Ինչու գնել արտասահմանյան ընկերություններից, եթե տեղական արտադրանքն ավելի որակյալ է

Ինչու գնել արտասահմանյան ընկերություններից, եթե տեղական արտադրանքն ավելի որակյալ է

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ դեպքից դեռ ամիսներ առաջ ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ։ Նաեւ տարածվեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հայտարարությունը՝ իշխանական մեդիայի  համար արված, որ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն նոր մոդուլային զորամասեր։ Կազմակերպությունը, որի հետ աշխատում է ՀՀ ՊՆ-ն, այն ժամանակ իտալական Edilsder ընկերությունն էր։ 

ՊՆ հայտարարություններից հետո «մոդուլային» թեման շոշափվեց տարբեր հարթակներում։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարց բարձրացրեց, թե ինչու տեղական ուժերով չեն կառուցվում նման կացարաններ, ինչը նախկինում արել են մեր շինարարները։ Փորձեցինք կապվել ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ եւ հարցնել, թե արդյոք արդեն գործո՞ւմ են այդ զորանոցները, եւ, առհասարակ, ի՞նչ փուլում է գործընթացը, ունե՞նք արդյոք նոր գործընկերներ։ Խոսնակը զանգերին չպատասխանեց, ուստի ստիպված էինք դիմել ՊՆ մեր աղբյուրներին։ Ըստ դրանց՝ անցնող մեկ տարում ինտենսիվ ձեւով մոդուլներ են բերվել ոչ միայն Իտալիայից, այլեւ այլ երկրներից։ «Արդեն կան ամբողջական «գորոդոկներ»՝ մոդուլներով հավաքված։ Մեկն ամբողջությամբ պատրաստ է, մի քանի մոդուլային «գորոդոկներ» էլ ներկայում հավաքվում են»,- ասաց մեր աղբյուրը՝ հասկանալի պատճառներով չնշելով կոնկրետ երկրներն ու տեղակայման վայրերը։

Փաստորեն, տեղական արտադրողի մասնակցության հարցը շարունակում է արդիական լինել։ Անցնող մեկ տարում մոդուլային տնակներ պատվիրվել են բացառապես արտասահմանյան ընկերություններին։ ՊՆ-ն որեւէ «տեղական» ընկերության մոդուլային տնակների պատվերներին մոտ չի թողել, թեեւ հայկական նույնանման արտադրանքն ավելի էժան է, իսկ որոշ մոդուլների որակն անհամեմատ ավելի բարձր է որոշ արտասահմանյան ընկերությունների առաջարկած արտադրանքից։ ՀՀ ՊՆ արտասահմանյան մի գործընկեր ընկերության ներկայացուցիչներ նույնիսկ այցելել են «Արտկոն» ՓԲԸ, որը մասնագիտացած է մոդուլային շինարարության ոլորտում, եւ այնքան են տպավորվել արտադրանքի որակով, որ խոստովանել են՝ իրենք նման որակ չեն ապահովում։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց «Արտկոն» ՓԲԸ սեփականատեր Թերեզա Կարապետյանը․ «Ոչ թե մերը չի զիջում, այլ այդ արտադրողները, որոնցից որ գնվել են մոդուլները, ցանկացել են լինել մեր գործարանում, եկել-տեսել են ու ասել են, որ նման որակ իրենք չեն կարող ապահովել»։ 

Նրան խնդրեցինք ներկայացնել իր ընկերության արտադրանքը՝ գին, որակ, ցրտադիմացկունություն։ «Մեր յուրաքանչյուր մոդուլ ունենում է իր անձնագիրը՝ տեխնիկական նկարագրությամբ, որտեղ նշված են օգտագործման եղանակները։ Հետը կցում ենք արտադրության համար օգտագործված բոլոր նյութերի սերտիֆիկատները, տալիս ենք երաշխիք։ Վառ օրինակ է «Երեմյան փրոջեքթի» հետ արված նախագծի՝ «Սիզընս պարկի» ամանորյա կահավորումը։ Երրորդ տարին է, որ տեղադրվում են, կարող եք ինքներդ քայլել եւ տեսնել՝ ոնց որ հենց նոր արտադրված լինի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։ 

- Դուք ՊՆ-ի հետ նախկինում աշխատել եք, բանակի համար հիմա ունե՞ք պատվերներ։ 

- Ոչ, ներկա պահին չունենք ՊՆ-ի հետ ոչ մի պայմանագիր, մեզ հրավեր չի եկել՝ որեւէ տենդերի մասնակցելու, եւ ներկա պահին չենք էլ մասնակցում որեւէ տենդերի։ Պետական կառույցներից մենք աշխատում ենք այս պահին միայն ՊԵԿ-ի հետ։ Կան անհատական պատվերներ՝ բարեգործական նկատառումներով։ Եթե կարողանում ենք ինչ-որ մեկին օգնել, որը վերաբերում է Արցախից տեղահանվածներին, կամ բանակի հետ, անում ենք ինքնարժեքով։ 

- Օրինակ՝ որքա՞ն արժեն Ձեր տնակները։  

- Մոդուլը, որն ունի երկու ննջարան, մեկ խոհանոց, ճաշասենյակ եւ սանհանգույց, լրիվ պատրաստի վիճակում, նորոգված, լույսերով, կահավորված՝ միայն կահույքն է պակասում, կարելի է ստանալ 12-15 մլն դրամով։ 

- Իսկ մեկսենյականոց մոդուլնե՞րը։ 

- Սկսվում են 3 մլն 400 հազար դրամից։ Ես Ձեզ ասում եմ շուկայական գները, պետության հետ այլ կերպ ենք հաշվարկում։ Օգտագործման ժամկետը 70  տարի եւ ավելի է։ Դա «բուդկա» չէ, յուրաքանչյուր կառույց բաժանվում է չափերի՝ մոդուլների, ու արտադրվում է գործարանում։ Հինգ շերտանոց պատեր ունի, ավելի ջերմակայուն է, քան սովորական կառույցները։ 

- Քարե տնակից տա՞ք է։

- Այո, իհարկե, հավասար է մեկուկես շարք տուֆով շարված տանը, եթե, իհարկե, նորմերը պահպանված են։ Մեր արտադրությունը չի կանգնում։ Ներկա պահին «Թումո-բոքս» ծրագիրն ենք իրականացնում, դպրոցներն են կառուցում։ Նման հզորության երկրորդ գործարան Հայաստանում գոյություն չունի։ 

ՀԳ․ Որքանո՞վ է արդարացված այն, որ Հայաստանը մոդուլներ է գնում ոչ թե տեղական ընկերություններից, այլ՝ արտասահմանցիներից։ Այս հարցին ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը պատասխանում է։ «Մոդուլների հարցում, կարծում եմ, ճիշտ է, որ ՊՆ-ն պատասխանի։ Կարող եմ ասել, որ մենք  առանց այն էլ սուղ ֆինանսական ռեսուրսներ ունենք։ Մեր վիճակը լավանալու միտում չունի։ Էս երկրի արտաքին պարտքը հասել է 11 մլրդ դոլարի։ Մենք չգիտենք, թե մյուս տարի ինչքան կլինի։ Կարող է 12 մլրդ դոլար լինի։ Փաշինյանի իշխանության 5 տարիներին 5 մլրդ պարտք ենք արդեն վերցրել, եւ տնտեսումը շատ կարեւոր է»,- ասաց նա։ Օրերս վարչապետը հայտարարեց, որ կրկնապատկվել է ՊՆ բյուջեն, սա Ձեզ լավատեսություն չի՞ ներշնչում։ «Զգուշավոր լավատեսություն։ Փող ունենալն ինքնին բավարար չէ, պետք է իմանալ, թե ինչպես ծախսել, իսկ մեր երկրում կառավարման ընդհանուր որակը քանի որ չի փայլում, պաշտոնյաներն էլ հաճախ իրենց տեղերում չեն, ես ունեմ վերապահումներ։

Կասկածներ կան, որ այդ գումարը ճիշտ կծախսվի։ Մյուս կողմից՝ դրական եմ գնահատում այն, որ ավելացվել է ՊՆ բյուջեն։ ՀՀ զինվածության կուրացիան, ամեն դեպքում, հիմա արեւմտյան երկրներն են վերցրել, եւ արեւմտյան զենքն ավելի որակյալ է։ Ռուսական շուկան մեզ համար մինչեւ 24 թվականը փակ է, որովհետեւ ռուսական պահեստներն ուկրաինական պատերազմով դատարկվեցին, եւ արեւմտյան շուկան մեզ համար, մի կողմից, պարտադրված է, բայց մյուս կողմից էլ՝ այլընտրանք մենք, փաստացի, չունենք։ Բայց ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում՝ ինչպե՞ս ենք ծախսում գումարները։ Զինվորականների աշխատավա՞րձ ենք բարձրացնում, բանակայինների ուսուցում, վերապատրաստում, զինվորականների պաշտոնեական առաջխաղացման ու նրանց բարձր աշխատավարձեր՝ արդյո՞ք սա նորմալ մակարդակում արվում է։ Այստեղ ունեմ էլի իմ վերապահումները, որովհետեւ սիգնալներ եմ ստանում զորքերից, որ շատ բաներ ձեւական մակարդակում են արվում, կամ էլ կառավարման որակի թերությունը, որը որ կա, չի կարող չարտացոլվել պաշտպանական համակարգում»,- կարծում է փորձագետը։