Ի՞նչ ընթացակարգով է քննվելու նախագիծը ՍԴ-ում

Ի՞նչ ընթացակարգով է քննվելու նախագիծը ՍԴ-ում

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ն 98 կողմ, 1 դեմ ձայնով քվեարկեց «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի օգտին։ Քվեարկությանը մասնակցեց 101 պատգամավոր, անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ։ Խորհրդարանում քննարկված որոշման նախագծի հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերեւույթ էական կարգապահական խախտումներն են: Դրանք են ՍԴ նախագահի եւ ՀՀԿ-ի փոխկապակցվածությունը, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի համընկնումը եւ այլն: Հիմքերը 4-ն են, մեկն էլ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապն է, որի մասին Թովմասյանը չի բարձրաձայնել՝ այդպիսով սեփական անձի՝ վարույթից հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելով:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի՝ դիմումը քննության ընդունելու պահից ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Մինչդեռ դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է վարձատրվել: Նույն օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող եւ օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում նրա պարտականությունները:  ՍԴ դատավորի պատշաճ ծանուցված՝ առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով: Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո, Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.
1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին
2) դիմումը մերժելու մասին։

Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ՝ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Սահմանադրական դատարանի մասին օրենքում  սահմանված է, որ գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, եւ գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: