1,5 տարի ուշացած արձագանք

1,5 տարի ուշացած արձագանք

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Հունաստանի Հայ կապույտ խաչից ստացված բժշկական բնույթի պարագաներ պարունակող 2651,32 կգ բեռը, որ ձեւակերպված էր «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով տրամադրել արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հաշմանդամություն ունեցող եւ այլ կարիքավոր քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Մի շտապեք ուրախանալ: Որոշումը «Կռվից հետո կամավորագրվել» կամ «Ճաշից հետո մանանեխ» տրամաբանության մեջ է: Որոշման մեջ գրված է, որ բժշկական բնույթի պարագաներ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնատար համալիր «Կարգոյում» կուտակվել է 2020 թվականի դեկտեմբեր-2021 թվականի հունվար հատվածում: Սույն բեռը մեկուկես տարի պահեստում է: Կառավարությունը չի հստակեցնում, թե ինչ պայմաններում են պահվել բժշկական բնույթի պարագաները եւ դրանք ինչ պարագաներ են, ինչու են հիմա որոշում կայացնում, ինչու չէր կարելի դա անել բեռը ստանալուն պես՝ մեկուկես տարի առաջ: Ցանկացած պարագա՝ պարեն, հագուստ, կոշիկ ունի պահեստավորման եւ պահպանման իր ռեժիմը:

Բժշկական բնույթի պարագաները տարբեր ռեժիմներ են ունենում: Եթե անգամ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնատար համալիր «Կարգոյում» պահպանվել են բժշկական բնույթի պարագաների ռեժիմները, այս պարագաները պիտանելիության ժամկետներ ունեն:

Կառավարության որոշման մեջ սրանց մասին հիշատակում չկա: Փոխարենը որոշման հիմնավորման մեջ գրել են, որոշումը կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի «Աղետներին դիմակայունության բարձրացում» տրամաբանության մեջ է: Մեկուկես տարի ուշացած արձագանքը, մեղմ ասած, չի նպաստում դիմակայունության բարձրացմանը: Ու տեղին է հարցնելը:
1. Ինչու չէր կարելի բեռը հանել պահեստից ու օգտագործել այն ստանալուն պես՝ մեկուկես տարի առաջ:
 2. Ստուգվե՞լ են արդյոք բժշկական բնույթի պարագաները ժամկետների ու պահպանման ռեժիմների հարթություններում:
 3. Կա՞ն ժամկետանց՝ փչացած պարագաներ:
 4. Եթե կան, ո՞վ է պատասխան տալու դրա համար: