավարար չափով պատճառաբանված չի, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին՝ Ազատության իրավունքը»:

«Հրապարակ»-ին Հայկ Ալումյանը հայտնեց, որ դիմել է վճռաբեկ դատարան, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա վերանայվի կալանավորման որոշումը: